ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Վերջերս փաստաբան Վահե Գրիգորյանը տեսակետ էր հայտնել, թե նոր Սահմանադրության 125-րդ հոդվածի համաձայն 4-րդ նախագահը չի կարող ընտրվել Ազգային ժողովի կողմից, քանի որ այդ հոդվածը ուժի մեջ է մտնելու ՀՀ 4-րդ նախագահի լիազորությունների ստանձնման հաջորդ օրը: Այլ խոսքով` Հայաստանի նոր նախագահը պետք է ընտրվի նախկին Սահմանադրությամբ նախատեսված համաժողովրդական քվեով: Իհարկե, այս տեսակետը մեր սահմանադրագետները եւ փոփոխված Սահմանադրության հեղինակները հերքեցին` նշելով մեկ այլ հոդված, որը հավասարակշռում էր այդ հոդվածն ու հնարավոր դարձնում նախագահի` ԱԺ կողմից ընտրությունը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն , օրինակ, սահմանադրական ճգնաժամ ենթադրող տեսակետը վառ երեւակայության արդյունք էր համարել: Է, մի ասեք, պարոն նախարար, բա որ հետո Վահե Գռիգորյանը Սահմանադրական դատարան դիմի, ու ՍԴ նոր նախագահը դարձած լինի Հրայր Թովմասյանը, ու նա Դավիթ Հարությունյանի ջգրու` գտնի, որ, հա, սահմանադրականության հետ կապված խնդիր կա նախագահի ընտրության կարգո՞ւմ: Ամեն դեպքում`վառ երեւակայությունը չգիտենք, բայց իրավական գիտելիքների պակաս Վահե Գրիգորյանը կարծես թե չունի, իսկ ընտրություններից հետո սկսված որեւէ գործընթաց կվնասի նախագահի ինստիտուտին: Սա մի տեսակ նորություն մտցրեց Հայաստանի կյանքն այս պահին լցնող թեմաների մեջ, ու հետաքրքրական է, թե ինչ զարգացում կլինի այս ուղղությամբ: Իսկ մնացած մասով ամեն ինչ իր տրամաբանության մեջ է` արտաքին օրակարգում նախագահ Սարգսյանը շարունակում է բարենպաստ լույսի ներքո դրսեւորվել` Մյունխենում եւ անգամ Երեւանում` Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպման համապատկերում, ու անգամ մինչ այդ նոր նախագահի թեկնածուի հավաստիացումը ստացավ` կարդարացնի ԻՐ վստահությունը (այ քեզ բան): Խորհրդարանը շարունակում է արտահերթ նիստեր անել ու զարմանազան օրենքներ ընդունել, որոնք ոչ մի նորմալ ընդդիմախոսության չեն արժանանում, ոչ էլ քվեների ծանրակշիռ դիմակայության: Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն էլ շարունակում է իր հանդիպումները երկրի ներսում ու դրսում` էլ ավելի զարմանազան ու անդրծովյան բարձր բաներից խոսելով, որոնք հայերը հրաշալի հասկանում են, անգամ` համարձակվում են երազել դրանց մասին, բայց որոնք երբեք չեն տեսել: Եթե հայացք ես նետում նախագահ Սարգսյանի մյունխենյան հայտարարություններին, որոնց անգամ իշխանության վառ հակառակորդները սոցիալական ցանցերում դրական էին արձագանքում, հասկանում ես, որ ներկա իշխանությունը մի օրակարգում միայն` արտաքին, կարող է միավորներ հավաքել: Ու զարմանալիորենՙ նույն վիճակն է նաեւ Ադրբեջանում, որտԵղ այնքան խնդիրներ են կուտակվել, որ նախընտրական տրամաբանության մեջ գտնվող Ալիեւը ընդհանրապես կորցնում է իրականության զգացումը եւ ներսի խնդիրները փորձում հակակշռել պատմական տարածք անվանելով Երեւանն ու Գեղարքունիքը եւ մոռանալով, որ զառանցանքի ինչ- որ սահման անցնելուց հետո նրան իրավիճակին անհամարժեք, Նեւզորովի ասած` վտանգավոր խելագար կճանաչեն անգամ սեփական պետության համար: Եւ ուրեմն` ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի իրավիճակների առումով ինչ-որ նմանություն, այնուամենայնիվ, կա` երկու երկրում էլ մանեւրելու դաշտ է մնացել արտաքին օրակարգը, Ալիեւը պատերազմական սպառնալիքներ կարող