ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԲԵՆ ԲԱՂԴԻԿՅԱՆԸ Հ. Ծ. Բերքլիում (Կալիֆոռնիա) 96 տարեկանում վախճանվել է ամերիկյան մամուլի ճանաչված դեմքերից` խոսքի եւ խղճի ազատության համար աննկուն պայքարող, «Ուաշինգտոն փոստ» թերթի խմբագիրներից Բեն Բաղդիկյանը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Ութ գրքերի հեղինակ, Բերքլիի Կալիֆոռնիա համալսարանի լրագրության բաժնի դեկան Բաղդիկյանը ծնվել էր Մարաշում (Կիլիկիա), 1920 թվի հունվարի 30-ին: Փոքր հասակում ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել, որտեղ Բենը 1941-ին ավարտել է Կլարք համալսարանը եւ աշխատանքի անցել Մասաչուսեթսի «Springfield Morning Union» թերթում որպես լրագրող: Պայքարել է չստուգված, անհիմն լուրերի, ինչպես նաեւ լրագրողների հանդեպ որդեգրված սահմանափակումների դեմ: Մասնակցել է Սուեզի (1956) եւ Վիետնամում ծավալված ճգնաժամային իրադարձությունների քննարկումներին: Նրա հեղինակած գրքերի թվում արժե հիշատակել «Առատության միջավայրում: Աղքատները Ամերիկայում» (1964), «Տեղեկատվական մեխանիզմները եւ նրանց ազդեցությունը մարդկանց եւ լրատվամիջոցների վրա» (1971), «Մեդիայի մոնոպոլիան» (1983) գրքերը: Իր ուսանողներին հորդորել է երբեք չմոռանալ, որ նրանց պարտականությունն է ծառայել ժողովրդինՙ ճշմարտությունն ասելով, եւ ոչ թե նրանց, ովքեր վճարում են իրենց ցանկացած տեսակետը հայտնելու համար»: |