ԻՐԵՆԻՑ ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԳՅՈՒՂԸ ՍՎԵՏԱ ԱՐՈՅԱՆ, ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետ, Հեռուստալրագրություն-3-րդ կուրսի ուսանողուհի Գեղարքունիքի մարզի Գյունաշլի գյուղը 1991թ-ի ապրիլի 3-ից վերանվանվել է Կուտական: Առաջին հայացքից կարող ենք խաբվել տների առատությանը, որոնց կեսը սակայն դատարկ է: Գյուղն ունի 220 բնակիչ, որոնց մեծ մասը մտածում է գյուղից հեռանալու մասին: Բնակիչները բողոքում են, որ իշխանությունները բացարձակապես անուշադրության են մատնել գյուղը եւ միայն ընտրությունների ժամանակ են հետաքրքրվում, որն էլ ոչինչ չի փոխում: Նրանց համար ամենամեծ դժվարությունը խանութի բացակայությունն է: Բնակիչներն ասում են, որ ինչ-որ բան գնելու համար պետք է հասնեն հարեւան Մեծ Մազրա գյուղ: Կուտականն ունի դպրոց, որում միայն մի քանի դասարան է վերանորոգված, իսկ ջեռուցում գոյություն չունի: Ծնողները բողոքում են, որ նորմալ ջեռուցման փոխարեն վառվում է պլիտա, որն էլ օգուտ չի տալիս: Երեխաներն ասում են, որ ցրտի պատճառով շատ են բացակայում դասերից: Նրանց հիմնական զբաղմունքը ծնողներին օգնելն է տնային գործերում: Կա գյուղապետարան, որտեղ հնարավոր չէ գտնել աշխատողներին, իսկ գյուղապետիՙ Ահարոն Աբրահամյանի հետ խոսելուց պարզ դարձավ, որ նրան ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ վիճակում է գտնվում գյուղը, եւ չկա վերանորոգման աշխատանքներ սկսելու ծրագիր: Յուրաքանչյուր գյուղի համար ամենակարեւորը բուժկետի առկայությունն է, իսկ Կուտական գյուղում բուժկետը երեւում է գետնին թափված մի քանի դեղահաբերով եւ կոտրված բժշկական սարքավորումներով: Բուժկետի կողքին գտնվող փոքրիկ սենյակի կիսաջարդ դռան վերեւում էլ գրված է «գրադարան», որն է՛լ ավելի վատ վիճակում է: Համայնքի ղեկավարի պարտականությունների թվում է նաեւ համայնքային ենթակայության գրադարանների գործունեության, դրանց շահագործման եւ նորոգման աշխատանքների իրականացումը: Սակայն, ինչպես շատ համայնքներում, այստեղ եւս տեղական բյուջեն սուղ է, ուստի որեւէ հարց չի լուծվում հօգուտ գրադարանների, որից ամենաշատը տուժում են դպրոցում սովորող երեխաները: Գրադարանավարուհին ասաց, որ գրքերի մեծ մասը տեղափոխել է իր տուն, իսկ մնացած գրքերը բնակիչները տարել են. ինչ էլ որ մնացել էՙ հնարավոր չէ փրկել, քանի որ խոնավությունից ամբողջովին խունացել են: Կան նաեւ այրված գրքեր, որոնք այրել են գյուղի փոքր երեխաներըՙ պատճառաբանելով, թե արել են տաքանալու համար: Կուտականն ունի երկու կամ երեք ուսանող, ովքեր իրենց անհրաժեշտ գրքերը վերցնում են գրադարանավարուհուց: Գյուղում զարգացած է անասնապահությունը եւ հողագործությունը, քանի որ ի տարբերություն Հայաստանի մի շարք գյուղերիՙ այստեղ չկա ոռոգման ջրի խնդիր, քանի որ գյուղի միջով անցնում է Գետաշեն գյուղից եկող փոքրիկ գետակը եւ թափվում Սեւանա լիճ, բայց քանի որ կլիման ցուրտ է, ոչ բոլոր մրգերն ու բանջարեղեններն են աճում: Այսպես է անցնում բնակիչների առօրյան այս փոքրիկ գյուղում, որն իր ծանր կացությունը պահպանում է ե՛ւ ընտրություններից առաջ, ե՛ւ հետո: |