RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016



ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-04-22 00:21:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 4929, Տպվել է` 505, Ուղարկվել է էլ.փոստով` 488

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԲԼԻՑԿՐԻԳԻ» ՏԱՊԱԼՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԻՆ ՍՊԱՍՎՈՂ ԽԱՅՏԱՌԱԿ ԿՐԱԽԸ

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան

2016թ. ապրիլի 1-ի - լույս 2-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախապես մշակած սցենարով սանձազերծեց մարտական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկայնքով: Ընդ որում հակառակորդը կիրառել է սպառազինությունների գրեթե ողջ համալիրըՙ այդ թվում զրահատեխնիկա, ծանր հրետանի եւ օդուժ:

Տեսնենք, թե հաջողության ինչ հավանականություն եւ ինչ ուժեր ունի մեր թշնամին, նման արկածախնդրության գնալով:

Արցախում ռազմագործողությունների նոր պոռթկումից ընդամենը երկուսուկես շաբաթ առաջՙ 2016թ. մարտի 16-ին, Ռուսաստանի Դաշնության Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ-ում սկանդալային համբավ ունեցող Ալեքսանդր Խրամչիխինը, ռուսաստանյան «Վոյեննո-պրոմիշլեննիյ Կուրիեր» պարբերականում հրապարակել էր ադրբեջանական բանակին նվիրված տեղեկատվական-վերլուծական հոդվածՙ շատ խոսուն վերնագրով. «Մեկ պատերազմի բանակը»: Ի՞նչ կարելի է հասկանալ այդ գուցե նաեւՙ երկիմաստ վերնագրից:

«Մեկ պատերազմի բանակ» ասելով Խրամչիխինը կարող էր նկատի ունենալ հետեւյալը.

1. Ադրբեջանական բանակը մեկանգամյա օգտագործման բանակ է: Այսինքն մեկ պատերազմ վարելուց հետո այն երկրորդի համար անընդունակ կլինի, եթե ընդհանրապես շարունակի գոյություն ունենալ:

2. Ադրբեջանական բանակը կարող է ընդամենը մեկ ռազմաճակատով պատերազմել, ի տարբերություն, ասենք, թուրքական բանակի, որը «երկուսուկես պատերազմի» բանակ է, այսինքն կարող է պատերազմել միաժամանակ, օրինակՙ Սիրիական եւ Հունական ռազմաճակատներում եւ զուգահեռաբարՙ իր տարածքի ներսում պատերազմ մղել քրդերի դեմ:

Ելնելով մեր պատմական փորձից, Անկարայի եւ Բաքվի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության մակարդակից եւ հաշվի առնելով թե՛ մինչեւ 2016թ. ապրիլի 1-ի - լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմի սկսած մարտական գործողությունները, թե՛ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները եւ կանխատեսելով հետագա հնարավոր զարգացումները, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն առնվազն երկու պատերազմիՙ 1.ադրբեջանական ուղղությամբ եւ 2.թուրքական ուղղությամբ:

Ոմանց կարող է թվալ, թե դա ուժից վեր խնդիր է մեր ռազմական ուժերի համարՙ ի դեմս ՀՀ Զինված ուժերի եւ Արցախի Պաշտպանական բանակի: Սակայն անդրադառնալով Հայաստանի անցյալ դարի ռազմական պատմությանը, տեսնում ենք, որ 1918-1920 թթ. դրամատիկ ժամանակաշրջանում, է՛լ ավելի ծանր դրության մեջ գտնվող եւ հենց նոր եղեռնի սարսափները ապրած ու դեռ ապրող հայ ժողովրդի կազմակերպած կանոնավոր ու կամավորական զինված ուժերը իրար հետեւից, իսկ երբեմն էլՙ միաժամանակՙ մեկից ավելի հայտարարված ու չհայտարարված պատերազմներ էին մղում (10 պատերազմ):

20-րդ դարի երկրորդ տասնամյակի այս դրամատիկ իրադարձությունների ֆոնի վրա ավելի լավ է հասկացվում այն դրամատիկ իրավիճակը, որը ստեղծվել է Մերձավոր Արեւելքի հյուսիսումՙ հայ-ադրբեջանական ռազմական բախման գոտում :

