ԹԵՀՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿԵԼ ԻՍՐԱՅԵԼ-ԱԴՐԲԵՋԱՆ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Պ.Ք. Իրանը սպառնալիք է տեսնում Ադրբեջանի գործերում Իսրայելի ներգրավման մեջ Մինչ փորձագետները գլուխ են կոտրումՙ պարզելու, թե տարածաշրջանի ժողովուրդներին ինչ կբերի Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարների առաջիկա գագաթաժողովը, որտեղ թերեւս քննարկվեն Սիրիայի եւ քրդերի հարցերը, Անդրկովկասում նկատվում է Ադրբեջանի զգալի ակտիվացում: Եթե Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի գծով ԵՄ հատուկ պատվիրակ, էստոնացի Տոյվո Կլաարի Բաքու կատարած այցը դժվար է շաղկապել անմիջականորեն տարածաշրջանի խնդիրների հետ, ապա Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի նույն քաղաք կատարած այցելությունը խորհրդածությունների տեղիք է տալիս: Դատելով Լաարի երկարահունչ պաշտոնից, նա ասես Անդրկովկասի խնդիրների դիտորդը լինի: Սակայն Բաքվից հետո նա փետրվարի 23-ին արդեն Երեւանում էր: Այն փաստը, որ Կլաարը Բաքվում հանդիպում ունեցավ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, դեռ չի նշանակում, որ ադրբեջանցիներն այդպիսով փորձել են պարզել ԵՄ կարծիքը տարածաշրջանում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման առնչությամբ: Իսկ Երեւանում Կլաարը հանդիպեց ՀՀ զորքերի գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ի տարբերություն Եվրոմիության, Իրանը, չլինելով եվրոպական երկիր կամ ԵԱՀԿ անդամ, 1992-ից ակտիվորեն ներքաշված է Արաքսից հյուսիս ընկած տարածքի, այսինքն Արցախի հակամարտության գոտու խնդիրների մեջ: Դժվար է համաձայնել այն բանին, թե բրիգադային գեներալ Խաթամիի այցը զուտ ճանաչողական բնույթ է կրել: Միեւնույն ժամանակ, իրանական տարբեր լրատվամիջոցների հաղորդումները վկայում են, որ Խաթամին Բաքու չի մեկնել ինչ-որ բան թելադրելու կամ իմանալու, այդ թվումՙ Արցախի հարցի վերաբերյալ: Նաեւ հատկանշական է, որ իրանցի նախարարը Բաքու մեկնեց այն լուրի հրապարակումից անմիջապես հետո, թե մարտի 6-ին այնտեղ կայցելեն Թուրքիայի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարները, որպեսզի խորհրդակցեն Ադրբեջան-Թուրքիա-Ուկրաինա համագործակցության նոր ձեւաչափի ստեղծման շուրջ: Իրանում չեն կարող չիմանալ, թե ում համար են աշխատում Ադրբեջանը, ինչպես նաեւ Թուրքիան եւ Ուկրաինան: Ուրեմն Թեհրանը կարող էր հարցեր ուղղել Բաքվին: Ճիշտ է, Թուրքիան ներկայումս կախման մեջ է Սիրիայում Ռուսաստանի եւ Իրանի հետ իր դաշինքի պատճառով: Բայց ո՞վ գիտե, թե հետագայում ինչ տեղի կունենա Իդլիբի եւ Աֆրինի դեպքերի կապակցությամբ: Ուշադրության արժանի են Խաթամիի այցը եւ հանդիպումները լուսաբանող ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումները: «Ատլաս» քաղաքական հետազոտություների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն մասնավորապես նշում է Իրանի հետաքրքրությունը հակամարտության գոտու նկատմամբ. «Իրանական կողմը մտահոգ է իր հյուսիսային սահմանի հարցումՙ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման պայմաններում, որոնք Իրանին մեղադրում են Սիրիայում զանազան զինված խմբավորումներին աջակցելու մեջ»: Իրանի վերաբերյալ Շահինօղլուի դատողությունները ինչո՞ւ հիմա ավելի կարեւոր են, քան նույնիսկ 2016-ի ապրիլին, երբ Բաքուն պատերազմ սանձազերծեց ԼՂՀ-ի դեմ: Ներկայացնենք հարցի առավել հետաքրքրական կողմերը: Առաջին, նկատի ունենալով վերոշարադրյալը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ դա Խաթամիի առաջին արտասահմանյան այցն էր, կարելի էր ակնկալել, որ նա կմեկնի Թուրքիա, Ռուսաստան, Սիրիա, Իրաք կամ որեւէ այլ երկիր: Ընտրվեց Ադրբեջանը: Դա հանգեցնում է երկրորդ կարեւոր կողմին: Ինչպես պարզ է դառնում իրանական լրատվամիջոցների մի շարք հաղորդումներից, Խաթամին Բաքու էր մեկնել