ՀՐԱԺԵՇՏ ԶԵՆՔԻՆ Հ. ԱՖ. Հեմինգուեյը դեռ 1929-ին ԱՄՆ-ին, չնայած ինչո՞ւ միայն ԱՄՆ-ին, ամբողջ աշխարհին առաջարկում էրՙ Հրաժեշտ զենքին: Չլսեցին, կոնկրետ ԱՄՆ-ում ոչ ոք մինչեւ օրս չի պատրաստվում զենքին հրաժեշտ տալ: Ընդ որում, ոչ երկրի սահմաններից մղոններով հեռու, ասենքՙ Սիրիայում կամ Հյուսիսային Կորեայի ափերին մոտ, ոչ էլ երկրի ներսում, ասենք Ֆլորիդայի դպրոցներից մեկում, որտեղ մի տղա, ինչպես գիտենք, զենքով մտավ ու սկսվեց սպանդը (ես գիտեմ այդ տղայի անունը, բայց չեմ տա): Ու քանի որ ոչ Ֆլորիդան է ԱՄՆ-ի առաջին նահանգը, որտեղ դպրոցականը զենքով մտնում է դպրոց ու սկսում աջ ու ձախ կրակել, ոչ էլ Սիրիան է այն միակ երկիրը, որտեղ մտնում է ամերիկյան զորքը ու սկսում է ահաբեկիչ-խաղաղ բնակիչ հաշվի չառնել, եւ ամենակարեւորը, քանի որ Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվելուց առաջ խոսք էր տվել իր երկրի զինագործներին, որ ինչ էլ ուզում է լինի ինքը զենքի ազատ վաճառքը չի կասեցնելու, Ամերիկան զենքին հրաժեշտ չի տա, քանի դեռ նախագահը Թրամփն է, չնայած ԱՄՆ-ում կարեւոր չէ, թե ով է նախագահը: Ավելին, Թրամփն առաջարկել է դպրոցներում հրաձգությունը կանխելու համար ...զինել ուսուցիչներին: Ըստ ԱՄՆ նախագահի, եթե Ֆլորիդայի դպրոցում ուսուցիչները զենք ունենային, ապա հնարավոր կլիներ խուսափել արյունահեղությունից ու զոհերից: Պատկերացրեցի՞ք, այսինքն դպրոց է մտնում մի զինված աշակերտ, որը որոշել է այդ օրը սպանել Քեթիին, Փոլին, ինչպես նաեւ ուսուցիչ միսթըր Թոմսոնին, որն իրեն հիշեցնում է համակարգչային սիրելի խաղի զզվելի հերոսին: Ահա եւ հանդիպում են իրար աշակերտն ու ուսուցիչը, տղան հանում է զենքը, բայց նա հո չգիտի՞, որ նախագահի որոշմամբՙ միսթըր Թոմսոնը զենք է գնել, ուսուցիչն էլ իրենն է հանում, ու մինչ տղան կկրակի, Թոմսոնը սպանում է աշակերտինՙ դրանով իսկ կանխելով հերթական սպանդը: Հրաշք... Իսկ պատկերացնո՞ւմ եք նման բան Հայաստանում: Դե օրինակ Տավուշի գյուղերից մեկում աշակերտը հանում է ազատամարտիկ քեռու որսորդական հրացանն ու նշան բռնում դասարանի ամենասիրուն աղջկա վրա, որը սիրում է ոչ իրեն: Ու նույն պահին ուսուցիչը, որը եւս ազատամարտիկ է, հանում է իր հրացանն ու...Չէ, Հայաստանում, փառք Աստծո, նույնիսկ նման բան պատկերացնելն անհնարին է, չնայած Հայաստանում եւս զենքերը հավաքելու ու դրան հրաժեշտ տալու խնդիր կա: Իսկ ամերիկացիներին մաղթենք երկար տարիների կյանք, աշխարհին էլՙ խաղաղություն: Ի դեպ, եթե աշխարհում խաղաղություն լինի, ամերիկացիներն էլ երկար կապրեն, մենք էլ, նույնիսկ հյուսիսկորեացիներն էլ, անգամ ռուսները: Զենքով հնարավոր չէ երկար ապրել, կապ չունի այն դու ես ուղղել ինչ-որ մեկի վրա, թե՞ ճակատիդ են դեմ տվել: Հեմինգուեյը սա 1929-ին էր հասկացել...Ի դեպ, Նոբելյան կոմիտեն ամերիկացուն պարգեւատրել է միայն Գրականություն անվանակարգում: Ես առաջարկում եմՙ Հրաժեշտ զենքին բառերի համար Հեմինգուեյին նաեւ Խաղաղության Նոբել տալՙ հետմահու, քանի դեռ մենք ողջ ենք ու մեր դպրոցները զինված չեն մտնում եւ մեր երկրներում ժողովրդավարություն չեն հաստատում: |