ՀՆԴԿԱՍՏԱՆԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐՈՒՄ ԱՆԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ, ՀՊՄՀ ուսանող Հայկական ռեզինե սերիալներից մինչեւ հնդկական խոցված ճակատագրերը Հայկական հեռուստաեթերում սերիալները մուտք գործեցին այն ժամանակ, երբ ընդունվեց օրենք, ըստ որիՙ հեռուստաալիքները պետք է 35% սեփական արտադրանք տան: Նախապատվությունը տրվեց «բազմաբովանդակ» ռեզինե սիրավեպերին, որոնք լրացնում էին սեփական արտադրանքի պակասորդը, բացի այդՙ շատ ծախսատար չէին: Այսօր հեռուստաալիքների հիմնական արտադրանքը շարունակում է մնալ ցածրորակ, միագիծ սերիալը: Այսուհանդերձ, չնայած առկա մի շարք թերություններին, դրանք ավելի գերադասելի են, քան վերջին շրջանում արված «նորամուծությունը»: 2016 թվականի սեպտեմբերից սկսած մեկը մյուսի հետեւից հայկական եթերում հայտնվեցին հնդկական արտադրության մի շարք հեռուստասերիալներ: Այս պահին հնդկական հեռուստասերիալներն իրենց դիտողականության վարկանիշով առավել առաջ են, քան հայկական արտադրության որեւէ հեռուստասերիալ: Ըստ «Admosphere Armenia» ընկերության հեռուստաեթերի մոնիտորինգի տվյալներիՙ ամենավարկանիշայինը հնդկական «Մերժվածը» հեռուստասերիալն է, որին հաջորդում են «Թռիչք»ն ու «Ի՞նչ կոչել այս սերը»: Ինչպես շատ սերիալներ, սրանք նույնպես հավանաբար կրում են որոշակի սոցիալական ուղերձ, օրինակՙ սելեկտիվ աբորտի խնդիր, բարձր եւ ցածր դասի ներկայացուցիչների շփում ու բախում, անհավասարության դրսեւորումներ, անչափահասների եւ երեխաների ամուսնության խնդիր եւ այլն. սակայն թեմաներն այնքան խճճված են, որ այդ ուղերձը կորչում է եւ մնում աննկատ: Իսկ ինչո՞ւ են հայկական հեռուստաալիքները, կրկնօրինակելով մեկը մյուսին, սեփական արտադրանքի փոխարեն նախընտրում ցուցադրել հնդկական արտադրության սերիալներ: Ճշմարտությունը մի քանի կողմ է ունենում, բայց դրանցից համոզիչը կարող է լինել դրանց շահավետությունը: Լինելով քիչ ծախսատար եւ հետեւաբար նաեւ մատչելի արտադրանք, ինչպես նաեւ կրելով մարդկային հարաբերությունների (կին-տղամարդ, կին-ամուսին, կին-սկեսուր, կին-հասարակություն), սպասումների եւ ապրումների տարրերՙ հնդկական սերիալները գրավում են տարբեր երկրների սպառողական շուկան, այդ թվումՙ հայկականը: Բացի այդ, հնդկական սերիալները հայկական սերիալներից մի փոքր առավելություն ունեն, այն առումով, որ եթե հայկական սերիալների ձգվում են 1-ից 1,5 տարի, ապա հնդկականները գերազանցելով հայկականին, ավելի երկար ենՙ 2 տարի կամ նույնիսկ ավելին: Օրինակ, վարկանշային ցանկում առաջատար «Մերժվածը» ունի 1549 սերիա: Մարդիկ, ովքեր սովորել են կյանքի արագ տեմպին, քայլում են ժամանակին համընթաց, կյանքը կանգ է առնում մերժված Իչայի կյանքի 1549 սերիաների սրտաճմլիկ տեսարաններում: Իսկ ինչպիսի՞ն են այս