Պետք է հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության արեւմտյան սահմաններում, այսինքնՙ թուրք-հայկական, ուստի նաեւՙ ռուս-թուրքական պատերազմի սկսման հավանականությունը չէին բացառել տարբեր երկրների ռազմաքաղաքական վերլուծաբանները, ի դեպՙ նաեւ նույն ինքը վերոհիշյալ ռուսաստանցի վերլուծաբան Խրամչիխինը, ըստ որիՙ ռուս-թուրքական ռազմական հակամարտության սկսվելու դեպքում դա կարող է վերածվել նաեւ ռուս-ադրբեջանական հակամարտության: Իսկ այդ դեպքում, եթե ոչ ցավով, ապա գոնե անհանգստությամբ նկատել է ռուսաստանցի վերլուծաբանըՙ «գոյություն ունի այն բանի ոչ զրոյական հավանականությունը, որ Բաքվին վաճառված ռուսական մարտական տեխնիկան կպատերազմի ոչ միայն մեր մերձավորագույն դաշնակցի` Հայաստանի դեմ, այլեւ` ռուսական բանակի դեմ» : Անտարակույս, ադրբեջանական բանակը կարող է ռուսների դեմ կիրառել հենց Ռուսաստանից գնված ծանր զրահատեխնիկան եւ հեռահար հրթիռային սպառազինությունը:

Շատ նման է նաեւ 1833թ. իրավիճակին, երբ ցարական Ռուսաստանի նավատորմը եւ էքսպեդիցիոն բանակը փրկեցին Օսմանյան կայսրության գոյությունըՙ Փոքր Ասիայի կենտրոն հասած Եգիպտոսի ապստամբ փաշայի բանակից, իսկ օսմանցիները, որպես «շնորհակալություն» 1853-1856թթ. Ղրիմի պատերազմումՙ անգլո-ֆրանս-սարդինական զորքերի հետ միասին խայտառակ պարտության մատնեցին Ռուսաստանին: Ի դեպ, այն ժամանակվա ցար Նիկոլայ 1-ինն էլ, կարող էր գրավել ավելի ընդարձակ հայկական տարածքներ, սակայն «սիրախաղ» էր անում օսմանցիների հետՙ հայերի հաշվին: Արդյունքումՙ կորցրեց Սեւծովյան ռազմական տերության իր կարգավիճակը եւ ընկավ մահվան մահիճՙ կայսերական գահն ու իր ծանր ռազմաքաղաքական փորձառությունը փոխանցելով որդունՙ Ալեքսանդր 2-րդին:

Սակայն դարձյալ վերադառնանք 21-րդ դարի երկրորդ տասնամյակ: Ալ.Խրամչիխինը, փաստորեն քննադատելով սեփական պետությունը, իր հոդվածում հատուկ ուշադրություն էր դարձրել այն հանգամանքին, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի սպառազինության մեջ հայտնվել են ռուսաստանյան արտադրության «Տոչկա» մարտավարական հրթիռներ (12 արձակման կայանք): Դրանց հեռահարությունը կազմում է մոտ 120 կմ, իսկ միջուկային մարտագլխիկների ավերիչ ուժը (հուսանք, ՌԴ-ն դրանցից չի վաճառել Ադրբեջանին) հասնում է 10-200 կիլոտոննայի: Անշուշտ, «Տոչկան» զիջում է, ասենք ռուսական բանակի «Իսկանդերներին» (հեռահարությունըՙ մինչեւ 500 կմ, միջուկային մարտագլխիկների ավերիչ ուժըՙ 50-750 կիլոտոննա): Սակայն Ռուսաստանի ռազմական անվտանգության տեսակետից «Տոչկա» մարտավարական հրթիռների 12 արձակման կայանքը Ադրբեջանի ԶՈՒ-ին տրամադրելը դժվար թե արդարացված քայլ լինի:

Իսկ այժմ անդրադառնանք արդի ժամանակաշրջանի ռազմաքաղաքական կարեւորագույն զարգացումներից մեկինՙ ռուս-թուրքական հակամարտությանը:

