RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-05-25 23:02:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 7824, Տպվել է` 480, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԱԼԱՆՈՒՄ ՆՄԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. միջազգային անվտանգության եւ էներգետիկ շխարհաքաղաքականության մասնագետ

Ադրբեջանում տեղի ունեցող տնտեսական խնդիրները շարունակում են մնալ թե՛ հայկական եւ թե միջազգային փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում: Նավթի գնի անկումից հետո, այդ պետության տնտեսա-ֆինանսական եւ որպես հետեւանք սոցիալական իրավիճակը շարունակում է վատթարանալ: Կարծիքները, որ հնչում էին, դեռ մեկ տարի առաջ, թե 2017թայդ անկումը կանգ կառնի եւ Բաքվին կհաջողվի փոխել բացասական դինամիկան, դեռ չի իրականանում: Հետեւաբար հիմնական հարցը, որն այսօր հետաքրքրում է շատերին, այն է, թե այդ անկումը դեռ ինչքան կտեւի եւ որն է այդ գործընթացում անդրազգային նավթային ընկերությունների դերը:

Վերը նշված հարցերին պատասխանելու համար նախ եւ առաջ պետք է հասկանալ, որ Ադրբեջանը, քաղաքագիտական լեզվով ասած, դասական ռենտային պետություն է: Այսինքն պետություն, որի գոյությունն ու զարգացումը կախված է նավթագազային համակարգըՙ նավթի եւ գազի հանքավայրերը անդրազգային նավթային ընկերություններին շահագործման հանձնելուց եւ ստացվող եկամուտներից: Սա նմանատիպ պետություններում գործունեության իրականացման ընդունված ձեւ է, պայմանավորված անդրազգային ընկերությունների կողմից ներդրումների ապահովմամբ եւ գործող քաղաքական ռեժիմների համար անվտանգության որոշակի երաշխիքների ապահովմամբ: Այսինքն, կնքվում է փոխադարձ համաձայնագիր, Ադրբեջանը Բրիտիշ Փետրոլիումին եւ վերազգային այլ ընկերություններին երկարատեւ շահագործման է հանձնում իր նավթագազային հանքերը, փոխարենը ստանում է երաշխիք, որ կկատարվեն համապատասխան ֆինանսական ներարկումներ, ինչը կապահովի տնտեսական աճ եւ հնարավորություն կտա իշխող կլանին ուժեղացնել սեփական իշխանությունը:

Սակայն նման պայմանագրերը հավերժ չեն լինում եւ որպես կանոն որոշ ժամանակ անց դադարում են գործել, պայմանավորված, հատկապես, նավթային շուկայում տեղի ունեցող փոփոխություններով եւ անդրազգային ընկերությունների շահերի փոփոխմամբ: 1994թաշնանը Ադրբեջանի եւ այլ պետությունների միջեւ կնքված պայմանագիրը, որը վերջիններս մեծամտաբար կոչում են «դարի պայմանագիր», հենց նշված փոխահամաձայնության նմանատիպ օրինակ էր: Մասնագիտական շատ շրջաններ նման պայմանագրերը կոչում են կաբալային կամ ստրկական: Այսինքն, երբ գործող իշխանությունը, տվյալ դեպքումՙ Ալիեւների կլանը, իր հումքային ռեսուրսները հանձնելով այլ պետությունների շահերը ներկայացնող ընկերություններինՙ նրանցից ֆինանսատնտեսական ու քաղաքական «կամավոր» կախվածության մեջ են հայտնվում, սեփական իշխանությունը երկարաձգելու նպատակահարմարությունից ելնելով:

Որպես կանոն, նման կախվածությունը չի բխում այդ պետությունների շահերից, սակայն ձեռնտու է այդ պահին իշխող ռեժիմներին: Վերջիններիս համար իրենց վարչակազմերի շահերը վեր են պետականից, իսկ շատ դեպքերում իրենք միտումնավոր «շփոթում» են այդ հասկացությունները, քարոզելով այն գաղափարը, որ ով դեմ է գործող իշխանությանըՙ դեմ է նաեւ պետությանը:

Կնքված այդ պայմանագրերում կարեւորը եկամուտների բաշխման համակարգն է, որն իրականացվում է հաշվի առնելով անդրազգային ընկերությունների շահերը: Այդ ընկերությունները կատարելով որոշակի ներդրումներ, հասկանալի կերպով պահանջում են դրանց շուտափույթ վերադարձ: Սա իրականացնելու համար որպես կանոն անդրազգային ընկերությունները պահանջում են սպասվելիք եկամտի 2/3-ը, այն բացատրելով այն հսկայական ծախսերով, որոնք նրանք ստիպված են կատարել հատկապես ներդրումների առաջին շրջանում: Եկամտային նման հարաբերությունները, սակայն, որոշ ժամանակ անց փոխվում են, եւ կողմերը սկսում են շահույթը կիսել 50/50 սկզբունքով, իսկ եւս մի քանի տարի անց այս բաժանումը կարող է փոխվել հօգուտ ռենտային պետությանըՙ 2/3 սկզբունքով:

Վերը նշված սխեման նախատեսված էր նաեւ Ադրբեջանի համար, եւ իր եկամտի առյուծի բաժինը տալով անդրազգային ընկերություններին, վերջինս հուսով էր, որ հետագայում այն կկոմպենսացնեն ստանալով ավելի մեծ չափաբաժին: Սակայն, ինչպես հայկական ասացվածքն է ասումՙ ուրբաթը շաբաթից շուտ եկավ եւ այդ պետությունը այդպես էլ չհասավ նավթի գերեկամուտների իր երազած ժամանակաշրջանին: «Դարի պայմանագիրը», որը կնքվել էր 30 տարով եւ որի եկամուտները ամեն 10 տարին մեկ պետք է փոխվեին, ըստ վերը նշված սխեմայի, իսկ 2014թ.-ից այդ պետությունը պետք է ստանար եկամտի արդեն իր առյուծի բաժինը, ստիպված էր համակերպվել այն մտքի հետ, որ իր երազած ժամանակները այդպես էլ չեն գա:

Նշենք, որ իրավիճակի փոփոխություն սկսեց նկատվել դեռ 2010թ, երբ Ադրբեջանում առաջին անգամ գրանցվեց նավթի արդյունահանման անկում: Այն ժամանակ նավթի գները դեռ բարձր էին 100 դոլարից ավել մեկ բարելի դիմաց: Սակայն այդ երկրում 3 տարի շարունակ նավթի արդյունահանումը անկում էր ապրումՙ 50 մլն տոննա տարեկանից մինչեւ 42 մլն տոննայի: Այսինքն մոտ 20%-ի անկում, այն էլ այն ժամանակ, երբ պաշտոնական Բաքուն հաշվարկում էր, որ պետք է մեծ եկամուտներ գրանցի (50/50 սկզբունքով) ու դրա հաշվին ուժեղացնի գործող քաղաքական ռեժիմը: Այն ժամանակ Ադրբեջանի նախագահը քննադատության ենթարկեց Բրիտիշ Փետրոլիումի ղեկավարությանըՙ նրան մեղադրելով անգործության մեջ: Ըստ մասնագետների, սակայն, իրական մեղավորը պաշտոնական Բաքուն էր, որը ճնշում էր գործադրում բրիտանական նավթային ընկերության վրա, պահանջելով մեծացնել արդյունահանման ծավալները, իսկ դրանք իրականացվում էին տեխնիկական մի շարք չափորոշիչների ու տեխնոլոգիաների կոպտագույն խախտումներով, ինչն էլ հանգեցրեց նավթի արդյունահանման ծավալների անկմանը, շատ ավելի շուտ, քան այն կանխատեսվում էր:

Սակայն իրական խնդիրները Բաքվի համար սկսվեցին 2014թ-ից, երբ վերջինս իրապես գերեկամուտներ էր ակնկալում 2/3 չափով, բայց դրա փոխարեն ստացավ այժմ էլ արդեն նավթի գների աննախադեպ անկում: Եթե 2014թ-ին նավթի միջին գինը մոտ 110 դոլար էր մեկ բարելի դիմաց, ապա 2016թ միջին տարեկան գինը մոտ 35 դոլար էր: Այսինքն գնի եռապատիկ անկումը հանգեցրեց այդ պետության եւ այնտեղ գործող քաղաքական ռեժիմի խորքային ճգնաժամի: Իսկ գերեկամուտների սպասումով պաշտոնական Բաքում մեծաթիվ պայմանագրեր էր կնքել, համոզված, որ հսկայական եկամուտները նրան հնարավորություն կտան տարածաշրջանում հօգուտ իրեն իրավիճակ փոխել եւ կարեւորագույն ռազմաքաղաքական դեր ստանձնել Հարավային Կովկասում: Միայն TANAP կոչվող գազամուղի կառուցման համար վերջինս ստիպված է ծախսել մոտ 12 մլրդ դոլար գումար, ինչն արդեն այս պահին նրա համար բավականին մեծ թիվ է, սակայն հրաժարվել, արդեն իսկ կնքված պայմանագրերից, վերջինս չի կարող եւ ստիպված է պարտք վերցնել Համաշխարհային Բանկից եւ միջազգային ֆինանսական այլ կառույցներից:

Այսպիսով, Ադրբեջանի ֆինանսական խնդիրները ոչ միայն նավթի ցածր գներից է, այլեւ անդրազգային ընկերությունների հետ կնքված պայմանագրերից, որոնք իրենց էին վերցնում ստացվող նավթի եկամուտների հիմնական չափաբաժինը նավթի գների բարձրացման շրջանում, եւ երբ պատրաստ էին այդ առավելությունը զիջել, նավթի գների անկում տեղի ունեցով: Սա հանգեցրեց նրան, որ «դարի պայմանագրի» երկու հիմնական ընկերություններըՙ Ստատօյլը (Նորվեգիա) եւ Թոթալը (Ֆրանսիա) վաճառեցին իրենց մասնաբաժինները ադրբեջանական նավթագազային կոնսորցիումներում եւ հեռացան, այդպես էլ չկատարելով պայմանագրով իրենց համար նախատեսված պարտավորվածությունները: Ադրբեջանի ամենախոշոր ներդրողըՙ Բրիտիշ Փեթրոլիումը նույնպես նվազեցրել է ներդրումները այդ երկրում, ինչը հանգեցրել է Շահդենիզ-2 կոչվող գազի շահագործման ծրագրի ձգձգմանը:

Ու թերեւս ամենակարեւորը, նավթի գների նման տատանումները բավականին հաշվարկելի են, եւ էներգակիրների շուկայում տասնամյակներ շարունակ աշխատող անդրազգային ընկերությունները կարող են այնպիսի պայմանագրեր թելադրել ռենտային պետություններին, որի արդյունքում իրենք հեռանում են այդ պետություններից այն ժամանակ, երբ պայմանագիրը փոխվում է ոչ հօգուտ իրենց, որը միեւնույն ժամանակ «պատահականորեն» համընկնում է նավթի գների անկման հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