RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15 > #015, 2016-04-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016



Տեղադրվել է` 2016-04-22 00:21:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 4935, Տպվել է` 517, Ուղարկվել է էլ.փոստով` 505

Ո՞Վ ԷՐ ՄՈԴԵՐԱՏՈՐԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թե ով էր մոդելավորել ապրիլի1-ի լույս 2-ին սկսված եւ ապրիլի 5-ին մասամբ մարած ղարաբաղյան նոր` քառօրյա պատերազմը, ո՞ւմ էր հատկապես անհրաժեշտ տարածաշրջանային լոկալ բախումը, ում է հարկավոր եղել մեր արյան հաշվին մյուսին բան ապացուցել կամ ինչ- որ նոր կռվան ձեռք բերել, ո՞վ օգտագործեց Ադրբեջանի անհավասարակշիռ իշխանությանը, սա թողնենք փորձագետներիՙ ազնվորեն, առանց տարբեր շահերով շուլալվելու վերհանմանը:Ուղղակի նշենք, որ շահեր այս խնդրում կարող էին ունենալ Թուրքիան (որը բավական անկանոն շարժումներ արեց այդ օրերին, եւ նույնիսկ զինադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից մեկ օր հետո էլ Էրդողանի բերանով խրախուսում էր Ադրբեջանին, թե` մենք ձեզ հետ ենք), Թուրքիայի հետ լարված հարաբերություններ ունեցող Ռուսաստանը, ինչու չէ` նաեւ ղարաբաղյան կարգավորման մեջ դոմինանտ դեր ստանձնել ձգտող ԱՄՆ-ը: Վերջին երկուսի հերթապահ կենտ հայտարարությունները չլցրեցին վերջին պատերազմի չորս օրվա ընթացքում նրանց կողմից պահպանված մեծ լռության միջակայքը: Մանր-մունր, զենքի վաշխառու այլ շահառուներ էլ կարող էին ստանձնել մոդերատորի դերը: Կանգ առնենք ղարաբաղյան նոր` քառօրյա պատերազմի մի քանի պահերի վրա միայն:

Նոր ղարաբաղյան պատերազմը տեւեց չորս օր, ապրիլի 1-2-ի գիշերվանից մինչեւ ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի միջեւ ձեռքբերված զինադադադարի պայմանավորվածություն: Զինադադադարն էլ դեռ հակառակորդն անընդհատ խախտում է հիմա` նմանվելով նոպայից հետո մանրիկ ցնցումների մեջ ընկնող հիվանդի. շփման գծի հյուսիսային ուղղությամբ այս երկու օրը էլի կրակել են, տարբեր տրամաչափի արկեր նետել, շտապօգնության մեքենայի են խփել, 1 զոհ ենք ունեցել կրկին` շփման գծի հյուսիս-արեւելյան (Թալիշի) ուղղությամբ մահացու վիրավորվել եւ զոհվել է Արմեն Կառլեն Գասպարյանը, անգամ վարդենիսի ուղղությամբ են գնդակոծել: Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը եւս զինադադարի խախտման եւ դիվերսիոն փորձերի դեպքեր են գրանցվել:

ԼՂՀ պաշտպանության ուժերի լայնածավալ դիմակայությունը թշնամուն հետ շպրտեց իր դիրքերը` նրան հերթական անգամ հասկացնելով, որ հարցը ռազմական ճանապարհով լուծելու ադրբեջանական երազանքները սին են, ընդհակառակը` ադրբեջանական կողմի համար կարող են բերել վատ հետեւանքների: Ցավոք` զոհեր, անհայտ կորածներ եւ վիրավորներ ունեցանք: Մարդկային թանկ կյանքեր, որոնք ոչ մի բանով չեն փոխարինվի:

ԼՂՀ զինված ուժերի կորուստները երկու օր առաջվա տվյալներով հետեւյալն ենՙ 32 զոհված, որոնցիցի 8-ը` սպա, 24-ը ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներ,121 վիրավոր, որոնցից 24-ը` սպաներ են, 97-ը շարքայիններ: 25 անհետ կորածներ ունենք` շատ մեծ ցավ բոլորիս համար: Զոհերի մեջ կան քաղաքացիական անձինք, այդ թվում երեխա ու ծերեր, ընդ որում` քաղաքացիական անձանց հանդեպ Թալիշ գյուղում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ձեռագիր է կիրառվել:Ադրբեջանը կիրառեց նաեւ հակամարդկային զենք` հեռահար «Սմերչ» ռեակտիվ եւ «Սոլնցեպյոկ» հրետանային համակարգեր, որոնք նրան վաճառել է Ռուսաստանը: Օգտագործվել են նաեւ «Գրադ» հրթիռային կայանքներ, «ՏՈՍ-1» ծանր հրետանային համակարգ, 152 մմ տրամաչափի ծանր հրետանի, տարբեր տրամաչափի ականանետներ: Այս բավական նորացված արսենալին ի պատասխան մենք ունեինք մեր զինվորների ոգու կորովը նախ, եւ ապա, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել Անգելա Մերկելի հետ հանդիպման ընթացքում` անցած դարի ութսունական թվականների սպառազինություն: Բայց տեսանք, թե ինչպես կատաղած շանը քշեցինք իր բունը: Ադրբեջանը կորցրել է երկու տասնյակի հասնող տանկեր, երկու հարվածային ուղղաթիռ, անօդաչու սարքեր, երկուհարյուրից ավելի զինվորներ` արկածախնդրության համար վճարելով տասնապատիկ թանկ:

Նախօրեին ադրբեջանաթուրքական զինավարժություններ են եղել շփման գծին մերձ տարածքում, այս լուրը ես քաղել եմ ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եւսեեւի հարցազրույցից` ռուսական լրատվամիջոցներին: Ադրբեջանական ուժերի մեջ թուրքական վարձկաններ կային, նրանք եղել են հրահանգիչներ: Ընդ որում` ադրբեջանական կողմը անցել է ողջամտության ամեն սահման` Ստեփանակերտին հարվածելու սպառնալիքներ են հնչել, առանց հաշվի առնելու, որ եթե այդպիսի բան լիներ` հայկական կողմն անմիջապես շարքից կհաներ սահմանից ոչ հեռու գտնվող բոլոր գազանավթախողովակները, ապա եւ` պատասխան հարված կհասցներ Ադրբեջանի քաղաքներին:

Արդեն իսկ հայկական զույգ պետությունների պաշտպանական գերատեսչություններն անուն առ անուն ներկայացրել են շփման գծում հերոսաբար կռված ու զոհված մեր հերոսներին, որոնցից շատերը հաճախ քաջության անգերազանցելի օրինակներ տվեցին, հերոսներ եղան, որ կռվեցին տասնյակ անգամ գերակշիռ հակառակորդի դեմ, նրա՛նց ենք պարտական այս հարաբերական զինադադադարի համար: Ասենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Հայաստանի զինվորական ղեկավարության նպատակասլաց գործողությունները բոլորի համար էին տեսանելի, ինչպես նաեւ տեղի ունեցողը հանրության հասցնելու տեղեկատվական խողովակի փայլուն գործունեությունը, հատկապես նկատի ունենք ԼՂՀ համապատասխան կառույցները, Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունն ու նրա ղեկավար Արծրուն Հովհաննիսյանին (ի դեպ` նրա անընդհատ թարմացվող ֆեյսբուքյան էջը մուտքի պատուհան ուներ եւ դեռ ունի «Ազգի» կայքէջում):

