ԳԱՆՁԱԳՈՂԵՐԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ Սկիզբը` նախորդ համարում Անգեղակոթ համայնքի վարչական տարածքում գտնվող հանրապետական նշանակության «Պոլիգոն» հնավայրի մշակութային շերտը վնասելու դեպքի առթիվ 26.10.2015թ. Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը կարճվել էՙ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Այստեղ էին գտնվում Ք.ա. 6-4 հազարամյակի բնակատեղի եւ բրոնզեդարյան ու միջնադարյան բարձրաքանդակ նշաններ, որոնք արդեն չկան: Հնագետները նշում են, որ օլիգարխները հողեր կամ հանքավայրեր են ձեռք բերում մշակույթի նախարարության գործուն աջակցությամբ: Այդ տարածքները որպես հնավայր հաշվառված են կառավարության համապատասխան որոշումով, հուշարձանների ցանկը կազմվել է դեռեւս 1920-ական թվականներին: Ամեն անգամ, երբ նորահայտ հուշարձաններին կարգավիճակ տալու համար կառավարությունը որոշում է թարմացնել այդ ցուցակը, հնագիտության ինստիտուտից թաքուն, մեկ այլ որոշումով տարածքը հանվում է պատմամշակութային հուշարձանների ցանկից եւ օտարվում: Այդպիսովՙ մշակութային տարածքը դառնում է հանքավայրի տարածք, որին մշակույթի նախարարությունը դեմ չի լինում, հուշարձանը մնում է հանքավայրի տակ, եւ թալանվելուց հետո ոչնչացվում է: «Մենք մի քանի անգամ այդպես տանուլ ենք տվել. Ուջան եւ Աղավնատուն գյուղերի տարածքում գտնվող հրաշալի հնավայրը վերածեցին քարհանքի, չարամտորեն քերեցին իշայծամի յուրօրինակ ժայռապատկերը: Կամարիս գյուղի ավազի հանքավայրի տարածքում բացառիկ հուշարձան կար, 4-5 տարի առաջ այն այլեւս չկար»,- պատմում է պրն Ավետիսյանը: Սյունիքը միակ տարածքը չէ, որտեղ գանձագողերն անարգել ավերում են: Հնագետների վկայությամբՙ կան բրիգադներ, որոնք «սանրում» են տարածքները Հայաստանում եւ Արցախում: Նրանց թիրախում են, հատկապես, Արտաշատ անտիկ քաղաքը, Լճաշենի դամբարանադաշտը, հնավայրերով հարուստ Կոտայքի մարզը, Կովսականը: Հուշարձաններն ավերելու վերաբերյալ հարուցված բոլոր քրեական գործերը կասեցվել ենՙ կատարողին չբացահայտելու պատճառաբանությամբ: Հայտնաբերված գանձագողերն անգամ պատասխանատվության չեն ենթարկվում, գողոնն առգրավելու դեպքերում կա՛մ քրեական գործի հարուցումը մերժվում է, կա՛մՙ քրեական գործը կարճվում է: Լավատեղյակները պնդում են, որ գանձագողությունը Հայաստանի վերնախավի կողմից կառավարվող բիզնես է: Քննչական կոմիտեն Լճաշենի դամբարանադաշտում կատարված ավերածությունների վերաբերյալ 2 քրեական գործ է հարուցել, երկուսն էլ անցյալ տարի կասեցվել են մեղադրյալի անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: 10.06.2016թ. Բնակատեղի Լճաշեն հուշարձանի տարածքում գտնվող քարի արտադրամասի աշխատակիցները քար եւ խիճ ձեռք բերելու նպատակով հնավայրում իրականացրել են հողի քանդման ապօրինի աշխատանքներ: Հնավայրի բլուրներից մեկի մոտ 50 մ երկարությամբ տարածք է քանդվել: Բացի այդ, գանձագողության նպատակով բլրի գագաթին գտնվող 4 խաչքարերից մեկը շուռ է տրվել եւ տակը մոտ 2 մ խորությամբ փոս է փորվել, իսկ դրանից մի քանի մետր հեռավորության վրա տեխնիկայով քանդել եւ թալանել են մեկ դամբարան: Ըստ քննչական կոմիտեիՙ 2016թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին անհայտ անձի կողմից Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող Ք. Ա. 3-2 հազարամյակի «Բնակատեղի Լճաշեն» հանրապետական նշանակության հուշարձանախումբը վնասելու դեպքի առթիվ 04.11.2016թ. հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել էՙ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ: Լճաշենի դամբարանադաշտում երկրորդ հանցագործությունը