է հնչեցնե՛լ (նախընտրական սոսկ), մերոնք կարող են ահարկու պատասխանել, երկու երկրներում էլ նախընտրական այս ժամանակի մեջ կարող է ահագնանալ պատերազմի ուրվականը` որպես քաղաքական գործիք, որն ի դեպ տարբեր ժամանակներում էլ լավագույնս ծառայել է իր նպատակին: Ամենեւին չի նշանակում, որ մենք չենք ջոկելու որոմը հատիկից` հարեւանին համարժեք պատասխանելով, բայց միաժամանակ վերադառնալով մեր ներքին խնդիրներին, որոնք շատ տարիներ եւ հատկապես հիմա լուծում են պահանջում, որքան էլ խնդիրների լուծումները մեզանից հեռացնենք, ասենք, մի ժամանակավոր վարչապետ կամ մի ինտելեկտուալ նախագահի թեկնածու մեջտեղ բերելով եւ հանրության` փոփոխության սպասման կրակին մի երկու ցախ, ու ոչ թե հիմնավոր վառելիք գցելով: Այս շաբաթ նշված Ղարաբաղյան շարժման երեսնամյակի միջոցառումներն Արցախում եւ Երեւանում ցույց տվեցին, իրոք, թե որքան են մոռացվել հանուն անկախության շարժման շարժառիթներն ու նախնական տեսլականը` այն աստիճան, որ «Ղարաբաղ» կոմիտեի տղերքն անգամ չեն կարողանում մի կողմ դնել միմյանց չսիրելու հայկական սովորույթն ու չեն կարողանում միմյանց հետ տոնել մեզ անկախություն բերած, Արցախը պետություն դարձրած հիրավի պատմական ու բեկումնային տարեդարձը: Ու անգամ շարժման մեջ դերակատարության վերմակը, ինչպես պատկերավոր ձեւակերպել է Վազգեն Մանուկյանն «Ազգ»ին տված հարցազրույցում, ամեն մեկը քաշում է իր վրա` ԶԼՄ-ներում տպագրված հիշողություններով ու տարբեր հարթակներից հնչած ելույթներով: Է, լավ, առանց վախենալու պետականորեն նշեիք հայերիս համար կարեւորագույն այս իրադարձությունը, չէ՞ որ եթե դա տեղի չունենար` այսօրվա պաշտոնյաներից շատերը չէին լինի, մի ուղերձն ու Արցախում տեղի ունեցած միջոցառումները քիչ են: Ումի՞ց վախեցաք, կամ` երկու վախը մի մահ է: Ինչու կարելի էր Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպել, իսկ դրա համեմատ` պատմական տեսակետից հեռագնա հսկայական նշանակության շարժումն իր արդյունքնեով այդքան անշուք պլստացնել: Թե՞ ամոթ է անկախության մասին մի հավելյալ խոսելը: Գալով Ղարաբաղյան կարգավորման թեմային, որի վերաբերյալ այս օրերին բազմաթիվ կռռոցներ կան` պատերազմի վերսկսման հավանականության կանխագուշակության տեսքով, ասեմ, որ այդ կանխատեսումներն անողները, հատկապես նրանք, որոնք հենվում են 2018-ի մայիս- հունիսին Ղարաբաղում լայնածավալ պատերազմի վերսկսման` ԱՄՆ-ի ազգային հետախուզական ծառայության տնօրեն Դանիել Քոութսի գնահատականի վրա («Համաշխարհային սպառնալիքների գնահատական» հաշվետվությամբ), երեւի չեն պատկերացնում, թե ինչպիսի բացասական ազդեցություն է թողնում հանրության վրա այդպիսի կռկռոցը, էլ չասած, որ դա դառնում է արտագաղթի խթանման մի հավելյալ արգումենտ: Այ «քաղաքագետ-վերլուծաբաններ», էլ թեմա չունեք, որ անընդհատ պատերազմից եք խոսում, թե՞ պատերազմի թեման լավ ֆոն է մոտակա ընտրությունների ֆոնին-ասել են` զլեք: Մանավանդ` հիմնավորում եք, Ալիեւն իր ընրությունն առաջ է գցել, որ հետո հանգիստ պատերազմի: Հա, լավ, երեխան էլ գիտի` ղարաբաղյան հարցը միշտ էլ վառոդի տակառ է, ռուսական ու այլ պատկանելության զենքը, որ հավաքում է հարեւան խելագարը, պետք է կրակի, բայց չի կարելի, չէ՞, անընդհատ սպառնացող պատերազմի մասին խոսակցությունը որպես հոգեբանական տեռոր կիրառել, մի քիչ զսպեք ձեզ: Մանավանդ` երբ նայում ես, թե ո՞ր կայքերն են անընդհատ պատերազմից խոսում, հասկանում ես, որ մի բան