ԱՌՆԵՏԱՆՈՑՈՒՄ ԱՃՈՂ ՄՈՒԳ-ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Չեմ կարծում, որ տիկին Մարգարիտ Բարանկիցեն եւ պարոն Հասան Ռոհանին երբեւէ իրար հանդիպել են: Տարբեր ասպարեզների մարդիկ են, տարբեր հետաքրքրություններ ունեն. տիկինը մարդկանց է փրկում, հիմնականում երեխաների, դրա համար էլ պարգեւատրվել է «Ավրորա» մրցանակով (առաջին դափնեկիրն է), պարոնը վերջերս վերընտրվեց Իրանի նախագահ, երբ իրեն կողմ քվեարկեց Իրանի բնակչության մեծամասնությունը: Ռոհանիի ընտրությունից անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Թրամփն իր առաջին արտասահմանյան շրջագայությունը սկսեց, ու եթե պարոն Թրամփը մահմեդական լիներ, ապա այն կարելի է անգամ ուխտագնացություն անվանել: Բանն այն է, որ ԱՄՆ նախագահի կարգավիճակում Թրամփն առաջին երկիրը, որ այցելեց, Սաուդյան Արաբիան էր: Նրան ջերմ ընդունեց սաուդցի միապետ Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը, եւ պարգեւատրեց Սաուդյան Արաբիայի պետական բարձրագույն պարգեւովՙ Աբդուլազիզ թագավորի շքանշանով, եթե, ինչ-որ մեկին հետաքրքրական է, ապաՙ ոսկե: Ճիշտ է, այն ընթացքում, երբ պարոն Թրամփը հպարտ ժպտում էր պարգեւատրվելիս, տիկին Թրամփը հրաժարվեց Սաուդյան Արաբիայում գլխաշոր կրել, ինչն այդ երկրի կանանց համար պարտադիր է, բայց դա ըստ էության ամենեւին էլ չմթագնեց սաուդ-ամերիկյան բարձր մակարդակի երկխոսությանը, որն ի դեպ, ընթանում էր «Միասին մենք կարող ենք հասնել մեր նպատակին» կարգախոսով: Իսկ թե ի՞նչ ընդհանուր նպատակ կարող են ունենալ Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ն, գաղտնիք է, չնայած ասում են, որ Թրամփը գաղտնիքներ պահել չգիտի: Սաուդյան Արաբիայից հետո եւ ուխտագնացության լավագույն կանոններին համահունչ Թրամփն այցելեց Իսրայել: Նա, ի դեպ, առաջին ԱՄՆ նախագահն է, որը եղավ հանրահայտ Լացի պատի մոտ: Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում ԱՄՆ նախագահին ընդունեցին, ինչպես ընդունում են ԱՄՆ նախագահին, եթե իհարկե նա Վենեսուլեա չի գնում, կամ Ֆիլիպիններ, եւ իսրայելական հողի վրա իր առաջին ելույթում Թրամփը խոստովանեցՙ «Մենք սիրում ենք Իսրայելը»: Սրանով էլ ԱՄՆ նախագահը սերը դարձրեց քաղաքական կատեգորիա, բայց այդ մասին ավելի ուշ: Հարկ է նկատել, որ եթե անգամ ամերիկացիներըՙ Թրամփի գլխավորությամբ սիրում են Իսրայելը, ապա ոչ բավարար չափով: Ամեն դեպքում, այդ սիրո չափը Իսրայելին հենց չի բավարարում, ահա թե ինչու: Բանն այն է, որ նախընտրական շրջանում Թրամփը հայտարարել էր, որ նախագահ ընտրվելուն պես Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելու է Թել Ավիվից Երուսաղեմ: Թել Ավիվում, սակայն, ԱՄՆ նախագահ Թրամփը նշեց, որ դեսպանատան տեղափոխությունը դեռ չի կայանա, չի բացառվում, որ չի կայանա, քանի որ Ամերիկան նաեւ Պաղեստինն է սիրում: Ամեն դեպքում իր երկօրյա այցի երկրորդ օրը Թրամփն այցելել Պաղեստին, հանդիպեց ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասին, որին, ավելի վաղ, Վաշինգտոնում, կոչել էր Պաղեստինի նախագահ: Երուսաղեմում ԱՄՆ նախագահն այցելեց Սուրբ Հարության տաճար, որտեղ տիկին Մելանի Թրամփի հետ ունկնդրեց Հայոց պատրիարքության Ժառանգավորաց վարժարանի երգչախմբի ելույթը, իմիջիայլոց, Թել Ավիվի օդանավակայանում Թրամփին դիմավորելու էր եկել նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Իսկ Սուրբ Հարության տաճարում տիկին Մելանի Թրամփը կրկին գլխաշոր չէր կրում: Թրամփի ուխտագնացությունը շարունակվեց Վատիկանում, որտեղ նրան ընդունեց Ֆրանցիսկոս պապը, որն իր հերթին հայտարարել էր, թե