ԿԱՐԵՎՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎՙ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳԻՐՔ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Հակոբ Չաքրյանի 12 տարվա բացահայտումները Չնայած Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտողականության դիրքերը հետզհետե թուլանում ենՙ կապված Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետ, բայց դրանից Թուրքիայի պետական ագրեսիվությունը Հայկական հարցի ուղղությամբ ամենեւին էլ չի նահանջում, ճիշտ հակառակը: Այս համատեքստում անչափ կարեւոր է ոչ միայն քաջատեղյակ լինել Ցեղասպանության ընթացքին, եւ կամ հաճախ ինքնանպատակ քննադատել թուրքական պետությունն ու նրա այսօրվա ղեկավարությանը, այլեւ փորձել ներսից հասկանալ եւ բացատրել Թուրքիանՙ նրա ցեղասպան անցյալն ու ժխտող այսօրը: Հակոբ Չաքրյանիՙ երկհատորյա ժողովածուի հոդվածները, որոնք քաղված են նրա «Ազգ» թերթում 2001-2013թթ. գործունեությունից, հենց այդ փորձն են: ողովածուն, որը կոչվում է Հայոց ցեղասպանությունը, ցեղասպանության թուրքական ժխտողականությունը, կեղծարարությունն ու հայատյացության դրսեւորումները, ոչ միայն ցույց է տալիս թուրքական պետության էությունը , ոչ միայն ճանաչելի է դարձնում Հայկական հարցի շուրջ այսօրվա Թուրքիայում ժխտողականության արմատները, այլեւ (ինչը հատկապես կարեւոր է), լի է բացահայտումներով: Չաքրյանը առանձնացրել է որոշ բաժիններ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը. Ճանաչմանը հակազդելու թուրքական եւ ոչ թուրքական դրսեւորումները, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն ու Հայոց ցեղասպանությունը, Արխիվներ, հայապատկան կալվածքներ եւ գրանցամատյաններ, Ցեղասպանության թուրքական կեղծարարությունն ու Թուրքիայի խրախուսումը կեղծարարության հարցում, Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունն ու ժխտողականության ոչ թուրքական դրսեւորումները, Հայատյացության դրսեւորումները Թուրքիայում եւ նրա սահմնաններից դուրս , եւ վերջապես Գրախոսություններ , որտեղ Չաքրյանն անդրադարձել է Հայկական հարցի շուրջ այլ մտավորականների (ոչ միայն հայ, մեծ մասամբՙ հենց թուրք) նոր աշխատություններին: Պետք է նկատել, որ հատկապես Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն ու Հայոց ցեղասպանությունը բաժնում զետեղված հոդվածներըՙ բացահայտումների իրենց ծավալով աննախադեպ են: Աթաթուրքի եւ Ցեղասպանության կապի մասին մեր պատմագրությունը կարելի է ասել գրեթե ոչինչ չունի, մինչդեռ այս բաժնում Չաքրյանի հոդվածներից տեղեկանում ենք, որ Քեմալ Աթաթուրքը ոչ թե փրկել է հայ կանանց ու երեխաներին, այլ հանդիմանել է փրկողներին, օրինակՙ տեղահանված հայերի տեսուչ նշանակված Հասան Ամջայինՙ ասելով. Բանակի թիկունքում մի՞թե վտանգավոր չեք համարում այսքան մեծ թվով հայերի կուտակումը : Նույն բաժնի մեկ այլ հոդվածից հասկանում ենք, որ քանի դեռ Թուրքիայում չի վերացել Աթաթուրքի տաբուն, այդ երկիրը կառչած է մնալու ժխտողականությունից: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն ու Հայոց ցեղասպանությունը բաժինը մեզ համար պարզում է, որ ժամանակակից Թուրքիայի հայր համարվող Աթաթուրքն այսօրվա Թուրքիան ստեղծել է հայ ժողովրդի դահիճներով շրջապատված, եւ ուրեմն կարելի է ապացուցված համարել արդի Թուրքիայի իրավահաջորդը լինելըՙ Օսմանյան կայսրությանը: Այս ապացույցի հիման վրա Չաքրյանը մանրակրկիտ ներկայացնում է այօրվա թուրքական պետության կեղծարարությունն ու ժխտողականությունը: Հոդվածներից մեկում, օրինակ, Չաքրյանը մեջբերում է «Զաման» -ին, որը հիմնվելով կառավարական աղբյուրների վրա գրել էր, թե առաջին