ՔՐԻՍՏԻՆ ՄԻՐԶԱՅԱՆԸ «ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ» ՊԻԵՍՈՒՄ Հ.Ծ. «Broadway World» պարբերականը Հյուսիսային Կարոլինա նահանգի Չեյփլ Հիլ քաղաքից հաղորդում է, որ «Play Makers Reportory Company» խաղացանկային թատերական ընկերությունը մինչեւ մարտի 10-ը ֆրանսիացի դրամատուրգ եւ թատերական գործիչ Մոլիերի «Տարտյուֆ» պիեսին զուգահեռ ռոտացիոն կարգով ներկայացնելու է նաեւ 2017-ին «Թոնի» մրցանակի թեկնածու առաջադրված դրամատուրգ Լուկաս Հնաթի «Քրիստոնյաները» պիեսըՙ «Triad Stage-ի» հիմնադիրՙ Պրեստոն Լեյնի բեմականացմամբ: Պիեսը քննադատական, բայց միաժամանակ կարեկցական մոտեցմամբ քննարկում է հավատի եւ հետեւորդի թեման ներկա ժամանակաշրջանում, շեշտը դնելով մասնավորապես այն խնդրի վրա, թե ինչպես կարող է մեր հավատը փոխվել կախված այն հանգամանքից, թե ում հետեւից ենք գնում: «Ես ընտրեցի այս պիեսը, որովհետեւ Հնաթը հինգ տարբեր հավատացյալ մարդկանց է ներկայացնում, որոնք ունեն իրարից տարբեր, բայց նույնքան համոզիչ դիրքորոշումներ հավատի վերաբերյալ», խոստովանում է Լեյնը: «Քրիստոնյաները» (The Christians) պիեսում զբաղված են Բրոդվեյի «Ապակե գազանանոցը» պիեսի դերասան Ջո Քոլինզը (եկեղեցու հմայիչ առաջնորդ` պաստոր Պոլի դերում), Դիքենսի «Մեծ սպասումներ» պիեսի դերասան Նեսունա Սեսեյը (պաստորի կինը) եւ Քրիստին Միրզայանը` ծխական համայնքի անդամի դերում: Նախքան այդ հայազգի դերասանուհին հանդես է եկել «Տորթը» եւ «Ծանր փորձությունը» պիեսներում: |