կատարվել էր 2016թ. սեպտեմբերին: Ոստիկանության «02» հաղորդաշարը ներկայացրեց սեպտեմբերի 14-ին գանձագողության կասկածանքով մարզային վարչություն բերված Լճաշեն գյուղի բնակիչ 43-ամյա Արտակ Հարությունյանին: «Իր գտածոները ներկայացնելուց բացի, նա նաեւ խոսեց դրանք ձեռք բերելու միջոցի մասին: Չի ժխտում, որ մետաղական դետեկտորի օգտագործմամբ է դրանք ձեռք բերել»,- հաղորդում է տեսանյութի հեղինակը: Այս քրեական գործի վարույթը քննչական կոմիտեն նույնպես կասեցրել է մեղադրյալի անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: «24.10.2016թ. ՔԿ Գեղարքունիքի մարզային վարչության Սեւանի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին եւ 264-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ անհայտ անձի կողմից գործով չպարզված հանգամանքներում թվով 11 հատ մշակութային արժեք ներկայացնող տարբեր առարկաներ, կավե տարաների ջարդոններ ձեռք բերելու եւ դրանք 2012-2013թթ. աշնանը Երեւան քաղաքի Վերնիսաժ տոնավաճառում Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ Արտակ Հարությունյանին վաճառելու դեպքի առթիվ»,- մեր գրությանն ի պատասխան` հայտնում է քննչական կոմիտեն: Միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցի գագաթնակետը համարվող Հավուց թառ եկեղեցական համալիրում 2015թ. աշնանը պեղումներ կատարելու ժամանակ հնագետները բացառիկ մատուռ պեղեցին: Նրանց հեռանալուց հետո գանձագողերը քանդել են մատուռի կիսակլոր շարվածքը եւ պատի մեջ անցք են բացել: «Հասկացող մարդ է եղել, բարեբախտաբար, շարվածքի արձանագրությունները, խաչաքանդակներով քարերը տեղափոխվել են մի փոքր հեռու»,- հայտնեց հնագետ Արման Նալբանդյանը : Այս գործի քննությունը նույնպես կասեցված է: «Հնագիտական արշավախմբերը եթե դաշտում չեն, այդ հուշարձանները վաղ թե ուշ դառնում են գանձագողերի գործունեության ընտիր դաշտ, անկախ նրանից` պեղվա՞ծ տարածք է, թե՞ ոչ: Մենք մեկ տարում չենք կարողանում ավարտել պեղումները եւ ցույց տալ, թե ինչ արդյունքներ ենք հանձնել պետությանը: Եթե մենք պեղումներն ընդհատում ենք, դու ես արդեն պեղում: Հաշվետվություններ եմ ներկայացնում եւ մշակույթի նախարարությունում ինձ հարցնում են` ի՞նչ միջոցներ եք ձեռք առնում հուշարձանի տարածքը պահպանելու համար: Այս ընթացքով սա անհեթեթ պահանջ է, բայց Հայաստանի պարագայում դա ծանր հետեւանք կարող է ունենալ»,- ասում է հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը : «Սեւ հնագիտությունը» կամ գանձագողությունը միշտ եղել է, մարդկության սկզբից մինչ օրս, բայց հնագետների ասելովՙ խորհրդային տարիներին այդքան շատ չէր, որովհետեւ դատապարտվում էին: Հիմա Հայաստանում «սեւ հնագիտությամբ» զբաղվողներ շատ կան, որովհետեւ գանձագողությունը հեշտացել է: Նրանք արդեն լավ զիված ենՙ գործիքներով են փնտրում, յուրաքանչյուր քաղաքացի կարող է մետաղորսիչ սարք գնել եւ ներմուծել: Խորհրդային տարիներին այդ գործիքները պետական համարանիշով հատուկ գիտարշավներին էին հատկացվում: Դեդեկտորներ ունեն, որոնցով երեւակում են որոշակի տարածքներ` իմանալով, որ դա պահպանվող հուշարձանի տարածք է: Այսինքն` իմանալով, որ հանցագործություն են կատարում: Ռենտգեն սարքերը մի քանի հազար դոլար արժեն, դա նշանակում է, որ այդ մարդկանց շահույթը թույլ է տալիս, որպեսզի թանկ աշխատանքային գործիքներ ձեռք բերեն: Հայաստանում կան մասնագետներ, որոնք վճարով գնահատում են այդ գողոնը: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը շեշտում է, որ դրանք կազմակերպված խմբեր են, եւ նրանց գողոնի զգալի մասը երկրից դուրս է գալիս թե՛ ցամաքային, թե՛ օդային ճանապարհով: «Այդ կազմակերպվածության մակարդակը բավականաչափ մասնագիտացված եւ խորացված է, որ ե՛ւ օդանավով հնարավոր լինի անցկացնել, ե՛ւ մեքենայով: Քանի դեռ չեմ տեսնում, որ որեւէ մեկը պատժվի, չնչին բացառություններով, ես այլ ենթադրություն չեմ կարող անել, քան որ դա կազմակերպված եւ ի վերուստ հովանավորվող բիզնես է»,- շեշտում է հնագետը: Ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը ներկայացնում է գանձագողերի շղթայական կապը. «Վերնախավից մարդիկ կան, որոնք խմբեր ունեն իրենց կողմից ֆինանսավորվողՙ 40-50 հազար եվրո արժողությամբ սքաներները բերում են ու իրենց համար փնտրում: Ես էդ խմբերին էլ գիտեմ: Հնագետներ ունեն, որոնք «գիտականորեն» են այդ ամենն անում, հանածն ուղարկում են, որպեսզի նրանք բնութագրեն: Օլիգարխները կոլեկցիաներ ունեն, գնում են նրանցից: Մի երկրում, երբ արգելված է որեւէ հնագիտական իր վաճառելը կամ սահմանից դուրս բերելը, բայց Վերնիսաժում բացահայտ վաճառում են, ուրեմն տերեր ունեն իրենց գլխին: Մեր հնագիտական իրերը Իրանում, Վրաստանում են հայտնվում, անցնում են Ադրբեջան»: «Ես 3-4 հոգու գիտեմ, որոնք վաճառում են, գիտեմ մի քանիսին, ովքեր գնում են: Ինձ ուղարկում են նկարները, ես հայտնում եմ Պատմության թանգարանին, որպեսզի գնեն: Ինչպես Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում ենք հանդիպում զանազան օլիգարխիկ դրսեւորումների, այդ նույնն իրականություն է նաեւ մշակութային ժառանգության քաղաքականության մեջ: Այսօր մշակութային ժառանգության պահպանման հարցում լուրջ խնդիրներ կան, եւ այդ խնդիրներին խառնված են զանազան օլիգարխներ, բարձրաստիճան զինվորականներ: Ջուղայից հետո Նորատուսն ու Առինջի խաչքարերի դաշտը եզակի են, որ մնացել են, բայց այսօր էլ այդ խաչքարերի տակ թաղումներ են անում եւ Հայաստանի իշխանություններն ի զորու չեն կանխելու այն»,- ասում է հնագետ, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը : Հնագետների ասելովՙ ամենաշատը անտիկ շրջանի դրամներն են երկրից դուրս հանվում` Տիգրան Մեծի, Արտավազդ թագավորի դրամները: Շատ հաճախ դուրս են տարվում այնպիսի առարկաներ, որոնք նույնիսկ մեր Պատմության թանգարանը չունի: «Որպես կանոն, այդ առարկաների մասին մենք հետագայում պատկերացում չենք ունենում, որովհետեւ դրանք գնում են մասնավոր կոլեկցիոներների մոտ եւ, ըստ էության, կորչում են ե՛ւ հանրության, ե՛ւ գիտության համար»,- իր վրդովմունքն է արտահայտում պրն Զարդարյանը: «Դրանցից յուրաքանչյուրը ցուցադրության համար եւ տվյալ ժամանակաշրջանի մասին պատմող շատ լավ բաներ են, բայց դրամական մեծ արժեք չունեն: Երբ հանեց` գիտական առումով այն արդեն իսկ արժեզրկված է, այդ առումով հսկայական վնաս են տալիս: Ասում եմ` լավ ինֆորմացիա կա սրա մեջ, մի՛ տար Վերնիսաժ, ես դրան կարող եմ հանդիպել այլ երկրում, որը Հայաստանի պատմությունը խեղաթյուրելու հնարավորություն է տալիս»,- ավելացնում է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Մաքսային ծառայությունը վերջին 5 տարիներին Հայաստանից դուրս բերվող հնագիտական նշանակություն ունեցող մշակութային արժեքների մաքսանենգության միայն մի դեպք է կանխել: «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում Երեւան-Մոսկվա չվերթով Մոսկվա քաղաք մեկնող ուղեւոր Արտաշես Թառումյանի ուղեբեռից հայտնաբերվել են տարբեր տեսակի մշակութային արժեքներ: Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով հաստատվել է, որ քաղ. Արտաշես Թառումյանը 2013թ. ապրիլի 27-ին ՀՀ մաքսային սահմանով մաքսային հսկողությունից թաքցնելով տեղափոխել է իրեն պատկանող 4.490.500 դրամ արժողության պատմական եւ հնագիտական