ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ORF-Ը ՄԱՅԻՍԻ 27-ԻՑ ՀԱՅԱՑՔՆ ՈՒՂՂԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Ավստրիական մշակութային, տեղեկատվական հեռահաղորդակցական ամենամեծ մեդիումըՙ ORF-ը ռադիոյի oe1 ալիքով «Կողքին» ծրագրի շրջանակներում մեկ շաբաթ շարունակ բացահայտելու է Հայաստանը: Ռադիոյիՙ տարիների պատմություն ունեցող «Կողքին» ծրագիրը մանրամասն պատմում է Եվրոպայի հարեւանների մասինՙ նպատակ հետապնդելով դրանց հետ ունկնդրի առավել հանգամանալից ծանոթության: Մեր կարծիքով, Հայաստանին հայած, խոշորացույցի տակ զննելի այս հայացքն իր առանձնահատուկՙ զուտ ճանաչողական նշանակությունն ընդլայնում է, եթե հաշվի առնենք, որ ԵԱՀԿ նախագահող երկիրն է դրա հեղինակը: Կա նաեւ մեկ ուրիշ շեշտադրում. Ավստրիան կտրուկ, անզիջում դեմ է արտահայտվում մեր հարեւանիՙ Թուրքիայի ԵՄ անդամակցությանը, ինչն այս օրերին դարձյալ հատու շեշտով ընդգծվում է երկուստեք: Մայիսի 27-ին ժամը 15.05-ին Տիգրան Մանսուրյանի եւ Գեորգի Գուրջիեւի երաժշտության հնչյուններով կբացվի մեր երկրի ձայների դուռը, այնուհետ ժամը 17.05-ին «Ուղղահայաց. Ռադիո ժամանակակցի համար» վերնագրյալ հաղորդումը կպատմի Շառլ Ազնավուրիՙ երգչի, հեղինակի, դերասանի, դեսպանի մասին: Ժամը 23.03-ին ռադիոեթերը հրավիրում է ջազի սիրահարներին, դաշնակահար Կարեն Ասատրյանի մեկնաբանությամբ. ի թիվս հայ այլ երաժիշտների հնչելու են Տիգրան Համասյանի, Արտո Թունջբոյաջյանի ստեղծագործությունները: Կիրակիՙ մայիսի 28-ին, ժամը 7.05-ին հեռարձակվող հաղորդման մեջ պատմվելու է Ս. Էջմիածնի վանական համալիրի մասին: Այնուհետ կիրակնօրյա առավոտը ժամը 8.15-ից կլցվի Օսիպ Մանդելշտամիՙ Հայաստանին նվիրված քնարական «աղոթքով», որ հասանելի կդառնա Կորնելիուս Օբոնյայի ընթերցանությամբ: Իսկ ժամը 10.05-ին ռադիոունկնդիրը կծանոթանա հայոց վանքերին, խաչքարերին, քարանձավներին: Երեկոյան եթերը ժամը 19.30-ից կտրամադրվի Հայաստանի հարցերի փորձագետ Հերբերտ Մաուրերին, որի ուղեկցությամբ ունկնդիրն առիթ կունենա «շրջել» հայաստանյան տարբեր բնակավայրերով, ունկնդրել հայերի երաժշտական բազմաշերտ գունապնակը, բացահայտել Կոմիտասին: Ի դեպ, ավստրիացի ռադիոծրագրի հեղինակները հատուկ հաղորդում են նվիրել նաեւ հայկական ռադիոյին, որի համբավը, ի զարմանս եւ հուրախություն մեզ, ԽՍՀՄ- ի գոյությունից էլ անկախ, շարունակում է հեղինակավոր իր վարկանիշը չկորցնել, հատկապես գերմանախոս երկրներում: Մարոլդ Լանգեր Ֆիլիպպսենի «Երեւանյան ռադիոյի մասին ողջ ճշմարտությունը» հաղորդման շրջանակներում հանդիպում է սպասվում երեւանցի կոլեգաների հետՙ Հայաստանի ռադիո իրական այցելությամբ: Մայիսի 29-ից հունիսի 3-ը ժամը 6.56-ից մշակութաբան, հրապարակախոս Բարբարա Դենշերն իր տպավորությունների շարքը կներկայացնի Հայաստանի մասին: «Քարերի երկիր. Փոքր պետություն, մեծ սփյուռք» վերնագրյալ հաղորդումը կարելի է ունկնդել ժամը 9.05-ին, այնուհետ ժամը 9.45-ին ռադիոեթերը կանդրադառնա Սայաթ-Նովային: Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 11.05-ին հատուկ անդրադարձով կհեռարձակվեն հայոց պատմությանն առնչվող նյութերՙ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրերը» վեպըՙ հատվածաբար, մայիսի 30-ինՙ Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը», հաջորդ օրըՙ Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը», հունիսի 1-ինՙ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը», ինչպես նաեւ հունիսի 2-ին Հերբերտ Մաուրերի «Եվ Աստված խոսում է հայերեն» գրքից հատվածներ: Երկուշաբթիից ուրբաթ ժամը 17.09-ին «Մշակութային հանդես» հաղորդման շրջանակներում անդրադարձ կլինի հայ ժամանակակից արվեստին, իսկ ժամը 17.55-ին հայագետ Յասմինե Դում Թրագութի հայացքը կսեւեռվի հայոց պատմության ողբերգական էջերին: Ժամը 23.03-ին «Ոգեղենություն եւ հայրենասիրություն» վերնագրյալ հաղորդումների շարքը կներկայացնիՙ մայիսի 29-ին Հայաստանի կամերային, 30-ինՙ սիմֆոնիկ, իսկ 31-ինՙ էլեկտրոնային երաժշտությունը: Մայիսի 29-ին ժամը 19.05-ին անդրադարձ կարվի Հայաստանի ճարտարապետության պատմությանը, 19.30-ին «Բեմում» վերնագրյալ հաղորդումը ներկայացնում է դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանին: «Արամ Խաչատրյան. Քաղաքական համակարգի կոմպոզիտորը» վերնագրյալ հաղորդումը կհեռարձակվի մայիսի 30-ին ժամը 14.05-ին, իսկ 16.55-ին ավստրիական ռադիոն կանդրադառնա «Թումո» կենտրոնին: «Երկիր ու երկինք» վերնագրյալ հաղորդումը, որ հեռարձակվելու է ժամը 17.30-ին, անդրադարձ է անելու հայոց գյուղերի երաժշտական բանահյուսությանը: «Հայաստան. ինքնություն փնտրող երկիր» հաղորդումը կհեռարձակվի ժամը 18.25-ին: «Կրոն եւ հասարակություն» վերնագրյալ հաղորդումը, որ նվիրված է Հայ առաքելական եկեղեցուն, կհեռարձակվի մայիսի 31-ին, ժամը 16.05-ին: Հունիսի 4-ին ժամը 7.05-ին ավստրիական ռադիոյի ունկնդրին հնարավորություն կտրվի ծանոթանալ Վիեննայի Մխիթարյան միաբանության գործունեությանը: Հպանցիկ մեր անդրադարձն իհարկե անկարող եղավ անդրադառնալ բոլոր հաղորդումներին, որոնց շարքում հիշատակվում են թե՛ հայկական խոհանոցը, թե՛ էկոլոգիական հողագործությունը. իսկապես մանրակրկիտ մշակված ծրագիր, որ առիթ պիտի տա մեր ռադիոհեռուստատեսության պատասխանատուներին նախանձախնդիր լինել ու... փորձել մրցակցել: |