Ռազմաքաղաքական վերլուծաբանների տեսակետները թեպետ կարող են տարբեր լինել այս հարցում, սակայն, մեր տեսակետից, երկու պետությունների միջեւ հասունանում է ռազմական հակամարտությունը, որը նրանք մղում են միջնորդավորվածՙ «պրոքսի» պատերազմներով: Օրինակՙ Սիրիական (ժամանակագրորենՙ թիվ 1) ռազմաճակատում Թուրքիան իր աշխարհաքաղաքական ծրագրերն է առաջ մղումՙ մարտնչելով «Իսլամական պետություն» կոչեցյալ ահաբեկչական կազմակերպություն - քվազի պետության ձեռքերով, իսկ Ռուսաստանը սատարում է Ասադին եւ նրա դաշնակիցներին, երբեմն էլ ուղղակիորեն ներգրավվելով հակամարտությանը:

Ուկրաինայում ռուս-թուրքական հակամարտությունը եւս առայժմ միջնորդավորված բնույթ է կրում: Արեւելաեվրոպական ռազմաբեմի «Ուկրաինական» ռազմաճակատում մի կողմից բախվում են Նովոռոսիայի 2 ինքնահռչակ հանրապետություններիՙ Դոնցեկի եւ Լուգանսկի կամավորական բանակները, մյուս կողմիցՙ Ուկրաինայի ուժայինները եւ վերջիններիս սատարողՙ Կիեւի ներկայիս իշխանությունների ռազմաքաղաքական դաշնակից Թուրքիայի ուղարկած «գորշ գայլերի» կամավորական ռազմաջոկատները: Ի դեպ, վերջիններիս համար նպատակային ուղղություն է Ղրիմի թերակղզին, որը 2 տարի առաջ վերամիավորվեց Ռուսաստանին, սակայն ներսում ունի մինչեւ 15 տոկոս մուսուլմանա-թաթարականՙ քանակական «արագ աճի ընդունակ» եւ թուրքամետ բնակչություն: Իսկ թուրքական հիվանդագին հավակնություններըՙ Սեւ ծովը դարձյալ դարձնել «թուրքական լճակ», ինչպիսին այն եղել է 1453թ. բյուզանդական մայրաքաղաք Կոստանդնուպոլսի զավթումից հետոՙ 300 տարի շարունակ, իհարկե, մեծացնում են ռուս-թուրքական բացահայտ բախման հավանականությունը: Մոսկվային, ըստ երեւույթին, չեն «հիացնում» նաեւ Անկարայի ռազմածովային ուժային ցույցերը, որոնց շրջանակներում, օրինակ, թուրքական նավատորմի մեկ մարտանավ եւ մեկ հետախուզանավ բոլորովին վերջերսՙ 2016թ. ապրիլի 4-ից 7-ն այցելել են Ուկրաինայի Օդեսա նավահանգիստըՙ համատեղ զորավարժություն անցկացնելու նպատակով: Իհարկե, պաշտոնական Կիեւը, Անկարայից լիովին գոհ, դա ընդունում է որպես թուրք-ուկրաինական ռազմական դաշինքի ամրացմանն ուղղված քայլ:

Եվ ահա Մերձավորարեւելյան ու Արեւելաեվրոպական ռազմաբեմերում աշխարհաքաղաքական նման զարգացումների ֆոնին Հարավային Կովկասում Թուրքիայի եւ համաշխարհային որոշ այլ ուժերի դրդմամբ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը բացել է եւս մեկ ռազմաճակատ ընդդեմ Ռուսաստանի: ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովը ապրիլի 4-ին հայտարարել է, թե, իբր, ՌԴ-ն չի մեղադրում ո՛չ Թուրքիային, ո՛չ որեւէ այլ պետությանՙ ադրբեջանա-արցախյան պատերազմը բորբոքելու համար: Սակայն, միաժամանակ, չի կարողացել չընդունել, որ կան ուժեր, որոնց ձեռնտու չէ Արցախի հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումըՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Վերջին տարիների եւ ամիսների արդյունքներից ակնհայտ է, որ հենց պաշտոնական Անկարան է շահագրգռված հակամարտության սրմամբՙ հուսալով վնասել ռուսական եւ հայկական շահերըՙ թեկուզ Ադրբեջանին զոհաբերելու գնով: Նման գործողությունների փորձ Թուրքիան կատարել է նաեւ 1917-1918 եւ 1920 թվականներին: Այն ժամանակ Բաքվի իր զինակից կովկասյան թուրքերի (կովկասյան թաթարների) ձեռքով նա պայթեցնել տվեց Բաքու-Թիֆլիս երկաթուղին, որպեսզի 1917-1918թթ. Եվրոպական ռազմաճակատից Կովկասյան ռազմաճակատ փոխադրվող հայկական մարտունակ զորամասերը (մոտ 10.000 փորձառու զինվոր ու սպա) չհասնեն Էրզրում եւ Վան: Նրանք մնացին Բաքվում եւ 1918թ. մարտից սեպտեմբերը հայկական իշխանության ներքո պահեցին այն ժամանակվա աշխարհի խորոշագույն նավթարդյունաբերական քաղաքը, ի դեպ դրանով իսկ, այնուամենայնիվ, նպաստելով գերմանա-թուրքական բլոկի պարտությանը 1-ին Աշխարհամարտում...

ՀՀ նախագահ, ԶՈՒ գերագույն գխավոր հրամանատար Ս.Սարգսյանը ապրիլի 4-ին ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ կայացած հանդիպման ժամանակ հստակորեն բացահայտել է Թուրքիայի խիստ բացասական դերը Ադրբեջանի սանձազերծած պատերազմում: Նա նշել է, թե «Թուրքիան, որը հաճախ հիշեցնում է իրՙ Մինսկի խմբի անդամակցության մասին, հանդես է գալիս տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրելու դիրքերից եւ բացահայտ քաջալերում է ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր քաղաքականությունը: Ադրբեջանը պարծենում է իրՙ իբրեւ թե արձանագրած հաղթանակով, իսկ Թուրքիանՙ շնորհավորում է նրան դրանում: Մինչ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, թեեւ միայն խոսքերով, Թուրքիան միակն է, որ աներկբա աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական արկածախնդրությանը: Անկարայի կողմից այս իրավիճակից առաջ եւ հետո կատարված հայտարարությունները, որոնցով այդ երկիրը կարծես թե իր հակահայկական մոտեցումներով փորձում է մրցակցության մեջ մտնել Ադրբեջանի հետ, կարող են ձեւավորել տարածաշրջանային լարվածության նոր օջախ, ինչի փորձը Թուրքիան ունի Մերձավոր Արեւելքում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին միջնորդների թվում տեսնել Թուրքիային, այսօր հասկանում են, որ «արյունակցական անվտանգության» մոտեցում որդեգրած այդ երկրին պետք է ընդհանրապես հեռու պահել ղարաբաղյան կարգավորման գործընթացից»:

Ինչեւէ: Ապրիլի 2-ին ռազմական գործողություններ ծավալվեցին Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ, վերջինիս նախաձեռնությամբ: Այսինքն ագրեսոր կողմը պաշտոնական Բաքուն է: Պատերազմը ադրբեջանա-արցախյան է, սակայն նույն օրը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հանձնարարեց ՀՀ ԱԳՆ-ինՙ պատրաստել ՀՀ-Արցախ ռազմական փոխօգնության պայմանագիր: Դրա արդյունքում, հավանաբար, կարող է ստացվել առնվազն երկու քաղաքական հետեւանք.

