RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017



ԹԵՔԵՅԱՆԱԿԱՆ ՕՐ

Տեղադրվել է` 2017-05-25 23:02:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 7955, Տպվել է` 463, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԹԵՔԵՅԱՆ» ԹԵՔԵՅԱՆՑԻՆԵՐԻՑ ՈՉ ԹԵՔԵՅԱՆՑԻՆԵՐԻՆ

ՆԱԻՐ ՅԱՆ

Թեքեյան մշակութային միության մրցանակաբաշխությանը հայ ստեղծագործողները հետեւում ու սպասում են ամեն տարի: 1991 թվականից «Թեքեյան» մրցանակի արժանանալու համար տարբեր անվանակարգերում ներկայացվում են մի քանի տասնյակ ստեղծագործություններ: Մրցանակներից բացի, հաղթողներին տրվում է դրամական պարգեւ, որը հատկացվում է հիմնականում Թեքեյան մշակութային միության Ամերիկայի եւ Կանադայի կենտրոնական վարչության հիմնադրամից:

«Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության հիմնական անվանակարգերն ենՙ գրականություն, երաժշտություն, կերպարվեստ, բեմարվեստ: Եղել են տարիներ, երբ անվանակարգերը հասել են 12-իՙ կախված հովանավորների հնարավորությունից եւ առատաձեռնությունից: Այս տարվա անվանակարգերը վերը նշված չորսն էին:

Մայիսի 23-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «Թեքեյան» ավանդական մրցանակաբաշխությունը: Հայտարարված մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում ներկայացվել է երկու տասնյակից ավելի ստեղծագործություն, որոնցից ընտրվել են լավագույնները:

«Այս տարի մենք ունենք «Թեքեյան» մրցանակաբաշխության պատմության մեջ ամենաերիտասարդ մրցանակակրին. նա 18-ամյա Միքայել Հարությունյանն է, որի «Հայաստան» կտավը կերպարվեստ անվանակարգում հաղթող ճանաչվեց: Եվ ունենք այնպիսի փորձառու վարպետի, ինչպիսին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն է: Տեսեք. սկսնակ ստեղծագործող եւ անվանի դիրիժոր: Ես այս մրցանակաբաշխության հենց սահմանափակումներ չսահմանելու սկսզբունքն եմ գնահատում: Եղել են տարիներ, երբ բեմարվեստի անվանակարգում արժանի գործ չենք ունեցել. ուրախալի է, որ այս տարի Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Անկոչ Աննան» ներկայացումը հանձնաժողովի հավանությանն արժանացավ ու «Թեքեյան» է ստանալու»,- նշեց Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը :

Մրցանակաբաշխությանը հրավիրված էին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Փոխվարչապետը հաղորդեց կառավարության շնորհավորանքները «Թեքեյան» մրցանակաբաշխության կազմակերպիչներին ու հաղթողներինՙ նկատելով, որ այս ձեռնարկումն աշխուժություն է բերում մեր մշակութային կյանքին ու շատերին ստեղծագործելու ազդակներ տալիս:

Տարբեր տարիների մրցանակակիրների, հյուրերի, հանձնախմբերի ներկայությամբ համերգային ընդմիջումներով (հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային նվագախումբ, դիրիժորՙ Երվանդ Երզնկյան ) ու տոնական տրամադրության ներքո հաղթողներին հանձնվեցին «Թեքեյան» մրցանակները:

«Գրականություն» անվանակարգում ներկայացվել է քսանից ավելի ստեղծագործություն: Ընդհանրապես հանձնախումբը նախապատվությունը տալիս է գրական-գեղարվեստական գործերին, բայց այս անգամ մասնագետները կարեւորել են մի գիրք, որը վավերագրությունների ժողովածու է եւ ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Այն ներառում է 1894-1923թթ. Մեծ եղեռնը փաստող անպատասխան նամակների շարք: Այդ նամակներին 100 տարի անց պատասխանել են մերօրյա հայտնի գործիչները: «Պոլսում կոնսերվատորիա բացելու հույսով Կոմիտասը 1914 թվականին նամակ է գրել քաղաքային իշխանություններին: Նա ի՞նչ իմանար գալիք ողբերգության մասին: Կոմիտասի նամակին պատասխանել է մերօրյա Կոմիտասըՙ Տիգրան Մանսուրյանը: Կախաղան բարձրանալուց ժամեր առաջ Գարեգին Խաժակը նամակ է գրել կնոջը: Նրա նամակն այն ժամանակ անպատասխան է մնացել. մեր ժամանակակիցներն են պատասխանել Խաժակին: Ռուբեն Սեւակին կնոջն ուղղած նամակին թուրքական փոստատանը պատասխանել են. «Հասցեատերն այստեղ չէ» եւ ուղարկել են հետՙ եղեռնազարկ բանաստեղծի կնոջը: Ահա այսպիսի պատմական դիպվածներ են եղել, որոնք գրավոր արձանագրություններ են եւ տեղ են գտել «Պատասխան 100 տարի անց» վավերագրքում: Հենց այս ժողովածուին էլ մեր հանձնախումբը նախապատվություն տվեց ու արժանացրեց «Թեքեյան» մրցանակին,- Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանին մրցանակը հանձնելովՙ ասաց «Թեքեյան» մշակությաին միության Ամերիկայի եւ Կանադայի կենտրոնական վարչության ատենապետ, «Գրականություն» անվանակարգի հանձնախմբի նախագահ Երվանդ Ազատյանը : Գիրքը պատրաստվել ու կազմվել է թանգարանի ջանքերով: Կարո Վարդանյանը կարեւորեց Թեքեյանի անունը կրող մրցանակըՙ բոլորի ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ վավերագրքում տեղ գտած 10 երեւելի մտավորականները Վահան Թեքեյանի ժամանակակիցներն են, եւ ժողովածուն ստացավ մեծ բանաստեղծի օրհնանքը:

