RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017



ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Տեղադրվել է` 2017-05-25 23:02:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 8599, Տպվել է` 469, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ. ԿՅԱՆՔԻՍ ՀՈՒՇԵՐԸ»

«Վանը մեր պատմության մշակութային օրրան էր, ազգային հարստությունների սկզբնաղբյուրն ու գանձը: Երբ կացնահարվեց այն, փշրվեց ոչ միայն Արեւմտյան, այլեւ Արեւելյան Հայաստանի ողնասյունը: Մեծանուն նկարիչ Փանոս Թերլեզեմեզյանն այդ շառավղի երկարացումն է, ով մինչ օրս ճանաչված էր իբր տաղանդավոր նկարիչ, իսկ այսօր նաեւ հայտնագործություն էր նրաՙ գեղարվեստական հուշագրություններ մշակող եւ տաղանդավոր գրող լինելը»,- երեքշաբթի օրը, մայիսի 23-ին, Մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում կայացած «Փանոս Թերլեմեզյան. Կյանքիս հուշերը» գրքի շնորհանդեսի ընթացքում նշեց ԳԱԱ արտասահմանյան անդամ, Թեքեյան մշակութային միության Մ. Նահանգների եւ Կանադայի կենտրոնական վարչության նախագահ Երվանդ Ազատյանը :

Վերջինս նկատեց, որ նկարչի հուշերում ներկայացված է նաեւ այն տառապանքն ու փորձանքը, որ մեր ժողովուրդը կրել է Եղեռնի եւ հետագա տարիների ընթացքում:

Թեքեյան մշակութային միության հրատարակած գիրքը կազմել, առաջաբանն ու ծանոթագրությունները գրել է բանասեր, գրականագետ եւ արվեստաբան Երվանդ Տեր-Խաչատուրյանը:

Գրամշակութային ցերեկույթին ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, համալսարանի ռեկտորՙ Հայաստանի Թեքեյան մշակութային միության ատենապետ Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ, Գրողների միության նախագահը, Թեքեյան մշակութային միության տարբեր մասնաճյուղերի ղեկավարներ, գրականագետներ, հյուրեր, ուսանողներ:

«1941 թվականին ավարտած եւ Ազգային պատկերասրահում պահվող նկարչի հուշագրությունը, որն ամփոփված է գրքում, հետաքրքրական է ոչ միայն ընթերցողների լայն շրջանակի, այլեւ ուսումնասիրման կարեւոր աղբյուր է պատմաբանների, ազգագրագետների, գրականագետների, երաժշտագետների համար»,- ընդգծելով գրքի կարեւորությունըՙ նշեց «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը :

«Փանոս Թերլեմեզյան. Կյանքիս հուշերը» գրքի բնագիրը հրատարակության պատրաստած գրականագետ եւ արվեստաբան Երվանդ Տեր-Խաչատուրյանի դիտարկմամբ մեզանում հուշագրային գրականությունը քիչ է, աղքատիկ, դրա հանդեպ լուրջ վերաբերմունք էլ չկա. փաստերի անհամապատասխանություն եւ անճշգրտություն կա:

Շնորհանդեսին գականագետը խոսեց գրքի ստեղծման ընթացքում հանդիպած դժվարությունների մասին, նկատելով, որ ձեռագիրը խունացած էր, մատիտով գրված, տեղ-տեղ նաեւ գունաթափ, սակայն այն վերծանվեց, գրվեց առաջաբանն ու ծանոթագրությունները. «Փանոս Թերլեմեզյանի հուշերն անկեղծ են, մարդու հոգով ու սրտով գրված: Հուշագրությունը մի շարք արժանիքներ ունի. դրանում նկարչի անձը շատ քիչ տեղ է գրավում, խոսվում է Վանի կյանքի, բարքերի, կենցաղի, սովորությունների մասին: Երկրորդ կարեւոր գիծն անկեղծությունն է. նույնիսկ աշխարհի լավագույն խոստովանություններն այսքան ազնիվ չեն»:

Մեծանուն նկարչին նվիրված ցերեկույթը «Սփյուռք» կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը կարեւորեց իբրեւ մշակութային մեծ իրադարձություն: Պրոֆեսորը նկատեցՙ մեծերը, անցյալի հուշերը կամաց-կամաց աղոտանում են մեր պատմական հիշողության մեջ, այնինչ չպետք է մոռնալ, որ վանեցի մեծ նկարիչը արեւելահայ եւ արմտահայ գրականության աշխարհներում հրաշալի կամուրջ էր եւ ուներ իր ուրույն դերը:

Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն արդեն ընթերցել է գիրքը: Նրա կարծիքովՙ գեղարվեստական վավերագրության ժանրը հարստացավ եւս մեկ գրքով, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ լեզվաբանների համար. «Գրքում տեղ գտած լեզվական պոռթկումները, գեղեցիկ նկարագրություններն արժանի են խորը ուսումնասիրության. պետք է կարդալ եւ արժեւորել այս գրական հուշագրությունը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