ա. Արցախը պաշտոնապես ճանաչվում է ՀՀ կողմից,

բ. պատերազմը պաշտոնապես վերածվում է ադրբեջանա-արցախա-հայաստանյանի:

Սա իր հերթին նշանակում է, որ պատերազմական գործողությունների ձգձգվելու եւ ծավալվելու դեպքում սկսելու են «աշխատել» հայ-ռուսական երկկողմ եւ ՀԱՊԿ բազմակողմ փոխօգնության պայմանագրային դրույթները, ինչպես նաեւ թուրք-ադրբեջանական երկկողմ եւ, ուշադրությո՛ւն, թուրք-ադրբեջանա-վրացական եռակողմ ռազմական փոխօգնության պայմանագրային դրույթները:

Դրանով իսկ պատերազմը կարող է վերածվել տարածաշրջանային բազմակողմ ռազմական լայնածավալ բախմանՙ համաշխարհային պատերազմի վերածվելու միտումով, քանզի թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական հաղթանակի մեջ ամենաքիչը շահագրգռվածներից մեկը մեր հարավային հարեւան Իրանն է, իր հզոր զինված ուժերով...

Իսկ թուրքական կողմին, տեսականորեն, օգնելու պատրաստակամություն պետք է հայտնեն առնվազնՙ

ա. 2015թ. դեկտեմբերի 16-ին ստեղծված սուննիա-իսլամական ռազմաքաղաքական դաշինքի 34 անդամներից գոնե երկուսըՙ Սաուդյան Արաբիան , միջուկային տերություն Պակիստանը ...

բ. 1952 թ. Թուրքիայի համար «հարազատ» դարձած ՆԱՏՕ-նՙ Հյուսիսատլանտյան կամ Վաշինգտոնյան Պայմանագրի կազմակերպությունը. ի դեպ, վերջինիս առաջատար անդամներըՙ ԱՄՆ -ը եւ Մեծ Բրիտանիան 1945-1953թթ. Թուրքիային հաջողությամբ փրկեցին Խորհրդային Միության վրեժխնդրությունից, այլապես վերջինի արդյունքում Հայաստանը պետք է հետ ստանար առնվազն Կարսի մարզն ու Իգդիրի գավառը, իսկ առավելագույնսՙ հավանաբար նաեւ Կարինի, Վանի, Մուշի նահանգները...

Տեսականորեն այսպիսի իրավիճակ կարող է առաջանալ Մերձավորարեւելյան ռազմաբեմի Կովկասյան ռազմաճակատում, որի հետ սերտորեն կապված են եւս երկու ռազմաճակատ: Մեկըՙ նույն ռազմաբեմի

Սիրիական ռազմաճակատն է, որտեղ 2011թ. մարտին քաղաքացիական խռովություններից («արաբական գարուն» կամ «նարնջագույն հեղափոխություն») ծագեցին զինված բախումներ, ապա լայնամասշտաբ ռազմագործողություններ, որոնք շարունակվում են մի կողմից ռուս-շիայական ռազմաքաղաքական դաշինքի (ՌԴ, Սիրիա, Իրան եւ այլք), մյուս կողմից հակաշիայական ուժերի (ԻՊ, ան-Նուսրա, իսկ միջնորդավորվածՙ Թուրքիա եւ այլք) միջեւ: Ընդ որում պատերազմը Սիրիական ռազմաճակատում կրում է հիբրիդային բնույթ, եւ մասնակիցներից շատերը (նույնինքն Թուրքիան եւ այլ պետություններ) պաշտոնապես հանդես են գալիս որպես ԻՊ-ի եւ նման այլ ահաբեկչական կազմակերպություն կոչեցյալ ռազմաքաղաքական գործիքների հակառակորդներ, իսկ փաստացիՙ որպես այդ նույն ահաբեկիչների դաշնակիցներ...

Մյուսը Արեւելաեվրոպական ռազմաբեմի Ուկրաինական ռազմաճակատն է: Թե ի՞նչ կարգի հիբրիդային եւ կոնվենցիոնալ պատերազմական գործողություններ են ընթանում այստեղ, ցույց են տալիս պատերազմի տեւականությունը (ի դեպ, սկսվել է նույնպես ապրիլի սկզբին, բայց 2014թ., եւ արդեն շարունակվում է 2-րդ տարին), ինչպես նաեւ երկու կողմերի կորուստների ահռելի քանակը: Դա ցույց է տալիս նաեւ Ուկրաինա-Նովոռոսիա անմիջական զինաբախման եւ, փաստորեն, Ռուսաստան-Արեւմուտք միջնորդավորված ռազմաքաղաքական հակամարտության ամբողջ դաժանությունը:

Եվ այսպես, Ուկրաինական ռազմաճակատում ՄԱԿ-ի տվյալներովՙ 2016թ. մարտի 23-ի դրությամբ առկա է մոտ 9.000 զոհված, մոտ 21.000 վիրավոր, մոտ 2,5 մլն փախստական, այդ թվումՙ մինչեւ 1,5 մլն «ներքին» փախստականՙ Ուկրաինայում, մինչեւ 1 մլնՙ արտերկրում, այդ թվումՙ ՌԴ-ում:

Ըստ գերմանական աղբյուրներիՙ 2015թ. փետրվարի 8-ի դրությամբ կողմերի զոհերն առավել մեծ են (միայն մոտ 50.000 զինվորական):

Ըստ ուկրաինական կողմիՙ 2016թ. փետրվարի դրությամբ Նովոռոսիայումՙ Ուկրաինայի դեմ ռազմագործողություններում ՌԴ-ն կորցրել է իր 8.000-9.000 կամավոր զինվորականների, իսկ Ուկրաինան կորցրել է զոհվածՙ ավելի քան 2.600 զինվորական, վիրավորՙ ավելի քան 9.000 զինվորական:

Ուկրաինայի ուժային կառույցներիՙ բանակի եւ ազգային գվարդիայի զորամասերի զրահատեխնիկայի անվերադարձ կորուստները կազմել են մոտ 970-1.000 միավոր:

Ինչու ենք այսքան անդրադառնում Ուկրաինական ռազմաճակատին: Քանզի այդ երեք ռազմաճակատները քաղաքական տեսակետից որոշ չափով կապված են միմյանց «հաղորդակից անոթների» նման:

Այսպիսով, Ռուսաստանի դեմ «կենաց-մահու» պատերազմ է մղվում երեք ռազմաճակատով: Ընդ որում, նա պատրաստվում է դիմագրավել իր հակառակորդներին եւս մեկ նորՙ 4-րդ ռազմաճակատումՙ Արեւելաեվրոպական ռազմաբեմի կենտրոնական ուղղությամբ (Բելառուս-Լեհաստան-Մերձբալթիկա):

Հավանաբար այդ նպատակով ՌԴ-ն վերստեղծել է 2 նորՙ գվարդիական տանկային եւ համազորային բանակ, որոնցից միայն առաջինի սպառազինության մեջ մոտ 600 արդիական տանկ կա (ավելի շատՙ քան ադրբեջանական ամբողջ զինուժում):

Ակնհայտ է, որ ՌԴ-ն պատրաստվում է լուրջ պատերազմի, այն էլՙ հարձակողական բնույթի, քանզի տանկային նման հզոր բռունցքները նախատեսված են հարձակողական պատերազմներ մղելու համար: Ինչպես հայտնի էՙ «լավագույն պաշտպանությունը հարձակումն է...»:

Ահա նման աշխարհաքաղաքական իրավիճակում էր ընթանում Արցախյան վերսկսված պատերազմը, որը 1994-ից ի վեր իրականում չէր էլ դադարել, այլ միայն ընդհատվել էր փխրուն զինադադարով ...

Ադրբեջանը, ինչպես նշել է ՀՀ Զինված ուժերի նախկին ԳՇ պետ, պաշտպանության նախարարի պաշտոնակատար գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, իրականացնում է «մարտով հետախուզություն»: Իրականում, Ադրբեջանի ձեռքով Հայաստանի ամրությունը եւ ռազմական հզորությունը շոշափում է Թուրքիան...

