Ո՞ՒՐ ԿՈՐԱՎ 2000-ԱԿԱՆՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ «ԲՈՒՄԸ» ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ոլորտի համակարգված եւ կայուն զարգացման համար լուրջ խթաններ են անհրաժեշտ Շատ ժամանակ չի անցել 2000-ականների շինարարական «բում»-ի տարիներից: Այդ ժամանակ շինարարությունը Հայաստանի երկնիշ տնտեսական աճի լոկոմոտիվն էր: Սկսած 2002-ից, այս ճյուղն աճում էր թռիչքային տեմպերով, եղան տարիներ, երբ աճի տեմպը հասնում էր 30-45 տոկոսի: Դրա արդյունքում 7 տարվա ընթացքումՙ 2002-ից 2008-ը, շինարարության ծավալներն ավելացան 5 անգամՙ 166 մլրդ դրամից հասնելով 858 մլրդ դրամի: Թե պետական ծրագրերըՙ միջպետական ճանապարհների լայնածավալ վերականգնում, ջրատարների կառուցում, աղետի գոտու մասնակի վերականգնում, թե մասնավոր խոշոր նախագծերըՙ Հյուսիսային պողոտա, Գլխավոր պողոտա եւ այլն, Հայաստանը դարձրել էին մի մեծ շինհրապարակ: Սակայն 2008-ի վերջերից մեծ արագությամբ առաջ սլացող շինարարությունը կտրուկ արգելակեցՙ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ալիքները հասան նաեւ Հայաստան: Ճգնաժամի ամենածանր հարվածը ընկավ հենց երկնիշ տնտեսական աճ ապահովող հիմնական ճյուղիՙ շինարարության վրա, որի ծավալներն արդեն 2009-ին նվազեցին ավելի քան մեկ երրորդով, հասնելով 588 մլրդ դրամի: Տարեց տարի նվազման տեմպը խորացավ: Անցյալ տարիՙ 2016-ին իրականացված շինարարության ծավալները կազմեցին ընդամենը 397 մլրդ դրամ: Սա ավելի քան կրկնակի ցածր ցուցանիշ էր շինարարության ծավալների գագաթնակետային տարվաՙ 2008-ի համեմատ: Դատելով այս ցուցանիշներից, կարելի էր փաստել, որ շինարարության ոլորտի վերականգնման ուղղությամբ վերջին տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունների ջանքերը կա՛մ բավարար, կա՛մ արդյունավետ չեն եղել եւ կամՙ այդ երկուսը միասին: Ճգնաժամային 2009-ին Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության կողմից շինարարությունը խթանելու նպատակով կառուցապատողներին որոշակի հարկային արտոնություններ տալու մասին նախագիծ դրվեց շրջանառության մեջ, բայց անհասկանալի պատճառներով այն այդպես էլ կյանքի չկոչվեց: Այս ոլորտում վերջին տարիների պետական ծրագրերից թերեւս կարելի է առանձնացնել միայն աղետի գոտու բնակարանաշինական խոշոր ծրագիրըՙ 80 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Դրա իրագործմամբ երկրաշարժից տուժած մոտ 5 հազար ընտանիքներ վերջապես բնակարան ստացան: Սակայն անգամ այդ պետական ծրագիրը չբերեց շինարարության ոլորտի ցուցանիշների էական բարելավման: Ճգնաժամի պատճառով 2009-ին անշարժ գույքի շուկան նույնպես հայտնվեց վատթար վիճակում: Հետագա տարիների տնտեսական աճի ցածր տեմպերը եւ շարունակվող արտագաղթը հնարավորություն չտվեցին վերականգնելու միմյանց փոխկապակցված շինարարության աճի տեմպերն ու անշարժ գույքի շուկայի աշխուժությունը: Հարց է առաջանումՙ հնարավո՞ր է վերականգնել դրանք հիմա: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի տեղեկացմամբ, ներկայումս շինարարությունում 200-250 մլն դոլարի ներդրումային ծրագրեր կան, չհաշված մոտ 300 մլն դոլար արժողությամբ 33-րդ թաղամասի («Ֆիրդուսնոց») կառուցապատման ծրագիրը: Վերջինիս իրագործումը, ըստ կոմիտեի նախագահի, կսկսի առաջիկա ամիսներին: Սակայն ոլորտում համակարգված եւ կայուն զարգացում ունենալու համար անհրաժեշտ են լուրջ խթաններ կիրառել, ինչի հնարավորությունները կառավարությունում վերջերս քննարկել են վարչապետ Կարեն Կարապետյանը եւ շինարարական ընկերությունների ներկայացուցիչները: Կառուցապատողները ներկայացրել են այն խնդիրները, որոնք խոչընդոտում են այս ոլորտում աշխուժության եւ ակտիվության վերականգնմանը` hարկային վարչարարության մեխանիզմների պարզեցում, թափանցիկության ավելացում, հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազեցում, կառուցապատողի կողմից ենթակառուցվածքներով ապահովում, տեղական ընկերությունների խրախուսումՙ ռեյտինգավորման մեխանիզմի կիրառմամբ, պետություն-մասնավոր հատված համագործակցություն եւ այլն: Կարեն Կարապետյանը խոստացել է, որ կառուցապատողների ներկայացրած բոլոր առաջարկությունները քննարկվելու են եւ համապատասխան արձագանք ստանալու: Կոնկրետ ի՞նչ կառաջարկվի կառավարության կողմից կառուցապատողներին, ե՞րբ դա տեղի կունենա եւ ինչպե՞ս կարձագանքեն այդ առաջարկներին վերջիններս, առայժմ անհայտ է: Պարզ է, որ շինարարական «բում»-ը այն տարիների տեմպերով հազիվ թե հնարավոր լինի վերակագնել, բայց հրատապ քայլեր են անհրաժեշտ գոնե որոշակի աճի տեմպ հաղորդելու եւ այդ տեմպը կայուն աճի միտում դարձնելու ուղղությամբ: Այդպիսի մի քայլ կատարվեց մարտի վերջինՙ գծային ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները կառավարության որոշմամբ դասվեցին նախագծման թույլտվություն կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք չպահանջող շինարարական աշխատանքների շարքում, որի արդյունքումՙ շինթույլտվությունների համար նախատեսված` 20 օրվա փոխարեն դա տեղի կունենա 3 օրում: Հարկ է նշել, որ շինարարության զարգացումը պակաս կարեւոր չէ արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացումից: 2000-ականներին այս ճյուղն իր հետեւից տանում էր տնտեսության մյուս ճյուղերին, հատկապես շինանյութերի արդյունաբերությանը, ծառայություններին եւ առեւտրի ոլորտներին: Այն լուծում է կարեւոր սոցիալական խնդիրներՙ տղամարդկանց համար նոր աշխատատեղերի բացում, նոր շինությունների, այդ թվում բազմաբնակարան շենքերի կառուցում եւ բազմաթիվ ընտանքիների բնակարանային խնդրի լուծում, նպաստում զբոսաշրջության եւ այլ ծառայությունների զարգացմանը: Մնում է միայն հուսալ, որ այս անգամ կառավարության ջանքերն ավելի կոնկրետ կլինեն եւ տեսանելի արդյունք կտան: Այսինքն, շինարարության անկումը նախ կդադարի, ապա հիմքեր կստեղծվեն աճի համար: |