այն չէ: Բա հիմա ինչ անենք` եթե մայիս- հունիսին «լայնածավալ պատերազմ» չլինի, էդ «վերլուծաբաններին» ծառից կախե՞նք, մեկ է, դրանից օգուտ չի լինի` հոգեբանական տեռորն արդեն անվերականգնելի գործն արած կլինի: Մեկ օր առաջ էլ երկրի ղեկավարը կրկնել է`Ղարաբաղյան կարգավորումը որեւէ կերպ չի կարող խախտել Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, հիմա ոնց անենք, որ թեման փոխեք: Մի փոքր կտրվենք արտաքին օրակարգից ու գանք մեր ներսի «հուզմունքներին»: Փետրվարի 13-ին քաղաքապետարանում տեղի ունեցած խայտառակությունը մի ավելորդ անգամ շատ տեսանելի ի ցույց դրեց ռեյտինգային կարգի սնանկությունը, որի վերացման առաջարկն, ի դեպ այդ խայտառակությունից ընդամենը մի քանի օր անց մերժեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովը: Այդ կարգով չե՞ն կասկածելի դաստիարակությամբ ու կրթությամբ մարդիկ հայտնվել խորհրդարանում ու ավագանիներում, եւ առիթը ներկայանալուն պես ի ցույց դրվեց նրանց ողջ անհամաժեքությունն իրենց զբաղեցրած պաշտոններին: Հիմա եթե նույնիսկ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն էր դա հասկացել ու առաջարկում էր վերացնել, ինչ խնդիր ունի ՀՀԿ-ն, որ մերժում է, չէ՞ որ հինգ տարի իր դիրքերին ոչինչ չի սպառնում, թե՞ հինգ տարի հետո էլ դեռ հույս ունի այդ արատավոր համակարգն օգտագործելով «քուչի» տղերք տանել խորհրդարան ու ավագանիներ: Լավ, էն, որ իրենց ղեկավարը զարգացումից ու առաջընթացից է խոսում, մի բան չարժե՞: Կամ որ իրենց առաջադրած ինտելեկտուալ նախագահի թեկնածուն հավատում է, թե Հայաստանում կրթված մարդիկ են բան փոխելու, Հայաստանում էլ կրթված մարդկանց ժամանակն է սկսվելու, ՀՀԿ-ն դրան չի հավատում, հա՞, դեռ էս գլխից: Իսկ քաղաքապետարանի խայտառակությունը, ամոթալի լինելու պարագան մի կողմ, բացահայտեց կադրային քաղաքականության սնանկությունը, քանի որ քաղաքականությամբ զբաղվել ու քաղաք ղեկավարել փորձող մարդիկ պետք է ոչ միայն բարձր կրթական ցենզին համապատասխանեին , այլեւ տիրապետեին բոլոր հնարավոր եւ անհնար վիճակներում սառնասրտորեն իրավիճակի վերահսկողությունը ձեռքում պահելու կանոններին: Թող հիշեն եվրոպական բարձր պաշտոնյաներին, ովքեր անգամ ձվի կամ լոլիկի հարված ստանալուց հետո էլ սառնասրտորեն շարունակում էին պատասխանել հարցերին, Անգելա Մերկելն իր վրա շուռ եկած գարեջրի պարագայում ունքն անգամ չշարժեց, անգամ հարեւան երկրի նախագահ Ահմադինեջադը, իր գլխին նետվող կոշիկի վտանգն անտեսեց` շարունակելով խոսել: Դրա՛նք են պաշտոնյան ու քաղաքական գործիչը, ոչ թե թանկարժեք կոստյումներով ծածկված, բայց պատեհ-անպատեհ իրենց ներսում նստած «քուչի տղային» վերածվողները, որ միայն մի կանոն ունեն` բռունցքով հարց լուծելը: Իսկ լրագրողների աշխատանքի սահմանափակման փորձը քաղաքապետարանում նշանակում է մի բան` անգամ այս դասից մեր քաղաքային իշխանությունը հետեւություններ չի անում, որն, ի դեպ, երբեք ուշ չի: Չէ, ես չեմ ասում, թե մեր լրագրողները հաճախ լրագրողից չեն վերածվում քաղաքական կողմի, բայց մեր իրականությունն այս է` լրագրային իրականությունը հայելային անդրադարձն է քաղաքական իրականության: Հիմա այս որակի իշխանություն որ ունենք, ու այս որակի իշխանությունը ձեռքը որ գցում է նախագահի ինտելեկտուալ թեկնածուի, որ ի՞նչ անի... Այդ թեկնածուն ի՞նչպես պետք է կարողանա մտածողություն փոխել, կամ ի՞նչպես որ ինքն է հավատացած` առաջնորդել դեպի փոփոխություններ: |