RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016



Տեղադրվել է` 2016-04-22 00:21:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 4365, Տպվել է` 521, Ուղարկվել է էլ.փոստով` 507

ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՆՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ՉՈՒՆԵՑԱՆՔ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ամբողջ հայ ժողովուրդըՙ Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում, ապրիլի 2-5-ը ապրում էր արցախյան ռազմաճակատներով: Բոլորը մի կողմ էին դրել իրենց առօրյա գործերը, խնդիրներն ու մտահոգությունները եւ ցանկանում էին ինչ-որ բանով օգտակար լինել հիրավի որ հայրենական դարձած քառօրյա պատերազմին: Բնական է, որ այդ օրերին ոչ ոք չէր մտածում պատերազմի տնտեսական վնասների կամ տնտեսական կացության վրա դրա ունեցած ազդեցության մասին:

Այդուհանդերձ, պատերազմն ունի իր ֆինանսական կողմը: Հայկական եւ ադրբեջանական կողմերի ֆինանսական կորուստների մասին դեռ կխոսվի, չնայած արդեն իսկ կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմի կրած վնասը անհամեմատ ավելի մեծ է: Թե մեր բանակի կողմից խփված ավելի ժամանակակից ռազմական տեխնիկայիՙ ուղղաթիռներ, տանկեր, ծանր հրետանային միջոցներ եւ անօդաչու սարքեր, թե ոչնչացված դիվերսանտերի համար ծախսված գումարները ընդհանուր առմամբ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոնավոր դոլարներ կարող են արժենալ ադրբեջանական կողմի համար, չխոսելով հարակից վնասների մասին:

Բնական է, որ տնտեսական վնասներ ունեցանք նաեւ մենք եւ հատկապես բնակավայրերին հասցված գնդակոծությունների պատճառով: Եթե գումարային կորուստները դեռ հաշվարկման ենթակա են, ապա տնտեսության վրա այդ պատերազմի ունեցած անմիջական ազդեցությունը կարելի է տեսնել ֆինանսական շուկայի, ավելի կոնկրետՙ փոխարժեքի ցուցանիշներով:

Այսպես, ապրիլի 1-ին Հայաստանի Հանարապետությունում, ըստ Կենտրոնական բանկի, փոխարժեքը 480,6 դրամ էր 1 դոլարի դիմաց: Պատերազմական գործողությունների օրերին այն ցնցումներ չարձանագրեց, եւ ապրիլի 6-ին միջին փոխարժեքը կազմում է 1 դոլարը 482 դրամ: Այդ օրերի ընթացքում դոլարը թանկացել էր ընդամենը 0,3 տոկոսով: Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատերազմական գործողությունների ուժգնացումը, Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքի շնորհիվ դրամը բավականին արժեւորվել էր: Նրանց մեծ մասը ապրիլի առաջին օրերին արդեն վերադարձել էր իրենց երկիր: Դա պետք է բերեր դրամի արժեզրկման, քանի որ դոլարային կարճաժամկետ մեծ հոսքը դադարեց:

Դրամի արժեզրկմանը նպաստող գործոն էր նաեւ այն հանգամանքը, որ Կենտրոնական բանկը մարտի 29-ին եւս 0,25 տոկոսով իջեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Սակայն, չնայած այս երկու գործոնների ազդեցության, դրամը շարունակեց կայուն մնալ: Սա ցույց տվեց, որ չնայած Իրանից եկող զբոսաշրջիկների հոսքի նվազմանը եւ դրան հաջորդող պատերազմական գործողություններին, Հայաստանի տնտեսությունը ցնցումների չենթարկվեց: Ավելի ճիշտ կլինի ասել, խուճապային արձագանք չեղավ ոչ տնտեսվարողներիՙ բիզնեսի, ոչ սպառողներիՙ բնակչության կողմից:

Չփակվեցին խանութներ եւ արտադրություններ, չեղան ապրանքների զանգվածային եւ խուճապային գնումներ: Սա վկայում է մեր երկրի տնտեսական կացության նկատմամբ վստահության մասին, հակառակ ժամանակ առ ժամանակ բարձրաձայնվող դժգոհությունների: Ինչն էլ իր հերթին խոսում է տնտեսական կայունության եւ դրական զարգացումների մասին: Հակառակ դեպքում, մենք ականատես կլինեինք այլ կացության թե՛ ֆինանսական շուկայում, թե՛ մեր մոտեցումներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