RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-05-25 23:02:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 8947, Տպվել է` 487, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՄԱՆՐՈՒՔ» ԲԱՆԵՐ-2

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Այնպես պատահեց, որ ճանապարհային ոստիկանությունը ինձ մի շաբաթում երկու անգամ տուգանեց: Առաջինըՙ երբ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց գտնվող թունելից դուրս գալով Հերացու փողոց մտնելիս «հոծ գիծը» խախտեցի, իսկ երկրորդըՙ Սեւանի ճանապարհին, Գեղարքունիքի մարզ մտնելու պահին, երբ սրատես տեսուչները նկատեցին, որ կողքիս նստած ուղեւորը ամրագոտին չէր ամրացրել: Երկու պարագայում էլ տուգանեցին 5 հազար դրամով: Երկու պարագայում էլՙ ըստ ինձ անարդարորեն: Երկու պարագայում էլ հաշվի չառան առարկություններս:

Առաջին դեպքում իսկապես խախտում էի արել, բայց ոչ իմ մեղքով. գիշերվա մթության մեջ, վատ լուսավորության պայմաններում, դեռեւս չթարմացված սպիտակ գիծը միայն տեղ-տեղ էր երեւում, եւ իզուր էր տեսուչը ինձ հետ վիճումՙ «Գնանք, քեզ ցույց տամ գիծը, շատ լավ էլ երեւում ա» ասելով: Մինչդեռ այդ ամբողջ հատվածի համար, այսինքն Մյասնիկյան պողոտայից եւ, միաժամանակ, թունելից դուրս գալով դեպի Հերացու փողոց եւ կամ դեպի աջՙ դեպի Աբովյան պուրակ անցումը, այդ ողջ հանգույցը, նախագծային կատարյալ սխալ է, որը շահագործման ընդունելու համար առաջինը պետք էր տուգանվեր ճանապարհային ոստիկանությունըՙ իր վրա վերցնելով նաեւ այդ հատվածում ամեն օր տեղի ունեցող ավտովթարների վնասի հատուցման գումարները:

Իսկ երկրորդ դեպքի նկարագրության փոխարեն ուզում եմ մի օրինակ բերել, չզարմանաք, Ամերիկայից:

Մի քանի ամիս առաջ Բոստոնում, որտեղ ի տարբերություն ամերիկյան շատ այլ քաղաքների, ճանապարհային երթեւեկության հսկողությունը շատ ավելի խիստ է, դեպի Ուոթերթաուն ավտոմեքենա նստելիս, ամրագոտին կապելու մասին իմ հարցինՙ ընկերս բացատրեց, որ կարող եմ եւ չկապել, քանի որ դրա համար ոստիկանը չի կանգնեցնի մեզ, թեեւ օրենքով պարտադիր է: Բայց եթե այլ խախտման համար կանգնեցնեն, ամրագոտին չկապելու համար էլ վրադիր կտուգանեն, ասաց ընկերս եւ, ինքն էլ քաջ ծանոթ մեր հայրենական ոստիկանության «բծախնդրությանը», ընդհանրացրեց. «Հոս թրաֆիկ փոլիսի խնդիրը տուգանք գրելը չէ, այլՙ երթեւեկության բնականոն ընթացքը ապահովելը»:

Այստեղիցՙ իմ հարցը. իսկ ո՞րն է մեր ոստիկանության խնդիրըՙ պատժե՞լը, տուգանե՞լը, կամ պատժելու սպառնալի՞քըՙ համապատասխան հետեւանքներով...

Ոստիկանությունից այլ «մանրուք» թեմայի անցնելուց առաջ չմոռանամ ավելացնել, որ Գեղարքունիքի տեսուչները ակտը կազմելիս իմացան, որ լրագրող եմ եւ աշխատում եմ «Ազգ»ում, «մուննաթով» հանդիմանեցին ինձ. «Սկզբից խի՞ չասիր»: Իսկ ինչո՞ւ ասեի:

Համենայնդեպս, որպեսզի անցումը դեպի հաջորդ «մանրուք» հեզասահ լինի, ուզում եմ ճանապարհային ոստիկանությանը հարց տալ. ի՞նչ նշանակություն ունեն մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում տեղ-տեղ տեղադրված ցուցանակները դեպի Գառնի-Գեղարդ, Էջմիածին եւ զբոսաշրջիկներին հետաքրքրող այլ վայրեր ցույց տվող, երբ դրանք շղթայական չեն, եւ ոչ մի օտարերկրացի չի կարող այդ մեկ-երկու ցուցանակներին հետեւելով Գառնի կամ Էջմիածին հասնել. այսպե՞ս ենք զարգացնելու զբոսաշրջությունը մեր երկրում:

Բայց ինչո՞ւ ենք հեռուՙ մինչեւ օտարերկրացիներ հասնում: Մենք, սովորական քաղաքացիներս, նույնիսկ հասցեն ձեռքներիս հեշտությա՞մբ ենք գտնում մեզ անծանոթ տներն ու հիմնարկները, եթե դրա կողքը կամ մոտակայքում չկա հանրածանոթ որեւէ խանութ, կամ դպրոց, կամ արձան, սյուն կամ պուլպուլակՙ համապատասխան մակագրությամբ: Երեւանյան փողոցների, նրբանցքների, փակուղիների ու բակերի այս լաբիրինթոսում, որտեղ մի փողոցի շարունակությունը այլ փողոցի վրա է հաճախ, եւ որտեղ փողոցների անուններն ու շենքերի համարները կա՛մ չկան, կա՛մ էլ գտնվում են դժվարնկատելի տեղում, ինչպե՞ս ենք գտնում մեր ուզած հասցեն:

Ահա՛ մի «մանրուք» գործ, որին նորընտիր-վերընտիր քաղաքապետն ու ավագանին պետք է լծվեն երկարաշունչ եւ համբերատար աշխատանքով, անշուշտ համագործակցությամբ Հայփոստի: Սակայն մի «մանր» պարտականություն էլ կաՙ այս պարագայում Հայփոստինՙ վերացնելու սովետական ժամանակներից մնացած մի անհեթեթություն- «ք. Երեւան», «ք. Գյումրի», «ք. Վանաձոր», «գ. Սարալանջ», գ. Կաթնաղբյուր», «գ. Ծղուկ»: Քաղաք եւ գյուղ նշանակող այս ք-երն ու գ-երը կարի՞ք կա շարունակել գործածել, այն էլՙ ռուսերենին, բայց ո՛չ հայերենին բնորոշ շարադասությամբ, երբ սովետական լայնատարած պետությունից դուրս ենք եկել արդեն 25 տարի:

Մեկ խոսքովՙ ասանկ «մանրուք» բաներ, որոնք անսպառ են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