ՓՈՐԻ ՀԱՏՎԱԾԻ ՃԱՐՊԸ ԵՎ ՍՈՎԱԾ ՍՏԱՄՈՔՍԸ *) ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Նույնիսկ քաղաքակիրթ աշխարհում լրագրողներին չեն սիրում, բայց հարգում են, քանզի հասկանում են, որ լրագրողը դեմոկրատական հասարակարգում անհրաժեշտ, անխուսափելի տարրն է, հականեխիչը այդ նույն հասարակության: Մինչդեռ Հայաստանում լրագրողներին ոչ թե չեն սիրում, այլ բոլորովին չեն հարգում եւ, հետեւաբար, ավելորդ են համարում նրանց ներկայությունը: Քանզի մեր երկրում ավելորդ է դարձել դեմոկրատիան ինքը: Եվ դրա մեջ մեղավոր են նաեւ լրագրողները, հատկապես այն լրագրողները, որոնց ստամոքսը, պատկերավոր ասածՙ սոված է, ուստի պետք ունեն սնվելու, ամեն գնով, նույնիսկ շանտաժով, կաշառքով եւ մասամբ նոցին: Ասածիս ամիջական ապացույցներից մեկը օրերս ինձ հետ պատահած դեպքն է, որի տխուր դերակատարը «Հրապարակ» օրաթերթի աշխատակցուհի Սյուզան Սիմոնյանն է: Դեպք ասածս պատահեց անցյալ երեքշաբթի օրը, երբ հիշյալ լրագրողուհին զանգ տվեց ինձ եւ խնդրեց պատասխանել Հոլիվուդի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) ԹՄՄ Արշակ Տիգրանյան վարժարանի փակման հանգամանքների, վաճառքից ստացված գումարների օգտագործման եւ այդ առիթով մեկ օրից մյուսը հանկարծ «դպրոցասեր» դարձած մի խմբակի ձեռնարկած ստորագրահավաքի վերաբերյալ: Լրագրողուհուն խորհուրդ տվեցի անպայման ինձ զանգահարել հաջորդ օրը, չորեքշաբթի, երբ ինձ մոտ պատրաստ կլինի Թեքեյան մշակութային միության Մ. Նահանգների եւ Կանադայի Կենտրոնական վարչության նիստից բխած հաղորդագրության հայերեն տարբերակը, որն ի դեպ տպագրվեց «Ազգ»ի նախորդ համարում: Այնուամենայնիվ, նկատելով որ լրագրողուհու տեղեկություններն ու գիտելիքները խիստ պակասավոր են ու մակերեսային, ելնելով լրագրողական մեր ասպարեզի հանդեպ միշտ նախանձախնդիր լինելու սկզբունքից, հարկ համարեցի անձնական դիտարկումներս ներկայացնել ոչ միայն Ա. Տիգրանյան վարժարանի, այլեւ սփյուռքահայ դպրոցների ներկայիս դիմագրաված լրջագույն դժվարությունների վերաբերյալ: Հաջորդ օրը, չորեքշաբթի, Սյուզան Սիմոնյանը, հակառակ մեր պայմանավորվածությանը, չզանգահարեց, եւ ես մոռացա մեր խոսակցությունը: Սակայն մեկ օր անց «Հրապարակի» կայքէջում զարմանքով կարդացի նրա նյութը նույն թեմայի վերաբերյալՙ խեղաթյուրումներով, շինծու եւ միակողմանի տեղեկություններով ու մանավանդՙ շտապողականությամբ գրված: Հաստատվեց կասկածսՙ պատվերը պետք է կատարվեր անհապաղ, առանց ուշացնելու, ստամոքսը սոված է, իսկ պատվիրատուի երկար ականջները երեւում են Բեյրութիցՙ լիբանանյան արդարադատության կողմից ֆինանսական տարբեր խարդախությունների համար եռյակ բանտարգելության դատապարտված եւ պատժված Սեւակ Հաճի-Հակոբյանի՛ ականջները: Չեմ ցանկանում մանրամասն անդրադառնալ Սյուզան Սիմոնյանի գրածներին: Ուրբաթ օրը զանգել եմ նրան եւ ասել պետք եղածը. լրագրողուհին հետաքրքրված չէ ճշմարտությունը իմանալու: Համենայնդեպս առաջարկել եմ օգտվել առիթից սրբագրելու կամ, առնվազն, ամբողջացնելու իր գրածը