աշխարհամարտի ժամանակ հայերը 518.105 թուրք են սպանել : Մեկ այլ հոդվածից տեղեկանում ենք, որ կեղծարարության մեջ Թուրքիանՙ բացի պետական կառույցներից ընդգրկում է նաեւ երկրի համալսարաններին: Պարզ է, թե ինչ հաշվարկով եւ հասկանալի է, թե ինչու է այս բացահայտումը մեզ համար կարեւոր: Չաքրյանը տեղեկացնում է նաեւ, որ կեղծիքը ճշմարտություն դարձնելու նպատակովՙ միայն 2010-ին ու միայն ԱՄՆ-ում Թուրքիան լոբբիստական աշխատանքներում ծախսել է 3,3 միլիոն դոլար, իսկ Նյու Յորքում կազմակերպվել է հայկական ստերին վերջ տալու հանրահավաք: Շատ ուշագրավ են նաեւ Չաքրյանի հոդվածները թուրքական արխիվների եւ հայկական կալվածքների հետ կապված: Իմանում ենք, որ թուրքական Սաբանջի համալսարանի պրոֆեսոր Հալիլ Բերքթայի հավաստիացմամբՙ օսմանյան արխիվային «վտանգավոր» փաստաթղթերը ոչնչացված են, Չաքրյանը հայտնում է նաեւ, որ Ինջիռլիք ռազմաբազան տեղակայված է հայապատկան կալվածքի տարածքում, որ թուրքերը բնաջնջել են Նարեկավանքի ՙ ավերակներն անգամ, որ շվեյցարական բանկերում առկա էր 800 հազար օսմանյան ոսկեդրամ եւ ամենայն հավանականությամբ այն հայկական սեփականություն է եղել... Չաքրյանի աշխատության կարեւոր արժանիքներից մեկն էլ այն է, որ մանրամասն անդրադարձ կա նաեւ ասորիների, պոնտացի հույների ցեղասպանություններին, ինչը ապացուցում է, որ երկհատորյակը ոչ թե ազգային ցավի, այլ համամարդկային խնդրի մասին գործ է: Կոնկրետ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հատկանշական են նաեւ Չաքրյանի այն հոդվածները, որտեղ նա ներկայացնում է Ցեղասպանությունը ճանաչած ու այդ մասին բարձրաձայնելու համարձակություն դրսեւորող թուրք մտավորականներին, քուրդ գործիչներին ու հեղինակներին, այլ կերպՙ խոստովանության բնույթ կրող հրապարակումներ , կամ դրանց թարգմանություններ: Չաքրյանը առանձնացրել է հատկապես Ռագըփ Չարաքոլուին , որն, ի դեպ, մի քանի անգամ Հայաստան գալով, հյուրընկալվել է նաեւ մեր թերթումՙ Չաքրյանին, եւ ես ականատեսն եմ եղել նրանց ջերմ հանդիպումներին, Իսմայիլ Բեշիքչիին եւ Թաներ Աքչամին : Իր Գրախոսություններ բաժնում Չաքրյանը ներկայացնում է ոչ միայն վերոհիշյալ մտավորականների, այլեւ, օրինակ, Հասան Վասֆիի վկայությունները, որոնք հիմնավորապես հաստատում են Ցեղասպանության փաստը... Հակոբ Չաքրյանի գիրքը նախ եւ առաջ կարեւոր է եւ հետաքրքրական: Կարեւորՙ քանի որ հակառակ հայաստանյան գիտական որոշ շրջանակների ենթադրությունների, թե իբր Հայոց ցեղասպանությունը բազմակողմանիորեն ուսումնասիրված է եւ պատմագրությունը բոլոր հարցերին սպառիչ պատասխան է տվել, առ այսօր մնում են բաց հարցեր, ընդ որում նաեւ այնպիսիք, որոնք նույնիսկ չեն արծարծվել: Այս երկհատորյակում տեսնում ենք նման հարցերից օրինակ Աթաթուրք-Ցեղասպանություն թեմայի արծարծումը: Եւ հետաքրքրականՙ քանի որ չնայած գիրքը, ինչպես նշված է շապիկինՙ նախատեսված է Հայոց ցեղասպանության խնդիրներով հետաքրքրվող պատմաբանների համար , բայց վստահ եմ, որ յուրաքանչյուր ընթերցող այս աշխատության մեջ կգտնի իրեն հետաքրքրող ինչ-որ բան: Չաքրյանն ասում է, որ իր թերթային հոդվածներից կազմված այս ժողովածուն հազիվ թե սպառիչ պատասխան տա Ցեղասպանության վերաբերյալ բոլոր հարցերին եւ այն միայն հավակնում է գրավել այս խնդրով զբաղվող պատմաբանների ուշադրությունը, բայց, որպես երկհատորյակն ընթերցածՙ կարող եմ պնդել, որ անձամբ իմ մի քանի հարցերի պատասխանը ես գտել եմ Հակոբ Չաքրյանի աշխատության մեջ: Միայն այնտեղ: Երկհատորյակը լույս է տեսել Հայ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնությամբ եւ քաջալերանքովՙ 2017-ին Երեւանում եւ վաճառվում է գրախանութներում: |