ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է «ԱՐԵԳՆԱԶԱՆ» ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԻՆ Իրազեկվածությունը եւ գործնական գիտելիքները կարեւոր են մասնագիտական կողմնորոշման եւ զարգացման համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես կիսում է իր փորձը հեռահաղորդակցության ոլորտով, ընկերության կառավարման մշակույթով հետաքրքրվող երիտասարդների հետ, որոնք ցանկանում են պատկերացում կազմել ոլորտին առնչվող մասնագիտությունների վերաբերյալ: Երեւանի «Արեգնազան» կրթահամալիրում սովորողների հերթական խումբն այցելել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գրասենյակ: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի դասախոսության եւ նրա հետ հարցուպատասխանի արդյունքումՙ երիտասարդները ծանոթացել են հետաքրքրող թեմաներին: Ռալֆ Յիրիկյանն աշակերտներին ներկայացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի անցած ուղին, ինչպես նաեւՙ երկրի հեռահաղորդակցության ոլորտում ընկերության արձանագրած հաջողություններն ու նվաճումները: Կազմակերպվել է նաեւ շրջայցՙ տարբեր վարչություններում: Ինտերակտիվ շփման միջոցովՙ «Արեգնազանի» սաները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, առավել հստակ պատկերացում կազմել բիզնես ոլորտի ամենօրյա գործառույթների եւ կորպորատիվ պատասխանատվության մասին: «Մասնագիտական կողմնորոշումը նույնքան կարեւոր է, որքան գիտելիքների ձեռքբերումը, ընդ որումՙ երիտասարդ տարիքից: Նման հանդիպումներն աշակերտներին հնարավորություն են տալիս գործնական եւ անմիջական շփման ճանապարհով բացահայտելու իրենց մասնագիտական նախընտրություններըՙ ապագայում մասնագիտական հաջողված ուղի կերտելու նպատակով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : «Արեգնազան» կրթահամալիրը գործում է 1994 թ.-ից եւ Հայաստանի առաջին ու միակ վալդորֆյան դպրոցն է: Վալդորֆյան մանկավարժության հիմնական սկզբունքը ներդաշնակ զարգացումն է: |