«Գրականություն» անվանակարգում առանձնացվել էր նաեւ խրախուսական մրցանակՙ Հենրիկ Բախչինյանի «Նարեկացու գանձարանը.վերծանություն եւ քննություն» աշխատության համար:

«Երաժշտություն» անվանակարգում երաժշտական գործունեության համար «Թեքեյան» մրցանակ ստացավ Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը , որը դեռ չի հասցրել սովորել հայերեն, բայց ամեն անգամ խոստանում է իր խոստումը կատարել: Այս անվանակարգի հանձնախմբի նախագահ Հակոբ Ավետիքյանն Օրբելյանի մասին ասաց. «Նրա թեկնածությունը մրցանակաբաշխությունում անվիճելի էր, ինչպես ասում ենՙ մրցույթից դուրս: Հանրապետության նախագահի լավագույն քայլերից մեկն այն էր, որ մեր մաեստրոյին հրավիրեց Հայաստանՙ ապրելու եւ աշխատելու: Վերջերս 9 եւ 6 տարեկան թոռնուհիներիս տարա մեր Օպերային թատրոնՙ «Անուշը» դիտելու: Ներկայացման ավարտին նկատեցի, որ երկուսն էլ հուզվել են, արտասվում են: Այնպես որ, անհիմն են այն պնդումները, թե իբր դասական, հոգեւոր երաժշտության ժամանակներն անցել են: Մեր մաեստրոյի աշխատանքը ծանր է ու դժվարին, բայց նա կարողացավ մեր օպերային արվեստում նոր որակ բերել»,- Կոնստանտին Օրբերլյանին շնորհավերլովՙ ասաց «Ազգ»ի խմբագիրը:

Կոնստանտին Օրբելյանը գնահատեց մեր օպերային թատրոնի ներուժըՙ վստահեցնելով, որ Գոհար Գասպարյանին, Տաթեւիկ Սազանդարյանին, Տիգրան Լեւոնյանին փոխարինող արժանի սերունդ կա, որի վրա կարող են հույս դնել եւ ի դեմս նրաՙ օպերային արվեստի լավ ապագա խոստանալ:

«Կերպարվեստ» անվանակարգի հաղթող, երիտասարդ գեղանկարիչ, դեռեւս ուսանող Միքայել Հարությունյանին հանձնախմբից բացի, ոչ ոք չէր ճանաչում: Արվեստաբան Հրավարդ Հակոբյանը նրա «Հայաստան» կտավը համարեց հետաքրքրական ու յուրօրինակ ձեռագիր, որը հայ գեղանկարչության մեջ դեռ կասի իր խոսքը:

«Թատերական արվեստ» անվանակարգում «Թեքեյան» մրցանակը Գրիգոր Խաչատրյանինն էր: Նրա բեմադրած «Անկոչ Աննան» ներկայացումըՙ հիմնված Դոստոեւսկու անավարտ վեպի վրա, դրական տպավորություն է թողել հանձնախմբի վրա: Ռեժիսոր Արմեն Էլբակյանը բեմական աշխարհում Գրիգ կեղծանվամբ հայտնի Գրիգոր Խաչատրյանին խոստումնալից բեմադրիչ համարեց, իսկ Դոստոեւսկուն բեմադրելըՙ դժվար ու բարդ գործ, որը նա պատվով է կատարել: Շնորհավորանքի եւ շնորհակալության ընդհանրացնող խոսք ասաց Դրամատիկական թատրոնի գեղղեկ, ռեժիսոր Արմեն Խանդիկյանը :

Թեքեյանցիները «Թեքեյանով» եւս մեկ անգամ արժեւորեցին մեր մշակութային կյանքում աչքի ընկած ու չընկած անձանց եւ նրանց գործերը: Հաճախ, այո, հենց նման մրցանակաբաշխություններով են հայտնիներն ավելի հայտնի դառնում, իսկ անհայտներըՙ բացահայտվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