նշանակություն ունեցող իրեր: «Նշված դեպքով մաքսանենգության առարկաներ են հանդիսացել ընդհանուր` 443 հատ մետաղադրամներ, թղթադրամներ, նամականիշներ եւ բանկային չեկեր: Նախապատրաստված նյութերով` 28.10.2013թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` 03.10.2013թ. ընդունված համաներման ակտի հիմքով»,- հայտնում է Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Այնուհետեւ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Կենտրոն դատարանՙ ընդդեմ Արտաշես Թառումյանի եւ Պետական եկամուտների կոմիտեի` պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին: Դատարանը (դատավոր Էդիկ Ավետիսյան ) մերժել է գլխավոր դատախազության հայցը: Նախաքննության ժամանակ նշանակվել է արվեստաբանական եւ մշակութաբանական փորձաքննություն, «որի կատարումը հանձնարարվել է ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Կատարված փորձաքննությամբ հիմնավորվել է, որ «443 հատ իրերը արվեստաբանական, պատմամշակութային, գեղարվեստական կամ համաշխարհային առանձնակի արժեք չեն հանդիսանում, քանի որ ՀՀ կառավարության 2005թ. հոկտեմբերի 13-ի թիվ 1643-Ն որոշմամբ հաստատված «Մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկում» ընդգրկված չեն»: Նույն եզրակացությամբ հիմնավորվել է նաեւ, որ դրանք ունեն միայն պատմական, հնագիտական նշանակություն: Առգրավված իրերը վերադարձվել են տիրոջը: Մշակութային արժեքները թալանվում են բոլոր տեղերիցՙ հնավայրերից, թանգարաններից, պահեստարաններից, եւ դրանց վերաբերյալ հարուցված բոլոր քրեական գործերը կասեցվում են կատարողին չբացահայտելու պատճառաբանությամբ: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում ժամանակավորապես պահվող «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարան մասնաճյուղի հավաքածուից 1.450.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության թվով 4 կարպետների եւ 3 գորգերի յուրացման դեպքի առթիվ 12.05.2016թ. Արմավիրի մարզի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով: «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդում 2015թ. սեպտեմբեր ամսին կատարված գույքագրման արդյունքում պարզվել է, որ ֆոնդում բացակայում են թվով 11 առարկաներ: Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնից մեր գրությանն ի պատասխան հայտնում են, որ 2015թ. իրականացվել է հանձնում-ընդունում, որի ժամանակ պարզվել է, որ ֆոնդում բացակայում են 1 հատ բյուզանդական դրամ, 6 հատ սելջուկյան դրամ (պղինձ), 2 հատ իրանական դրամ (պղինձ), կնոջ արձանիկ (բրոնզ), 1 հատ կախիկ (բրոնզ): 28.10.2015թ. հարուցված քրեական գործի վարույթը 8 ամիս հետո կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով: Նշենք, որ այս ֆոնդում պահպանվում են պեղումների ընթացքում հանված բոլոր այն իրերը, որոնք չեն թանգարայնացվել կամ դեռեւս չեն թանգարայնացվել: Քննիչը մեզ տրամադրել է նաեւ անհետացած իրերի ֆոտոպատճենները, որոնք լիարժեք տեսանելի չեն, ուստի ներկայացնում ենք նույն ժամանակաշրջանը ներկայացնող այլ դրամներ: «Ազգը, եթե մշակույթ ու պատմություն չունիՙ վերացավ որպես ազգ: Սա ծրագիր է, սա հատուկ է արվում, պատմությունը ջնջելու նպատակով»,- համոզված է Ստեփան Նալբանդյանը: «Այսօր ինտերնետային շուկան, սեւ շուկան շատ ավելի մեծ է, քան պաշտոնական աուկցիոներները: Թալանվեց Բաղդադի թանգարանըՙ վերադարձվեց չնչին մասը, մնացածը գնաց սեւ շուկա: Թալանվեցին Մոսուլի, Հալեպի թանգարանները, թալանվեց Պալմիրան եւ այդ բոլորը գնաց սեւ շուկա»,- գործընկերոջ միտքն է շարունակում Մկրտիչ Զարդարյանը: (Շար. 2 եւ վերջը հաջորդիվ) |