ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՂ ԴԵՂԵՐ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Հիշո՞ւմ եք այն հայտնի անեկդոտը, երբ տարեց ամուսինները իրենց ամուսնության 50-ամյակի առիթով մտնում են դեղատուն եւ ամուսինը կնոջն ասում է. Սիրելիս, ի՞նչ կխմես...Եթե անգամ նման բան իրականում եղել է, այլեւս չի լինելու. կառավարության որոշմամբՙ մարտի 1-ից հակաբիոտիկներ, հորմոնային պրեպարատներ, կոդեին պարունակող բոլոր դեղերը, հուլիս 1-իցՙ բոլոր ներարկումային եւ հակաուռուցքային դեղերը, իսկ հոկտեմբերի 1-ից էլՙ բոլոր դեղերը բաց կթողնվեն բացառապես բժշկական կազմակերպության տված դեղատոմսի առկայությամբ: Եթե ավելի պարզ, ապա եթե մինչեւ մարտի 1-ը դուք գնում էիք ձեր բակի դեղատունը, որտեղ աշխատում է ձեր ընկերուհի (կամ ընկեր) Վարդուշի (կամ Արամի) ջահել ու կապույտ աչքերով աղջիկը, որին ուզում եք հարս բերել, եւ որը բժշկական կրթություն չունի, ու աղջիկը ձեզ սիրահոժար տալիս էր հակաբիոտիկ պարունակող դեղ, ապա մարտի 1-ից սկսած դուք նախ պետք է գնանք բժշկական հաստատություն (պոլիկլինիկա, օրինակ), այնտեղ հերթ կանգնեք, բժշկի հետ խորհրդակցեք, դրա համար 5000 դրամ վճարեք, վերջինս ձեզանից անալիզներ պահանջի (եթե առաջին անգամ եք գնում), ապա երկու օրից նորից գնաք, նորից հերթ կանգնեք, ապա ստանաք դեղատոմսը, որն, ի դեպ նոր նմուշի է լինելու, որից հետո նոր միայն կարող եք գնալ ձեր բակի դեղատունն ու գնել ոչ թե ձեր ուզած, այլ ձեզ նշանակված դեղը: Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ասել է, որ եթե նախկինում իրենք չունեին դեղերի բացթողման վերահսկողական մեխանիզմներ, ապա հիմա սահմանված են որոշակի վերահսկման գործառույթներ, որոնց միջոցով էլ այս ամբողջ գործընթացը տեղի է ունենալու: Մինչ դուք երկրորդ անգամ կկարդաք հարգելի փոխնախարարի այս խոսքը, որպեսզի մի բան հասկանաք, ասեմ, որ փոխնախարարը ցավոք չի նշել, թե ինչո՞ւ առողջապահության նախարարությունը նախկինում չուներ դեղերի բացթողնման վերահսկման մեխանիզմներ: Մինչդեռ Սերգեյ Խաչատրյանը կարող էր ասել. Դեղ հաճախ օգտագործող հարգելի ժողովուրդ, այն դեղատները, որոնցից դուք ամեն օր առեւտուր եք անում, իրականում չեն համարվում բժշկական հաստատություն, այնտեղ հաճախ աշխատում են մարդիկ, որոնք կամ թերի բժշկական կրթություն ունեն, կամ էլ առհասարակ չունեն, սակայն առողջապահության նախարարությունը որեւէ լծակ չունիՙ ազդելու դեղատնային բիզնեսի վրա, քանի որ այն մասնավոր է, ի դեպ, նախարարության որեւէ աշխատակից իր անձնական դեղատունը չունի, հետեւաբար մենք որոշել ենք դեղերի բացթողնման գործընթացը վերահսկել բժիշկների կամ բժշկական հիմնարկների միջոցով: Այս բացատրությունից հետո, կարծում եմ, «դեղերըՙ միայն դեղատոմսով» նոր քաղաքականությունից դժգոհողներն ավելի քիչ կլինեին, իսկ հիմա շատ են, ինչը ունի տարբեր պատճառներ: Օրինակ այն, որ մենք բժշկի չգնացող ազգ ենք, սա այն դեպքում, երբ մեր քաղաքացիների մոտ ինքնազգացողության վատթարացման պարագայում 43 տոկոսի դեպքում պատճառը քրոնիկ հիվանդություններն են, 20 տոկոսի մոտՙ անհասկանալի երեւույթները, ինչը նշանակում է, որ ամեն 5-րդ մարդ Հայաստանում տառապում է, բայց չգիտի, թե ինչով, եւ որն այս պարագայում ավելի կարեւոր էՙ չի էլ ուզում իմանալ, թե ինչով: Ստացվում է, որ մենք առավելաբար զբաղվում ենք ինքնաբուժությամբ եւ հենց այդ պատճառով էլ բողոքում ենք «դեղերըՙ միայն դեղատոմսերով» քաղաքականությունից: Ես իհարկե չեմ պնդի, որ այս որոշումից հետո դեղերի գինը Հայաստանում կբարձրանա, ինչպես հայտարարել է Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոն ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը (իմիջիայլոց, ինչպե՞ս է հնարավոր պաշտպանել հա՛մ տնտեսվարողների, հա՛մ էլ սպառողների իրավունքները միաժամանակ), քանի որ չեմ տիրապետում այս հաշվարկի մեխանիզմներին, բայց ես պնդում եմ, որ կառավարության այս որոշումը հերթական թարս որոշումն է, որն ընդունվում է մեր երկրում: Բացատրեմ. Հայաստանում ընդունված գրեթե բոլոր որոշումները, օրինակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու մասին, եւ վերջինըՙ սա, ընդհանուր առմամբ ճիշտ են: Բայց կոնկրետ դեղերի հետ կապված խնդիրն այն է, որ քաղաքացուն պետք է բժշկի մոտ ուղարկել ոչ թե դեղատոմսեր պարտադրելով, այլ բժշկի որակավորումն ու հիվանդանոցային պայմանները (ներառյալ պոլիկլինիկաների հերթերը եւ զուգարանները) բարելավելով: Այսինքն նախ պետք է սա կարգավորել, նոր ասելՙ հարգելի քաղաքացի, այսուհետ դեղ գնելու համար պետք է ունենաս դեղատոմս, որը քեզ սիրով եւ ժպիտով ու առանց հերթի եւ 5000 դրամով խորհրդակցության քեզ կտրամադրի մեր բարձրակարգ բժիշկը, որն աշխատում է մեր բարձրակարգ հիվանդանոցում: Այս դեպքում խնդիրը կլուծվեր, հիմա չի լուծվելու, քանի որ քաղաքացին չի հավատում, որ իրեն դեղատոմս տվող բժիշկը բարձր պրոֆեսիոնալ է ու չի ուզում ծերանալ պոլիկլինիկաներիի հերթի մեջ, ինչպես չէր հավատում, որ իր աշխատավարձից պահումները վերադառնալու են իրեն, երբ ծերանա: Առողջապահության փոխնարար Սերգեյ Խաչատրյանն այս կապակցությամբ ասել է. Մենք հասկանում ենք, որ պոլիկլինիկաներում հնարավոր է հիվանդների հոսքի ավելացում, կարող են հերթեր առաջանալ: Դրա համար կառավարության որոշման մեջ փոփոխություններ ենք նախապատրաստել, որոնք ներկայացնելու ենք այս շաբաթ կառավարության հաստատմանը: Է, եթե հասկանալի է, ուրեմն ինչո՞ւ նախ այս փոփոխությունները կառավարությունում չեք հաստատում, հետո ձեր վերահսկման մեխանիզմներով ամեն օր, օրը մի քանի անգամ չեք գնում պոլիկլինիկաներ ու չեք ստուգում իրավիճակը, նոր միայն դեղերին անցնում... Ամեն դեպքում, այն, որ դեղերը պետք է ոչ թե վաճառվեն, այլ բացթողնվեն, ճիշտ է, այն, որ դեղերը պետք է բացթողնվեն բացառապես բժշկի գրությամբՙ նույնպես ճիշտ է, բայց ինչպես գրեթե ամենուր, այնպես էլ այստեղ մեր խնդիրը որոշումը չէ, մեր խնդիրը թարսությունն է: Չնայած տվյալ պարագայում այլ խնդիրներ էլ ունենք, օրինակ այն, որ ինքնասպանության դիմաց կանանց մեծ մասը այդ քայլին դիում է դեղերի դոզան կամ քանակը չարաշահելով, իսկ դեղեր կարելի է գնել նույնիսկ սուպերմարկետների սիրողական դեղատներից, կամ այնՙ որ բժիշկները դեղեր նշանակում են ոչ այնքան հիվանդին օգնելու համար, այլ տվյալ դեղերի վաճառքին նպաստելու նպատակով, կամ այն, որ դեղատներում վաճառվող դեղերից տան պայմաններում հնարավոր է թմրամիջոց պատրաստել, կամ այն, որ... Առողջ եղեքՙ բոլոր առումներով...Ի դեպ, մրսածության դեպքում պարտադիր չէ դեղ խմել, լավ թեյն ու լավ մուրաբան օգնում են: Օրինակ մրսածության դեպքում: Հ. Գ.- Դեղերի ցանկը, որոնք միայն դեղատոմսերով են բացթողնվելու, առկա են առողջապահության նախարարության կայքում: Ի դեպ, շուտով հնարավոր է լինելու նաեւ օնլայն դեղատոմսեր ստանալը: |