Այս պատերազմի վերսկսման գործում, հավանաբար, իր բացասական դերակատարությունն ունի նաեւ ԱՄՆ-ի քաղաքական վերնախավի մի մասըՙ փոխնախագահ Բայդենի գլխավորությամբ: Պատերազմից մի քանի օր առաջ նա Վաշինգտոնում հաղորդել է Իլհամ Ալիեւին, թե ԱՄՆ-ը կսատարի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որի ներքո Ալիեւը հասկանում է Արցախի վերադարձը Բաքվի վարչակարգի իշխանության ներքո:

Արեւմուտքի որոշ ուժեր եւ նրանց մերձավորարեւելյան դաշնակիցները, հավանաբար, փորձելու են պատերազմական վիճակ ստեղծել նաեւ Արեւելյան Եվրոպայի թեժ կետերից մեկումՙ Մերձդնեստրում, ինչպես նաեւ Հարավային Կովկասումՙ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Այսինքնՙ Ռուսաստանին ներքաշում են հիբրիդային պատերազմի մեջ մի քանի ռազմաճակատով: Նպատակըՙ հյուծել Ռուսաստանին թե՛ ռազմապես, թե՛ տնտեսապես:

Ռուսաստանցի որոշ ռազմաքաղաքական վերլուծաբաններ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ սկսվեց Արցախյան պատերազմի նոր փուլը, համեմատում են 1939թ. սեպտեմբերի 1-ի հետ, երբ Հիտլերը հարձակվեց Լեհաստանի վրա եւ սկսվեց 2-րդ Աշխարհամարտը... Ներկայումս ագրեսորի դերը ստանձնել է Ադրբեջանը, որի ղեկավարը փորձում է պատմության մեջ մտնել ամեն կերպ, երեւի թեկուզ 3-րդ Աշխարհամարտի սկզբնավորողի խայտառակ դերում: Բայց, ի տարբերություն Հիտլերի, եթե վերջինիս գոնե պատերազմի սկզբնական փուլումՙ մինչեւ 1941թ. աշունը, հաջողվում էր վարել իր հռչակավոր «բլիցկրիգը» (կայծակնային պատերազմը), ապա «ալիեւյան բլիցկրիգը» տապալվեց իր արյունալի արկածախնդրության հենց առաջին իսկ օրը...

Արցախից ու Հայաստանի մյուս բոլոր մարզերից ռազմաճակատ ժամանող հայ կամավորների հոսքն այնքան մեծ է, որ Ստեփանակերտի իշխանությունները ընտրում են ռազմական գործողություններին մասնակցելու համար միայն լավագույններին:

Իսկ ահա ադրբեջանցի ժողովրդի եւ բանակի ոգին երեւում է հետեւյալից:

Օրերս ադրբեջանական իշխանությունները գործի են դրել իրենց «արգելափակիչ ջոկատները», որոնք զանգվածաբար գնդակահարում են մարտից փախչող ադրբեջանցի զինվորներին: Իսկը 1994 թվականի ոճով... Ավելին, ըստ որոշ տեղեկություններիՙ թշնամին նախապես պայթեցնում է իր տարածքում գտնվող կամուրջները, որպեսզի, իբր, արգելի մեր զորքերի առաջխաղացումը:

Բաքուն եւ նրա հետեւում կանգնած Անկարան մեծ սխալ են գործել:

Հասկանալով, որ ՀԱՊԿ-ի անդամ, այն էլՙ այս տարվա նախագահող երկրիՙ ՀՀ-ի, ՌԴ-ի ռազմական դաշնակցի վրա հարձակումը կարող է հանգեցնել ռուսական զինուժի միջամտությանը, Բաքուն հարվածել է Արցախի Հանրապետությանը:

Պատմական անցյալը եւ ներկա աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական իրողությունները ճիշտ հասկանալու եւ կողմնորոշվելու դեպքում, հայ ժողովուրդը, հայկական պետականությունը եւ հատկապես մեր զինված ուժերը հաղթելու մեծ հավանականություն ունեն: Հայկական կողմը հաղթելու է, Արցախի անկախությունը ճանաչվելու է, իսկ ագրեսոր պետությունըՙ Անկարայի կամակատար Ադրբեջանը կանգնելու է լիակատար ռազմաքաղաքական կրախի առջեւ... Ամենայն հավանականությամբ, նույնպիսի կրախ սպասում է նաեւ Ադրբեջան արհեստական պետությունը ստեղծած երկրինՙ ռասիստական եւ ցեղասպան Թուրքիային, ընդ որումՙ բոլոր ռազմաճակատներում, այդ թվումՙ ներքինՙ քրդական...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