սերիալների որակական հատկանիշները: Դե իհարկե «գերազանց»: Փոխանակ առաջ գնալուն, հեռուստաալիքները հետ են նայումՙ դեպի հեռավոր Հնդկաստան, որտեղ հետամնացության ընդհանուր, կրկնում եմՙ ընդհանուր մակարդակը ավելի բարձր է, քան Հայաստանում: Ավանդական բարքեր, կրկնվող կադրեր, առաջ չգնացող եւ ծամված պատմություններ, ստրկություն, դասակարգային բաժանումների սուր դրսեւորումներ, անարդարություն. ահա սա է հնդկական սերիալների հիմնական իմաստըՙ համեմված չարի եւ բարու մշտարթուն պայքարով: Հայկական սերիալային պատմությունը շատ նման է հնդկականինՙ նույն դեմքերը, կրիմինալ սյուժետային գծերը, գողությունը, սպանությունը, դավաճանությունը, խավերի կռիվը եւ այլն: Երեւի դա է պատճառը, որ հնդկական սերիալները վարկանշային շարքում բարձր հորիզոնականներ են գրավում: Իսկ ինչպե՞ս է ընդունում հասարակությունը: Ինչպես միշտ, հեռուստադիտողը «ձայնազուրկ» է եւ բավարարվում է նրանով, ինչ առաջարկում է հեռուստատեսությունը: Նրանց, ում դուր չի գալիս հնդկական սերիալների նորամուծությունը հայկական հեռուստաեթերՙ չի դիտում, անտարբեր է, քանի որ չկա ստիպողականություն: Բայց «Admosphere Armenia» ընկերության մոնիտորինգի արդյունքը ցույց է տալիս, որ հասարակության մեծ մասը սիրով եւ մեծ բավականությամբ է դիտում այդ սերիալները: Թե ի՞նչն է այդպես գրավում մարդկանց, պրոֆեսոր Շոմա Մունշին («Հեռակառավարման վահանակ. հնդկական հեռուստատեսությունը նոր հազարամյակում եւ փրայմ-թայմ հեռուստասերիալները հնդկական հեռուստատեսությամբ» գրքի հեղինակ) ասում է, որ հնդկական սերիալներն ունեն մեկ գլխավոր սյուժե եւ բազում ենթասյուժեներ, վերելքներ եւ վայրէջքներ, ապօրինի կապեր եւ հարաբերություններ, որոնք էլ դիտողին պահում են հեռուստացույցին գամված: Դրանց մեծ երկրպագուները հիմնականում տնային տնտեսուհիներն են եւ տարեց մարդիկ: Ի՞նչ են տալիս հնդկական սերիալները հայ հեռուստադիտողին: Հավանաբար գրեթե նույնը, ինչ հայկական սերիալները: Մի՛ քիչ ավել, մի՛ քիչ պակաս, այդքան էլ շատ չէ տարբերությունը: Նմանատիպ թե՛ հայկական, թե՛ հնդկական սերիալները մարդկանց վրա բացասական ազդեցություն են ունենում, եւ հեռուստատեսությունը, որ պետք է կրթի հասարակությանը, հակառակ ազդեցությունն է ունենում: Մտահոգիչ է հատկապես այն փաստը, որ հնդկական սերիալները այդքան մեծ թվով են ցուցադրվում, այն էլ երեկոյան ժամերին: Փրայմ թայմը «գրաված» հնդկական, ներառյալ ոչ պակաս առատությամբ հայկական սերիալները, հեռուստադիտողին հեռացնում են մի շարք կարեւոր սոցիալական խնդիրներից եւ իրադարձություններից: Եվ այն կարեւոր «թեժ» ժամերին, երբ պետք է ցուցադրվի ամենաէականն, ինչպիսիք ենՙ լրատվական, հասարակության հուզող հարցերին վերաբերող հաղորդումները, ցուցադրվում է սերիալՙ կտոր մը Հնդկաստան հայկական հեռուստաեթերում: |