Սակայն զուգահեռ չի դադարում հնչել նաեւ այն հարցը, թե ինչպես է հնարավոր եղել առաջին ժամերին այդքան զոհ ու վիրավոր ունենալ, եթե մենք ամեն րոպե պատրաստ պետք է եղած լինեինք այդ կարգի գործողությունների, մանավանդ ամեն ինչ մատնացույց է անում, թե Ադրբեջանն ինչ լայնածավալ պատրաստության է բերել իր զինուժը ապրիլի մեկից օրեր առաջ, անգամ Արցախի հետ շփման գծի երկայնքով թուրք հրահանգիչների մասնակցությամբ զորավարժություններ է իրականացրել: Եւ առհասարակ` միթե անսպասելիության հասկացությունը կա լարվածության այնպիսի գոտում, որտեղ ամեն կարեւոր արտաքին քաղաքական իրադարձության ադրբեջանական կողմը միշտ արձագանքել է կրակոցներով ու պատերազմական վիճակին հատկանաշական պահվածքով: Կամ վիզուալ էլ` թշնամու կիրառած ծանր տեխնիկան, զանազան մարտական միջոցները շփման գծին մոտեցելը չէր կարող աննկատ լինել, ուրեմն եւ` մեր կողմից հակամիջոցների պատրաստմանը նպաստել, ինչպե՞ս ենք այսքան զոհ ունեցել: Զարմանալի է անգամ, որ ԼՂՀ նախագահի հրավիրած անվտանգությաան խորհրդի նիստը ապրիլի 1-ի լույս 2-ի կես գիշերին է եղել, եւ ոչ թե, ասենք, մարտի 29-30-ին:Մանավանդ` հենց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր ասում, թե այսպիսի լայնածավալ գործողությունները վկայում են, որ թշնամին նախապատրաստվել է, մերոնք էլ պատրաստ են եղել, դրա համար էլ կարողացել ենք դիմագրավել:

Նախորդած բոլոր կարեւոր ու անկարեւոր իրադարձությունների պատկերն ու ինչուների պատասխանը հետոյի համար արժե ունենալ, մանավանդ որ ամեն ինչից երեւում է` հարեւան երկրի հիվանդ ղեկավարությունը հետեւություններ չի անում, վիճակը կարող է կրկնվել: Իշխանական մեր աղբյուրներից ստացված լուրերով` խնդիրը նաեւ Հայաստանի նախագահին է մտահոգել, անգամ նա չի թաքցրել այդ առթիվ իր զայրույթը, ինչը մեր աղբյուրներին համար ենթադրության հիմք է,այդ զայրույթը համարժեք քայլերով կարտահայտվի ռազմական ոլորտում որոշ պատասխանատուների փոփոխություններով:

Քառօրյա այս պատերազմը բոլորիս փոխեց

Այս օրերին բազմաթիվ հարցեր են հնչում, որոնցից առաջիններից մեկն է նաեւ մեր զոհված ու վիրավորված հերոսների արժանի գնահատումը, նրանց ընտանիքներին բարոյական, ֆինանսական լիարժեք աջակցության ցուցաբերումը: Այդ հարցը նաեւ խորհրդարանում բարձրացվեց` Մարգարիտ Եսայանը վարչապետին հարցրեց, թե արդյոք զոհված զինվորների վարկերը պետությունը կամ բանկերը կարո՞ղ են վերցնել իրենց վրա: Վարչապետը խոստացավ` աշխատանքային խումբ կա, համակարգում է հախուռն օգնությունն Արցախին, բանկերի վարկերի մասով էլ պետք է քննարկվի ու վերլուծվի, թե ինչ կարգի է խնդիրը եւ ինչ անել:

Հարցեր կան նաեւ այն առթիվ, որ միջազգային ատյաններում ինչպես հետապնդել քառօրյա պատերազմում Ադրբեջանի հանցավոր գործողությունների վերաբերյալ հայցերը: Առհասարակ` այս քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից բոլոր միջազգային պայմանագրերով նախատեսված դատապարտելի արարքների վերաբերյալ ողջ փաստական նյութը հայ դիվանագիտական միտքը պետք է կարողանա օգտագործել: Չստացվի այնպես, որ զիվորն իր արյունով հաղթի, իսկ դիվանագիտական կորպուսը չօգտագործի հաղթանակի ռեսուրսը: Տեսեք` միայն Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պարզաբանումները խորհրդարանում միջազգային ատյաններին դիմելու որքան մեծ նյութ են պարունակում, թեկուզ այն, որ Ադրբեջանը ահաբեկիչների ու վարձկանների ծառայություններից է օգտվել, կամ խաղաղ բնակչության հանդեպ ահաբեկչական արարքներ գործադրել:

Հարցերի հարց է ԶՈՒ տեխնիկական արդիականացման խնդիրը, թե չէ անեկդոտի երանգ է արդեն ստանում պատերազմում իրապես տեղի ունեցածը` բարձր տեխնոլոգիաներով իսրայելական անօդաչու սարքը մեր հովիվներն արդեն որսորդական հրացանով են ցած բերում: Իսկ որ մեր զենքն ու անվտանգության տեխնիկական միջոցները, մեղմ ասած, արդիական չեն, այդ առթիվ անգամ Հայաստանի նախագահը չթաքցրեց դառնությունը Բեռլինում,ապրիլի 6-ին,Անգելա Մերգելին հետ հանդպմանը.«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք ՀԱՊԿ անդամ երկրներ ենք, եւ մեզ համար իրոք ցավալի է, որ Ռուսաստանն ու ոչ միայն Ռուսաստանը, այլեւ նույն կազմակերպությունում մյուս անդամները զենք են վաճառում Ադրբեջանին», ասել էր նա` հավելելով, որ Ադրբեջանը ժամանակակից զենք ունի ու վերջին պատերազմում կիրառեց դա, իսկ հայերը կռվում են 1980-ական թվականների զենքով, չնայած որ մեր զենքը նախ սեփական երկիրը թշնամուց պաշտպանելու բարոյական բարձր գիտակցությունն է նաեւ:

Մեր անելիքների բացվածքով կարեւոր համարենք նաեւ Ս. Սարգսյանի այն խոսքը, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, անտեսելով միջազգային հանրության` խաղաղությանն ուղղված ավելի քան քսան տարվա ջանքը, Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով ռազմական գործողություններ եւ խաղաղ բնակչության դեմ հարձակում սկսելով` Ադրբեջանը տարածաշրջանը վերածել է Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի, այս արգումենտը եւս պետք է դրվի միջազգային ատյաններում մեր մարտերի հիմքում:

Այս պահին հնարավո՞ր է ԼՂՀ ճանաչումը Հայաստանի կողմից, եւ ի՞նչ կտա դա մեզ

Այս հարցը կրկին օդում է վերջին օրերին եւ պատասխան է ուզում, մանավանդ որ պատերազմի առաջին տաք օրերին Հայաստանի նախագահը ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպմանը դիվանգիտական լեզվով սպառնալիք հնչեցրեց, թե մեկ անգամ չէ, որ հայտարարել է` լայնածավալ հարձակման դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը ու ռազմական համագործակցության պայմանագիր կկնքի: Ավելին` նա հանձնարարել է ԱԳՆ-ին` աշխատել Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծը պատրաստելու վրա: Եթե այս սպառնալիքը միացավ հայ զինվորի հաղթանակին եւ ազդեցություն գործեց, միգուցե իմաստ ունի ոչ պաշտոնական մակարդակով հնչեցնել նաեւ Բագրատյանի սպառնալիքը` թե մենք պետք է միջուկային զենք ունենանք ու ադրբեջանցիներին կերակրենք ստրոնցիումի նախաճաշով:

Համենայն դեպս` ամեն ինչից երեւում է, որ ԼՂՀ ճանաչման սպառնալիքը դեռ իրականություն դարձնելը իշխանական շրջանակները վաղ են համարում, քանի որ դա կհամարվի դուրս գալ բանակցություններից, մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, թե պետք է անհապաղ նստել բանակցությունների` միգուցե նաեւ այդ սպառնալիքի հետեւանք էր:

«Ժառանգություն» խմբակցությունը ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու օրինագիծ է կրկին դրել շրջանառության մեջ Ազգային ժողովում:ԵԱՀԿ Մինսկի խմբի ադամներն ապրիլի 9-ին ժամանում են Երեւան, հետո կգնան Արցախ, ապա` Բաքու: Չգիտենք` ինչ կարող են անել նրանք հայտարարություններից զատ,բայց եթե նույնիսկ մի փոքրիկ հնարավորություն կա բանակցություններով ինչ- որ առաջընթաց գրանցելու, հայկական զույգ կողմերը այդ հնարավորության կողմնակից են, մանավանդ` հիմա պետք է կարողանալ օգտագործել հայ զենքի վերջին հակահարվածի զորությունը, ու հայ զինվորի հաղթանակը դիվանագիտական մակարդակում կուտ չգցել: Այնպես որ այս պահին միգուցե արժեր, որ «Ժառանգությունը», գործողությունների միասնական մոտեցման գաղափարը չվնասելու համար, ձեռնպահ մնար նման օրինագիծ ներկայացնելուց` մեկ ուժի խնդիր չէ դա, այլ բոլորի, ու պահի նպատակահարմարության, իսկ պահն ամեն վայրկյան նոր հրամայականներ կարող է ունենալ: Չնայած նաեւ դժվար է չհամաձայնել այն տեսակետների հետ, որ Ադրբեջանը երբեք խելքի չի գալիս` որքան էլ զոհ տա ու պարտվի, ու նորից գլուխը խփում է մեխին, այն է` հայ զինվորի հզոր պատասխանին, եւ դա էլի է անելու, այնպես որ արժեր հակահարվածով խորանալ դեպի Ադրբեջան, ինչը փաստորեն ողջ չորս օրերին արյունահեղությունը կանգնեցնելու համար որեւէ գործուն միջոց չձեռնարկած Մոսկվան է կասեցրել: Բայց միեւնույն ժամանակ մենք պետություն ենք, ոչ թե ռազմական ռեժիմ, ու քանի չենք սպառել դիվանագիտական հնարավորությունները` մեզ վրա չենք վերցնի բանակցություններից դուրս եկողի ու լայնածավալ պատերազմ վարողի կլիշեն: Սպասենք մի փոքր` Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը գա-գնա, տեսնենք` ի՞նչ են խոսելու ԵԱՏՄ երկրների վարչապետների` ապրիլի 12-ին կայանալիք նիստին, հետո արդեն կհասկանանք, թե ում հանդեպ ոնց պահենք մեզ այն չորս ճակատում, որը խորհրդարանում Մհեր Շահգելդյանն էր ձեւակերպում` ռազմական, դիվանագիտակաան, տնտեսաարդյունաբերական եւ տեղեկատվական:

Իսկ ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնության մասին պայմանագիր մենք շատ ավելի արագ կարող ենք կնքել, քանի որ միջազգային պայմանագրերով ու մեր օրենսդրությամբ չճանաչված պետության հետ դա կարող ենք անել, դա կերաշխավորի Արցախի անվտանգությունն արդեն դե յուրե:

Հ.Գ.- Վերջում առաջարկ. մի շատ սիմվոլիկ գումարով, որ ամեն ամիս կմուծենք բոլոր հայերս որպես հիմք,ասենք` հինգհարյուր դրամ, ստեղծենք մի հիմնադրամ, որը միջոցներ կկուտակի ե՛ւ հայոց սահմանների տեխնիկական արդիականացման, ե՛ւ հայ զինվորի, առանձնապես զոհվածների ընտանիքներին եւ վիրավորվածների սոցիալական, բուժական խնդիրները լուծելու համար: Վստահ եմ` այս հիմնադրամին նվիրատվություններ կանեն ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Սփյուռքի մեծահարուստները. դա նվազագույնն է, որ նրանք կարող են անել հայոց սահմանների պաշտպանունակության համար:Իսկ հիմնադրամի տնօրինումն այնքան թափանցիկ եւ վերը նշված նպատակներով պետք է լինի, որ ոչ մի կասկածի տեղիք չտա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