իր ադրբեջանցի պաշտոնակցի հրավերով: Այսպիսով, ոչ թե Իրանն էր փորձում ինչ-որ բան ճշգրտել Ադրբեջանից, այլ հակառակը: Եվ սա բացատրում է, թե ինչու Խաթամին մեկնեց Բաքու, եւ ոչ թե Թուրքիա կամ Պակիստան, որի հետ Իրանը ներկայումս բանակցում է Աֆղանստանի եւ պակիստանյան տարածքում գործող բելուջական ահաբեկչական խմբավորումների հարցի շուրջ: Երրորդ կարեւոր կողմը ԼՂՀ-ի գործոնն է, որը վաղուց արդեն կայացած պետական սուբյեկտության իրողություն է եւ սահմանակից է Իրանին: Քանի որ ադրբեջանական լրատվամիջոցները ընդգծել են, որ Հասանովն է հրավիրել Խաթամիին, եւ քանի որ փետրվարի 21-ին կայացել է առաձնազրույց, իսկ հետո ընդլայնված կազմով հանդիպում, պարզ է, որ խոսելու բան ունեցել են: Ադրբեջանական կիսապաշտոնական աղբյուրների համաձայնՙ միայն Հասանովն է ինչ-որ պնդումներ արել Արցախի մասին: Նա ասել է, թե ԼՂՀ հակամարտության լուծված չլինելը խնդիրներ է ստեղծում տարածաշրջանի կայունության համար: Հասանովը իրանական կողմին շնորհակալություն է հայտնել հակամարտությունը տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքներով լուծելու գործում Ադրբեջանին աջակցելու համար: Ադրբեջանական լրատվամիջոցները հանդիպումը մեկնաբանում են այդ ոգովՙ նշելով, որ Խաթամին խոսել է պատմամշակութային եւ կրոնական կապերի եւ ռազմական համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին: Նա հավելել է, որ Իրանը պաշտպանում է Ադրբեջանի տարածքաին ամբողջականությունը եւ նրա արդարացի դիրքորոշումը հակամարտության լուծման հարցում: Խաթամին իր երկրի պատրաստակամությունն է հայտնել ուժեղացնելու Ադրբեջանի ռազմական զորությունը: Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Խամենեիին մոտիկ կանգնած ISNA գործակալությունը ավելի զուսպ է արտահայտվել. «Լրագրողների առջեւ ելույթ ունենալովՙ Խաթամին ասել է, որ երկու հարեւանները կարող են պայմանավորվել տեխնիկական եւ տեխնոլոգիական ճյուղերում համագործակցելու շուրջ, ներառյալ ռազմական տեխնիկայի համատեղ արտադրությունը»: Ի դեպ ոչ Tehran Times թերթը, ոչ IRNA եւ IRIB գործակալությունները, ոչ էլ Tasnim News ու Mehr News աղբյուրները որեւէ ձեւով չեն նշում, թե Բաքվում գեներալ Խաթամին պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ հայ փորձագետ-արեւելագետ Արմեն Իսրայելյանի Ֆեյսբուքում կատարած գրառման մեջ մասնավորապես նշվում է, որ Խաթամին խոսել է առհասարակ տարածքային ամբողջականության մասին: Նա հավելում է, որ Իրանի հասարակական-քաղաքական շրջանակները Արցախը վաղուց ընկալում են որպես թեեւ չճանաչված, բայց անկախ պետական միավոր: Ըստ այդմ, տարածքային ամբողջականության մասին Խաթամիի արած հայտարարությունը կարող է վերագրվել նաեւ Արցախին: Նախ եւ առաջ, ի տարբերություն ադրբեջանական լրատվամիջոցների, Թեհրանի ԶԼՄ-ները նշում են, որ հանդիպման ժամանակ խոսվել է հենց երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության մասին: Իրանն ուզում է Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավել այն պատճառով, որ իր հետախուզությունը տեղեկություններ ունի այդ երկրում ԱՄՆ-ի եւ Իսրայելի մասնագետների ներկայության վեաբերյալ: Բացի դրանից, տեխնիկական ու տեխնոլոգիական համագործակցությունը եւ ռազմական տեխնիկայի համատեղ արտադրությունը անհրաժեշտ է համարվում այն պատճառով, որ Ադրբեջանի գլխավոր զինամատակարարները դարձել են Իսրայելն ու Թուրքիան, որոնց հետ մրցում է Ռուսաստանը: Փետրվարի 21-ին Խաթամին հենց դա է քննարկել Ադրբեջանի նախագահի, վարչապետի եւ այլ բարձրաստիճան անձանց հետ: Եվ վերջապես, Խաթամին փետրվարի 22-ին Ադրբեջանի բարձրագույն ռազմական դպրոցի ղեկավար գեներալ-մայոր Հեյդար Փիրիեւի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը իր հարուստ ռազմական եւ հակաահաբեկչական փորձը կկիսի հարեւան Ադրբեջանի հետ: Այսպիսով, Իրանի պաշտպանության