ԽՈՐՈՎԱԾԸ ՇԱՏ ԼԱՎ ԲԱՆ Է Հ. ԱՖՅԱՆ Առանց գինի անհամ բան է Երբ հասարակությունը պահանջում է պատժել, ուրեմն պետք է պատժել: Ճիշտ է հասարակությունը հաճախ պահանջում է բաներ, որոնք չպետք է անել, կամ անհնարին է, օրինակ աշխատավարձերի բարձրացում, կամ առհասարակ աշխատավարձ, հողեր չհանձնել, կամ առհասարակ հողեր, բայց դա այլ պատմություն է: Կոնկրետ դեպքում հասարակությունը, գոնե դրա մեծամասնությունը պահանջում է պատժել Նարեկ եւ Մարինա Ավայաններ ամուսիններին: Ի դեպ, Մարինան ազգությամբ ղազախ է, զույգն արդեն մեկ տարի է ապրում է Երեւանում եւ ունի 8 ամսական որդիՙ Արամը: Բանն այն է, որ 2015-ի հոկտեմբերի 10-ին Նարեկն ու Մարինան աններելի հանցագործություն են կատարել: Ճիշտ է, այդ օրը նրանք ամուսնացել են, բայց հանցագործությունն ամենեւին էլ ամուսնանալը չէ: Հարսանիքի օրը լուսա եւ տեսանկարահանող ընկերությունը, որի անունը չեմ տալիս, նախ գովազդից, հետո էլ նրա համար եւս պատիժ սահմանելուց խուսափելու համար, փեսա Նարեկի հետ որոշում են մի խենթություն ավել անել: Հարսանիքի խորովածը պատրաստել հենց Հանրապետության հրապարակումՙ հայտնի գորգի վրա, առավոտյան ժամը 5-ին, որպեսզի, ուշադրություն, ոչ մեկին չխանգարեն: Ու որ ամեն ինչ լուրջ լինիՙ տղաները հրապարակ են բերում մանղալ, կրակ են վառում, միսն են շարում, մի խոսքովՙ իսկականի պես: Պես, քանի որ հասկանալի է, հարսանիքի խորովածը հրապարակում չի պատրաստվել, այլ պարզապես նման խորոված նախաձեռողները ցանկացել են առանձնահատուկ բան մտցնել ավանդական ու հետեւաբար ձանձրալի հարսանեկան խորովածի պատրաստության մեջ, իրենց հիշողություններում: Այս պատմության մասին տեսանյութը օրերս միայն հայտնվեց համացանցում, եւ հասարակությունը ոտքի ելավ: Շատ արագ Հանրապետության հրապարակը, այն նույնը, որտեղ թքում են, ծխում-քցում են, օգտագործած անձեռոցիկների եւ ոչ միայն անձեռոցիկների կույտեր են ձեւավորում, դարձավ երկրի, պետության, ազգի խորհրդանիշ, գլխավորըՙ խորհրդանիշերից, ու հետեւաբար այնտեղ խորոված անելը դարձավ ազգային պարսավանքի թիրախ: Շատ զայրացած մարդիկ թեմայի շուրջը հրավիրեցին պատկան մարմինների ուշադրությունը, որ գտնեն ու անմիջապես ու անվերապահ պատժեն խորոված անողներին, այդ որոշումը կայացրածներին, մի խոսքովՙ բոլորին, բացի խորոված ուտողներից, քանի որ խորոված ուտելը մեզանում, ինչպես գիտենք, սրբություն է, գրեթե Հանրապետության հրապարակի պես: Ինքըՙ Նարեկը, դեպքի առնչությամբ հայտնել է, որ պատկան մարմինները, կոնկրետՙ ոստիկանությունը իրենց տեսել ու մոտեցել են դեռեւս 2015-ի հոկտեմբերին, այսինքն հենց նույն օրը: Նարեկն ասել է, որ ոստիկանները մոտեցան, մեզ ասացին, որ այստեղ խորոված անել չի կարելի, մենք էլ շատ արագ հեռացանք, ու որեւէ խնդիր չի առաջացել ու հիմա էլ չկա: «Մենք պարզապես որոշել էինք խենթություն անել», խոստովանել, կամ ճշգրտել է Նարեկը: Բայց սա, հասկանալի է, հերիք չէ, քանի որ հասարակությունը պահանջում է պատիժ: Ու մինչ զայրացածները, հանգիստ ոստիկանությունը եւ երջանիկ Ավայանները ընդհանուր հայտարարի կգան, գուցե անգամ խորովածի սեղանի շուրջ, որտեղ բոլոր հասարակ հայտարարները շատ արագ են գտնվում, ասեմ, որ Իսպանիայի, ներողություն, Կատալոնիայի Բարսելոնա քաղաքի բնակիչ սենյոր Անտոնիո Գարսիան պատժվել է: Ճիշտ է, նրան չեն պատժել պատկան մարմինները, այլ Աստված, բայց Աստծու պատիժը համարվում է ավելի դաժան, անգամ նույնՙ պատկան մարմինների համար: Սենյոր Գարսիան դեռեւս երիտասարդության տարիներից զբաղվում էր գինեգործությամբ, հիմնել էր սպիտակ եւ կարմիր ընտիր գինու սեփական արտադրությունը: Բայց նրա հարազատները, ընկերները, բարեկամները տանել չէին կարողանում սենյոր Գարսիային, ոչ թե որովհետեւ նա իր բարեկամներին ֆինանսապես չէր օգնում, այլ քանի որ Անտոնիոն ահավոր հարբեցող էր: Օրական խմում էր 1,5 լիտր գինի, իհարկե սեփական արտադրության: Դե քանի որ հարբեցողությունը Իսպանիայում, ներողություն, Կատալոնիայում չի համարվում հանցագործություն, գրեթե այնպես, ինչպես մեզանում խորոված անելն ու կրակի մոտ մի-մի բաժակ խմելը, Գարսիայի ոչ ընկերները, ոչ բարեկամները, ոչ էլ պատկան մարմինները չեն կարողացել պատժել սենյորին: Ստիպված գործին միջամտել է Աստված: Սենյոր Գարսիան օրերս մահացել է, բայց ամենակարեւորըՙ հանգուցյալը 107 տարեկան էր: 107 տարվա խենթություններով լի կյանք եմ մաղթում Նարեկին, Մարինային եւ նրանց որդի Արամին: Նվազագույնը 107 տարվա: Իսկ գիտե՞նք, որ Հանրապետության հրապարակում ռաբիս համերգներ չի կարելի: |