ԱՄՆ նախագահի հետ անկեղծ է խոսելու: «Ես կասեմ այն, ինչ ես եմ մտածում, նա էլ այն, ինչ ինքն է մտածում», հայտարարել է Պապը: Դժվար է ասել, թե որքանո՞վ է Պապին, մանավանդ Թրամփին հաջողվել անկեղծ լինել 20 րոպե տեւած Պապ-Թրամփ հանդիպման ընթացքում, էլ ավելի դժվար է ասել, թե ԱՄՆ նախագահը Իսրայելում որքանո՞վ էր անկեղծ, երբ դիմելով Իրանին, կոչ արեց նրան, որ այլեւս չաջակցի ահաբեկիչներին եւ գրոհայիններին: Կասե՞ր նման բան Թրամփը թեկուզ Վաշինգտոնում, չեմ կարծում, ամեն դեպքում, Մահմուդ Աբասի հետ հանդիպման ընթացքում եւ դրանից հետո ԱՄՆ նախագահը Իրանին ուղղված ոչ մի կոչով էլ հանդես չի եկել, փոխարենը նշել է, թե որքան կարեւոր կլինի Պաղեստինի եւ Իսրայելի համար հակամարտության լուծումը: Ի դեպ, սկզբում ասել էՙ Պաղեստինի, հետոՙ Իսրայելի: Իրանում, չնայած նախագահ Ռոհանին շատ զբաղված էր, քանի որ էլ ավելի հարմարավետ էր նստում նախագահի աթոռին, բայց Թրամփիՙ Թեհրանին ուղղված կոչն անպատասխան չեն թողել: Իրանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ըստ էության ոչինչ էլ ասված չէ, միայն հասկացվում է, որ Իրանը Թրամփի ասածը լուրջ չի ընդունում, քանի որ ԱՄՆ նախագահի կոչը լուրջ չէ, հիմք չունի: Բայց ավելի ուշ անձամբ Ռոհանին ահաբեկիչներին աջակցելու կամ նրանց դեմ պայքարելու թեմայով հայտարարեց. «Հանդիպումները, ժողովները որեւէ արժեք չունեն. ահաբեկչության դեմ ժողովներով եւ հանդիպումներով չէ, որ պետք է պայքարել»: Ռոհանին չի ասել, թե ուրեմն ինչո՞վ է պետք պայքարել ահաբեկչության դեմ, կամ ինչպե՞ս, թողնելով երեւի, որ մենք դա հասկանանք: Ամեն դեպքում սիրիական բանակը այս ամենի ֆոնին ազատագրեց եւ ահաբեկիչներից լրիվ մաքրեց Հոմս քաղաքը, որից հետո, սակայն, ԻՊ-ն ստանձնեց անգլիական Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետեւանքով կա 22 զոհ եւ 50-ից ավել վիրավոր: Ուրեմն ինչպե՞ս պայքարել ահաբեկչության դեմ, եթե ոչ ժողովներով, եւ ինչպես Հոմսը ցույց տվեցՙ զենքով...Մարգարիտ Բարանկիցեն Արցախում է: Շուշիում նա այցելել է Ղազանչեցոց եկեղեցի, մոմ է վառել, ապա եղել է Շուշիում պահպանված մզկիթում, եւ երբ նրան հարցրել են, թե չի՞ վախենում արդյոք, որ Ադրբեջանն իրեն կներառի հանրահայտ «սեւ ցուցակում», պատասխանել է. «Չարիքի դեմ պետք է պայքարել սիրով»: Չգիտի՞ Ադրբեջանին, հետեւաբար իրական չարիքը, դրա համար էլ այսպե՞ս է խոսում: Իր աչքի առջեւ մայր ու երեխա չե՞ն սպանել, մարդու գլուխ չե՞ն կտրել: Ի՞նչ սեր, երբ շուրջբոլորդ արյուն է, այն էլ քոնը: Պարզվում է սպանել են, կտրել են, մի անգամ նա հենց պատերազմի գոտուց, դաժանաբար սպանված մոր մեջքին կապված ողջ, բայց ձեւախեղված մանկիկի է փրկել, ուշադրությունՙ ցեղասպանությունից: Ի տարբերություն մեզ, որ հիշում ենք ցեղասպանությունը, այն էլ ոչ մեր աչքերով տեսած, նա տեսել է, անձամբ ծանոթ է այդ ցեղասպանութուն կոչվածին: Ու գիտե՞ք, այն երեխան, որի ապրելուն ոչ ոք չէր հավատում, այսօր 18 տարեկան է եւ ահաբեկիչ չէ, չի էլ դառնալու, չնայած ցեղասպանություն է տեսելՙ իր իսկ մոր մեջքին: Այն երեխան ու էլի շատ ու շատ երեխաներ: Ի վերջո, եթե ամեն բան փոխադարձ է, ուրեմն միակ ճիշտը սիրելը չէ՞... Ամեն դեպքում, եթե շատ անկեղծ, ես չգիտեմ, թե սերը որքանով է չարիքի դեմ պայքարում գործիք հանդիսանում, կամ հանդիսանո՞ւմ է արդյոք, բայց եկեք մի պահ պատկերացնենք, ի՞նչ կլիներ, եթե Ամերիկան Իսրայելի չափ ու պես սիրեր նաեւ Սիրիային, Թունիսին, Լիբիային, Եգիպտոսին,... Ռուսաստանին սիրեր, եւ բոլորն էլ, անգամ Ֆիլիպինների նախագահը, ԱՄՆ-ին սիրեին, նաեւ իրար: Ավելի ճիշտՙ ի՞նչ չէր լինի... |