նախարարի համար Ադրբեջանի, Հայաստանի կամ Արցախի տարածքային ամբողջականության հարցը առհասարակ առաջնային չի եղել: Ուշադրության կենտրոնում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը եւ հակաահաբեկչական պայքարը: 2016 թ. Ապրիլյան պատերազմի օրերին եւ դրանից հետո իրանական լրատվամիջոցները մանրամասն հաղորդում էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունների եւ այն մասին, թե Ադրբեջանի զինվորական ղեկավարներից ում են կանչել սահմանի մոտ եւ նախազգուշացրել այդ երկրի համար պատերազմի շարունակման հետեւանքների մասին: Թուրքիան մատնանշվում էր որպես ադրբեջանական նախահարձակման անմիջական աղբյուր, սպառնալիքներ էին հնչում իրանա-թուրքական հարաբերությունների լիակատար վերանայման մասին: Այս տարվա փետրվարի 23-ին Իրանից հետաքրքրական հիշեցում հնչեց Ադրբեջանի հասցեին: Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեիի օգնական, Արդեբիլ քաղաքի իմամ Սեյեդ Հասան Ամելին Բաքվին նախազգուշացրեց Ադրբեջանի տարածքում Իսրայելի հակաիրանական գործողությունների մասին: Ուրբաթօրյա աղոթքի ժամանակ Իրանի հոգեւորականության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց. «Իրանը հատուկ միջոցների օգնությամբ ապացուցել է, որ մի քանի տարի առաջ իրանական Նաթանց քաղաքի շրջանում խփված իսրայելական անօդաչու թռչող սարքը երկրի տարածք էր թափանցել հենց Ադրբեջանից»: Այդ իմամը հայտնի է Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ կապված մի շարք աղմկահարույց հայտարարություներով: 2013 թ. դեկտեմբերին նա Խոջալուի դեպքերի կապակցությամբ հայտարարեց, թե Խոջալուի դեպքերի հետեւում կանգնած է թուրքական «Էրգենեքոնը», իսկ իրականումՙ իսրայելական «Մոսսադը»: 2014 թ. օգոստոսին իմամ Ամելին հայտարարեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան Իսրայելին օգնում են պայքարել պաղեստինցիների դեմ: Իսկ 2015-ի մայիսին նա ասաց, որ Ադրբեջանում Շահ Իսմայիլի պատկերով ոգելից խմիչքների վաճառքը վիրավորանք է Իրանի համար: «Ռեգնում» գործակալության մեկնաբան Սերգեյ Շաքարյանցը պատահական չի համարում այն հանգամանքը, որ Իրանի բարձրագույն ղեկավարությունը հենց իմամ Ամելիին էր հանձնարարել հայտարարություն անել Ադրբեջանի տարածքից դեպի Իրան իսրայելական անօդաչու թռչող սարքերի արձակման վերաբերյալ: Իրանի բարձրագույն հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարությունը վստահ է, որ Ադրբեջանը այսօր եւս իսրայելական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում Հայաստանի եւ Արցախի դեմՙ ընդսմին դրանց արձակմանը մասնակից դարձնելով իսրայելցի մասնագետների: ԼՂՀ-ն եւ Հայաստանը Իրանի հյուսիսային սահմանն են, իրավացիորեն գտնում է ադրբեջանցի փորձագետ Շահինօղլուն: Բայց ադրբեջանցիներն իրավացի չեն մեկ այլ բանում. Իրանին պետք չէ կայունության խախտում իր հյուսիսային սահմանների մոտ, եւ Իրանը չէր կարող Բաքվին աջակցություն հայտնել մի հարցում, որի կապակցությամբ Ադրբեջանը Թեհրանի օգնությունն էր ակնկալում 1996-ից, երբ Հեյդար Ալիեւն այն ժամանակվա նախագահ Ռաֆսանջանիին համառորեն խնդրում էր Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի հակամարտությունը հայտարարել միջդավանանքային հակամարտություն: Այնպես որ, ԼՂՀ-ի հակամարտությունը տարածքային կայունությանը սպառնացող վտանգ համարող Հասանովին ի պատասխան, գեներալ Խաթամին եւ իմամ Ամելին առավել քան հստակորեն հասկացրին, որ Իրանը տարածքային կայունությանը սպառնացող վտանգ է համարում Իսրայելի ներգրավումը Ադրբեջանի դեպքերի, այդ թվում ԼՂՀ-ի հակամարտության մեջ: Ի դեպ, դեռ 2017 թվականին իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում խորհրդարանի նախագահ Ալի Ամոլի Լարիջանին , նաեւ Հայաստանին էին նախազգուշացրել տարածաշրջանային այդ հակամարտության մեջ Իսրայելի ներգրավման վտանգավոության մասին: |