հակադիր կողմին լսելով: Նրան տվել եմ այժմ Երեւանում գտնվող ԹՄՄ Կենտրոնական վարչության ատենապետ Երվանդ Ազատյանի հեռախոսահամարը, հյուրանոցի համարը: Ցարդ ոչ զանգահարել եւ ոչ էլ հանդիպել է նրան: Լրագրողուհուն պետք չէ բազմակարծությունը, նա կատարել է իր գործը, եւ կարող է հեռանալ: Համենայնդեպս, կարծում եմ ընթերցողները իրավունք ունեն որոշ փաստեր իմանալու: ա - Հայ եկեղեցու Մ. Նահանգների Արեւմտյան թեմի առաջնորդը, որը թեմի հրապարակած հաղորդագրության մեջ ներկայանում է իբրեւ ԹՄՄ Ա. Տիգրանյան վարժարանի համար «փրկության ձեռք», «բարի կամք» եւ «դպրոցը պահելու հանձնառություն» ունեցող, բնավ ու երբեք չի առաջարկել վարժարանը գնել, այն էլ 8 միլիոն դոլարով, ինչպես պնդում է նույն հաղորդագրությունը, ինչը մեջբերում է լրագրողուհին: Առաջնորդ սրբազանը եւ նրա գործակիցները ըստ երեւույթին շահագրգռված են ոչ թե դպրոցը, այլ կալվածքը գնելու գործով, հետագայում այն առեւտրական նպատակներով օգտագործելու համար: Եվ արդեն, նախապես, առաջնորդարանը դպրոցանպաստ հանգանակությանը մասնակցել է 1 հազար դոլարով, երբ Ա. Տիգրանյան վարժարանի տարեկան բացը կազմում էր 250 հազար: բ - Ճիշտ է, ԹՄՄ Կենտր. վարչությունը դպրոցաշենքը վաճառել է 14 միլիոն դոլարով, որը սակայն դրամատանը մնում է իբրեւ անձեռնմխելի գումար, ինչպես ԹՄՄ-ի բոլոր գումարները, որոնց տոկոսներն են միշտ օգտագործվումՙ ամերիկյան հարկային իշխանությունների բծախնդիր հսկողության ներքո: գ - Շենքի վաճառքից դեռ 25 տարի առաջ, 1988 թ.ի երկրաշարժից սկսած մինչեւ այսօր, ԹՄՄ Կենտր. վարչությանը մի քանի միլիոն դոլար է նվիրաբերել Հայաստանում կրթական, առողջապահական, հրատարակչական, մտավորականների օգնության եւ բարեսիրական այլեւայլ նպատակների: 17 տարի է արդեն, որ ԹՄՄիությունը Հայաստանում եւ Արցախում գործող եւ Վ. Թեքեյանի անունը կրող 5 դպրոցներիՙ շուրջ 600 ուսուցիչներին ու աշխատակիցներին ամենամյա օգնության հանգանակություն է կազմակերպում, եւ 20 տարի արդեն ամենամյա մրցանակներ է շնորհում մեր գրողներին եւ արվեստագետներին: Տակավին վերջերս, ԹՄՄիությունը նյութական օգնություն ցուցաբերեց քառօրյա պատերազմի զոհերի 60-ի ընտանիքների: դ - 1995 թ.ին ԹՄՄ Կենտր. վարչությունը 435 հազար դոլար է հատկացրել Երեւանի Թեքեյան կենտրոնի շինարարությանը եւ հանդիսանում է «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի բաժնետեր: Հետեւաբար ամբողջովին բլեֆ է Ս. Սիմոնյանի պնդումը, թե Տիգրանյան վարժարանի վաճառքի եւ ընդհանրապես ԹՄՄիության գումարները «ծառայեցվում են քաղաքական նպատակներիՙ ծախսել են Հայաստանի ՌԱԿ-ը կայացնելու նպատակով», այնինչ ՌԱԿ-ը Հայաստանում կայացել է 1991 թ. հունիսից սկսած պաշտոնապես, առանց ԹՄՄ-ի օժանդակության: Անշուշտ նման մտքերը լրագրողուհուն հուշել են, որպեսզի ամերիկյան իշխանություններին «գործ» տան ԹՄՄ-ի դեմ, իսկ տգետ եւ տգետ մնալ սիրող լրագրողուհին հաճույքով է կուլ տվել այդ խայծը: ե - Ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ- իսկ ինչո՞ւ է նախկին կալանավորը փորձում շանտաժել եւ սպառնալ: Բանն այն է, որ մի քանի տարուց ի վեր Սեւակ Հաճի-Հակոբյանին դարձրել են Բեյրութի «Զարթօնք» թերթի խմբագիր: Այդ ընթացքում նա հասցրել է խայտառակել 90-ամյա թերթի վարկը, հայոց լեզուն, լրագրողի առաքելությունը, մեծանուն խմբագրապետ Գերսամ Ահարոնյանի ժառանգությունը (կարճ ժամանակամիջոցում նրան հաջողվել է հրաժարեցնել թերթի 3 տնօրենների, իրեն հայտնի նպատակներով): Իսկ հիմա, 5 ամիս է արդեն, վավերական խարդախը ջղագրգիռ վիճակում է: Պատճա՞ռը. ընթացիկ տարվա առաջին օրից ի վեր կրկին լույս է տեսնում շուրջ 130-ամյա «Պայքար» շաբաթաթերթը Բեյրութում եւ Լոս Անջելեսում, վերոհիշյալ անձերի եւ «եւս մի քանի հոգու» ֆինանսաբարոյական աջակցությամբ, եւ իր լուրջ բովանդակությամբ ու 3600 տպաքանակով ստվերի տակ է թողել «Զարթօնք»ըՙ իր 165 բաժանորդով: Հետզհետե հեղինակություն է ձեռք բերում նաեւ «Հայ Ձայն» լրատվական կայքէջը, «փորի հատվածում» ցավ պատճառելով նույն բախտախնդրին: զ - Վերջում կուզենայի բոլոր «դպրոցասերներին», սփյուռքահայ մատաղ սերնդի այդ բոլոր «նախանձախնդիրներին» հիշեցնել, որ երբ 2001 թ.ին փակվում էր Սփյուռքում մեր կարեւորագույն կրթօջախըՙ Մելգոնյան կրթական հաստատությունը, չմիացան բողոքի շարժմանը, այլ, ընդհակառակը, պաշտոնից հեռացրին ՌԱԿ Կալիֆոռնիայի պաշտոնաթերթ «Նոր օրի» խմբագրինՙ սփյուռքի լավագույն հրապարակախոսներից Վաչե Սեմերճյանին, որը համարձակվել էր քննադատել ՀԲԸՄիության ղեկավարությանը այդ փակման որոշման համար: Իսկ ինչ վերաբերում է Հայ եկեղեցու Արեւմտյան թեմի առաջնորդին, որ վերջերս նախանձելի նախանձախնդրություն է հանդես բերում Արշակ Տիգրանյան վարժարանի փակման առթիվ, պետք է հորդորել Սրբազան հորը, որպեսզի նույն նախանձախնդրությունը հանդես բերի իր բարոյական հովանու ներքո գործող Հովսեփյան վարժարանի նկատմամբ, եւ դրանով իսկ շրջել այն տխուր իրականությունը, թե Մ. Նահանգների ողջ տարածքում Հայ եկեղեցին ու եկեղեցականները տասնամյակներ շարունակ խուսափում են զբաղվել մատաղ սերնդի դաստիարակության գործով, քանի որ, առարկում են, դա ծախսատար է: Այդպես է, որ վերջին տասնամյակում իրար հետեւից փակվում են Մխիթարյանների դպրոցը Լոս Անջելեսում, Ծառուկյան դպրոցը Տորոնտոյում, Անարատ հղության քույրերի վարժարանը Մասաչուսեթսում: Եվ դաՙ ոչ ոքի չի մտահոգում: Մյուս կողմից մաղթենք, որ գոնե Ա. Տիգրանյան վարժարանի պարագայում ԹՄՄ Կենտրոնական վարչությունը Կալիֆոռնիայում կգտնի հայ կրթարանի կարիք ունեցող մեկ այլ վայր, ուր կշարունակի հավերժացնել Արշակ Տիգրանյան բարերարի ձեռնարկած ազգասիրական գործը: *) Այս վերնագրի հեղինակը ես չեմ: Ես այն վերցրել եմ Սյուզան Սիմոնյանի հոդվածի էլեկտրոնային տարբերակի տակի գովազդից, անմիջապես կպած նրա անվանըՙ «Փորի հատվածի ճարպն այրվում է 7 օրում. սոված ստամոքսին խմեք»: Շատ հարմար պատկեր, ուր մի կողմից ներկայանում է պատվիրատուն` իր 110 կգ քաշով, իսկ մյուս կողմիցՙ պատվեր կատարողըՙ սոված ստամոքսով: Նույն |