RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 23-02-2018



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-02-23 20:40:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 4288, Տպվել է` 518, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՍՊԱՍԵԼԻՔՙ ՀԻՄՆՎԱԾ ՀԱՋՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Բանասիրական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոցենտ

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներ, ճանաչված տնտեսագետներ պրոֆեսոր Աշոտ Թավադյանը եւ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ընթացիկ տնտեսագիտական հետազոտություններ են կատարել նույնՙ «Հայաստանի տնտեսությունը 2017 թ.-ին ԵԱՏՄ-ում երկրի անդամակցության համատեքստում» խորագրով: Ստորեւ շարադրվող վերլուծական ակնարկը հիմնված է ինչպես այդ հետազոտությունների, այնպես էլ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս վերջերս արված որոշ այլ նույնաբովանդակ ուսումնասիրությունների տվյալների վրա: Ամեն դեպքում, Եվրասիական փորձագիտական ակումբի դեռ սեպտեմբերի վերջին արած կանխատեսումն այն մասին, որ հակառակ միջազգային կազմակերպությունների արած կանխատեսումների, Հայաստանի տնտեսական աճը գերազանցելու է 4%-ը, իրականություն դարձավ: Վիճակագրական մարմինների վերջերս արած հրապարակումը հաստատում է, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 7,7%, իսկ ՀՆԱ-ի աճըՙ մոտ 5,2%: Նոր տնտեսական տարվա սկզբում կարեւոր է հասկանալ, թե ի՞նչ ներուժ ունի մեր տնտեսությունը, եւ կարո՞ղ ենք արդյոք հավակնել աճի նույնքան տպավորիչ տեմպերի գալիք տարիների համար:

Տնտեսական աճ ապահովող հիմնական ոլորտները

Տնտեսական ակտիվության բարձր աճը 2017 թ. ապահովվել է արդյունաբերության հաշվին (որը նախորդ տարվա համեմատ աճել է 12,6%), առեւտրի հաշվին (որը նույն ժամանակահատվածում աճել է 14%), ծառայությունների հաշվին (որը նույն ժամանակահատվածում աճել է 14,4%) եւ շինարարության ծավալների վերականգնման (նույն ժամանակահատվածում 2,2%): Թեեւ ճիշտ է, որ գյուղատնտեսական արտադրության ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 3%-ով (ինչի բացատրությունը դեռ պետք է լրջորեն ուսումնասիրվի), սակայն գյուղատնտեսական ապրանքների եւ դրանց վերամշակված արտադրանքի ծավալները ԵԱՏՄ երկրներ (նախ եւ առաջ Ռուսաստան) էապես աճել են:

Կարեւոր է ընդգծել, որ դեպի Ռուսաստան գնացող հայկական արտահանման մեջ մեծ տեղ ունի պատրաստի արտադրանքը, ինչը մերօրյա պայմաններում երկրի տնտեսության դիմագիծ է գնահատվում: Եվրոպական միություն առաքվող ապրանքի մեջ գերակա տեղ ունի ալյումինիումի, պղնձի եւ մոլիբդենի հանքաքարի արտահանումը, ինչը հիմք է տալիս պնդելու, որ ճիշտ կլինի Հայաստանում վերամշակման եւ ձուլման արտադրություններ կազմակերպել վերոհիշյալ ապրանքի փոխարեն պատրաստի կամ կիսապատրաստի արտադրանք արտահանելու նպատակով: Տարվա կարեւոր նորություններից մեկն այն է, որ կոնյակի արտահանման հետ մեկտեղ եվրասիական շուկայում մեծացել է հայկական գինու արտահանումը, հասնելով 1,3 մլն.լ.: Եթե այս միտումը ապագա երկու տարիներին շարունակվի, ապա հայկական գինեգործությունը պատվավոր տեղ կզբաղեցնի մեր տնտեսական ներուժի մեջ: Աճել է հայկական թեթեւ արդյունաբերության (հագուստի եւ կոշկեղենի) արտադրությունը, ինչը նույնպես լավատեսություն է ներշնչում ոլորտի հետագա զարգացման առումով:

Աճել է արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը: Այս մասին ճշգրիտ տվյալներ դեռեւս հրապարակված չեն, սակայն հայտնի է, որ ինը ամսվա տվյալներով արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 1,2 մլն. սահմանագիծը: Այս թվի էական մեծացումը հնարավոր է դարձել, մասնավորապես, ՌԴ ներքին անձնագրերով Հայաստան ժամանող զբոսաշրջիկների շնորհիվ: Հարկ է ուշադրությամբ վերլուծել, ըստ երեւույթին, մարտին հրապարակվելիք վիճակագրական տվյալները, որովհետեւ զբոսաշրջությունը պարզ միտում է դրսեւորել դառնալու մեր տնտեսության զարգացման հիմնական ուղղորդիչներից մեկը:

Աճել է Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալը: Դրանց 65% գալիս է Ռուսաստանից եւ կազմում է 1,2 մլրդ. դոլար: Երկրորդ տեղում ԱՄՆ-ից ստացվող տրանսֆերտներն են (14%), երրորդ տեղումՙ Ուկրայինայից (5,5%): Այսպիսով, կարելի է պնդել, որ Ռուսաստանի աշխատանքի շուկան մոտակա տարիներին շարունակելու է ամենագրավիչը մնալ մեր արտագնա աշխատողների համար: Այդ պատճառով կարեւոր է հետեւել ԵԱՏՄ-ի ներսում միասնական աշխատանքային շուկայի ձեւավորման եւ կատարելագործման գործընթացին, նկատի ունենալով ոչ միայն պարզ աշխատանք կատարող բանվորական ուժը, այլեւ որակյալ մասնագետներին` բարձրագույն կրթությամբ, որոնց ժամանակավոր եւ մշտական աշխատանքի պայմանները լավացնելը դառնում է պետության կարեւոր խնդիրներից մեկը:

Դժվարին 2015 եւ 2016 թթ. հետո 2017 թ. Ռուսաստանը կանգնել է կայուն տնտեսական զարգացման գծերի վրա: Այդ փաստը ամենադրական ազդեցությունն է ունեցել նրա դաշնակիցների եւ գործընկերների տնտեսությունների, մասնավորապես ինտեգրման տարածքի փոքր տնտեսությունների վրա: Սա, առաջին հերթին, վերաբերում է Հայաստանին, որն ամենադրական արձագանքն է տվել Ռուսաստանի տնտեսական կոնյունկտուրայի բարելավմանը: Տարվա հաջողություն արձանագրած ոլորտները գալիս են հուշելու, որ ռուսական ներդրողների համար դրանք պետք է ավելի հրապուրիչ դառնան համաշխարհային տնտեսական եւ քաղաքական անբարենպաստ միտումների առկայության պայմաններում: Գյուղատնտեսական մթերքների մշակումը, թեթեւ արդյունաբերությունը, հյուրանոցային բիզնեսն ու սպասարկման ոլորտը, ինչպես նաեւ պաշտպանական արդյունաբերությունն ու IT տեխնոլոգիաների ոլորտը հստակորեն գծագրում են ԵԱՏՄ ներսում համագործակցության եւ կոոպերացիայի հնարավոր զարգացման ուղղությունները:

Իրատեսական սպասելիք 2018 թվականից

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տարվա սկզբում մի կանխատեսում էր արել, որտեղ, մասնավորապես, ասվում էր, որ 2018 թ. Հայաստանի արտահանման ֆիզիկական ընդլայնումը կսպառվի, ինչի արդյունքում երկրի ՀՆԱ-ի աճը կգծագրվի մոտ 2,5% շրջանում: Միաժամանակ ճշտվում էր, որ 2019 թ. ՀՆԱ-ն կրկին կաճի 5% ավել ծավալով: Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների, մասնավորապես, երիտասարդ տնտեսագետ Աղասի Թավադյանի կազմած Հայաստանի արտահանման եւ ներկրման ինտերակտիվ քարտեզի համաձայն (որը ներկայացվել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում անցկացված շնորհանդեսում) թե՛ արտահանումը եւ թե՛ ներկրումը աճի միտում դեռ կարող են դրսեւորել: Ակնհայտ է, որ մեր տնտեսությունը կարոտ է մեծածավալ ներդրումների երկրի արտադրական հզորությունները բազմապատկելու նպատակով: Պրոֆեսոր Աշոտ Թավադյանը պնդում է, որ ՀՆԱ-արտահանում հարաբերակցությունը պետք է հասցնել 30%-ի, իսկ թվային առումովՙ գերազանցել 3 մլրդ. դոլարի սահմանագիծը: Տեղեկանքի համար ասենք, որ 2017 թ. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ արտահանումը գերազանցեց 2 մլրդ. դոլարի սահմանագիծը, լավատեսական սպասելիք արթնացնելով տնտեսագետների եւ գործարարների շրջանում:

Երկու խոսք գործարարների մասին: Հայաստանի տնտեսության մեջ գնալով ավելի մեծ դերակատարություն ունեցող արտահանողները իսկական հերոսներ են, որոնց պետք է ըստ արժանվույն գնահատել: Մեր տնտեսական օրգանիզմը տարիների ցնցումներից եւ վայրիվերումներից հետո սկսում է կամաց-կամաց առողջանալ, իսկ երկրի դիմագիծը արժանապատվորեն պահող արտահանողները ապացուցում են հայկական ավանդական բրենդների եւ նոր ապրանքանշանների ուժեղությունը ռուսական շուկայում: Մեր տնտեսագետները գտնում են, որ քանի դեռ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ընթանում է քաղաքակրթական բախում արգելամիջոցների պատերազմի հետ միաժամանակ, մենք ունենք հնարավորություն արտոնյալ պայմաններում էլ ավելի մեծացնել գյուղատնտեսական եւ վերամշակող արդյունաբերության արտադրանքի արտահանումը Ռուսաստան: 2017 թ. այս միտումը դրսեւորվել է շատ պարզ, եւ բոլոր հիմքերը կան պնդելու, որ բավարար ներդրումների պայմաններում այս աճը կարող է շարունակական լինել:

Նոր ներդրումներ գրավելու մղումով

2018 թ. Հայաստանը հնարավորություններ ունի միջազգային հարթակներում իր մասին հպարտությամբ հայտարարելու: Լրանում է Արեւելյան Հայաստանի Ռուսական կայսրությանը միասնալու 190-ամյակը: Այդ պատմական իրադարձության ճակատագրական դերը հայության համար ժամանակին մանրակրկիտ ուսումնասիրվել եւ բարձրաձայնվել է: Մենք Ռուսաստանի հետ մեկ քաղաքակրթական, ռազմաքաղաքական, մշակութային տարածքում ենք եւ այս իրողությունը պարտավոր ենք ծառայեցնել մեր հետագա զարգացմանը, ժողովրդի բարգավաճմանը: Հակառակ հայ-ռուսական դաշինքի ու բարեկամության հակառակորդների ակտիվ խոսքին ու գործին, մեր ժողովուրդները իրար են կապված միլիոնավոր թելերով եւ Հայաստանը ուղղակի չի կարող չլինել Ռուսաստանի վստահելի բարեկամն ու դաշնակիցը: Թե այդ իրողության մեջ ինչպե՞ս ենք ներկայանալու արժանապատվորեն եւ հպարտՙ մեր քաղաքական, տնտեսական ու գիտամշակութային վերնախավերի շնորքի հարցն է:

Մայիսին լրանում է մեր պետականության վերականգնամ ն100-ամյակը: Առաջին աշխարհամարտի, Հայոց Ցեղասպանության, թուրքական ներխուժումների օրերին ծնված հայկական պետությունը, ինչ էլ որ լինի, հպարտությամբ եւ արժանապատվությամբ պետք է լցնի մեր սրտերը: Այս հոբելյանը եւս հնարավոր է ծառայեցնել միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ու երկրի գրավչության բարձրացման ազնիվ նպատակին: Պետությունը, ինչպես ամենուրեք, կաշխատի այնպես, ինչպես կպահանջի հասարակությունը իր գիտակցող ու նախաձեռնող մասով: Այնպես որ, փնովելուց ու դժգոհելուց առաջ հարկ է մի անգամ էլ մտածել, թե ի՞նչ ենք արել ինքներս:

Հոկտեմբերի 23-26-ին Երեւանում անցնելու է Եվրասիական շաբաթ: Այդ մասին որոշում է ընդունել ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհուրդը, որի նիստը վարչապետների մակարդակով անցյալ տարի տեղի ունեցավ Երեւանում: Սա մի բացառիկ հնարավորություն է հայկական ինտելեկտուալ ներուժը ներդրումների աճին ու համագործակցության մեծացման հնարավորություններին լավագույնս ծառայեցնելու համար: Կազմկոմիտեն, որը կձեւավորվի մոտ ժամանակներս, պետք է մի համապետական ուրույն կենտրոնակայան դառնա, որն ի վիճակի կլինի հասարակական կազմակերպություններին, գիտական կառույցների եւ անհատ փորձագետներին առաջնորդելու դեպի հաջողություն: Հայ փորձագիտական միտքը արդեն իսկ հարգված է եվրասիական զանազան կառույցներում: Մենք պետք է պահենք ու բազմապատկենք այս բարի համբավը: Պետությունից ակնկալելով համագործակցության հնարավորություն, մենք պետք է պատրաստ լինենք եվրասիական տարածքի գործընկերների հետ համագործակցությունն ու փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար: 2017 թ. այն առաջին տարին էր, երբ աճի միտում դրսեւորեցին բոլոր անդամ-երկրների տնտեսությունները: 2018 եւ 2019 թթ. համար կան կայուն աճի մասին փորձագիտական կանխատեսումներ: Շատ կարեւոր է, որ քաղաքական մեքենան պատրաստ լինի կառավարելու, ուղղորդելու տնտեսական գործընթացները, չթողնի արտադրողներին ու առեւտրականներին առանց աջակցության եւ միայնակՙ կույր շուկայի դեմ-հանդիման, այլ համաձայնեցված քաղաքականություն վարի դաշնակից երկրների հետ, ինչը որ, իմիջայելոց, պահանջում է նաեւ ԵԱՏՄ մասին Պայմանագիրը: Հայաստանում քիչ չեն տնտեսավարողները, գիտնականները, որակյալ մասնագետները, ովքեր հավատացել են եվրասիական ինտեգրման հաջողությանը եւ այդ թեման դարձրել են իրենց գործունեության դաշտ: Այս մարդկանց թիվը հարկ է մեծացնել: Դրա համար հարկավոր է պետության լուրջ դերակատարություն: Հաջող տնտեսական տարին մեզ հնարավորություն է տվել գլուխ բարձրացնելու ԵԱՏՄ-ի անդամ լինել-չլինելու մասին անպտուղ բանավեճերից եւ լրջորեն մտածելու բարեփոխումների ու զարգացումների մասին, որոնք դրական ազդեցություն կունենան մեր քաղաքական, հասարակական եւ գիտամշակութային կյանքի վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 23-02-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