RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018



ՇՈՒԿԱ

Տեղադրվել է` 2018-03-01 23:20:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2664, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀ ԱՌԵՎՏՐԱՇՈՒԿԱՆ... ԹԱԼԱՆԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԴՐԱՎԱՅՐ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Նորանկախ Հայաստանի անցած ժամանակահատվածում մի բան, որն առանց վարանելու սուր քննադատության է արժանացել, առեւտուրն է: Այն մոտեցումը, թե կառուցվող շուկայական հարաբերություններն ամեն ինչ իրենց տեղը կդնեն, քանզի գործելու է առաջարկ-պահանջարկ սկզբունքը, որտեղ հիմնական դեր խաղալու է նորին գերազանցության մրցակցությունը, ինչ-որ սպասված արդյունքը չտվեց: Գուցե դա նախորդ ժամանակաշրջանի հետեւանք էր, երբ վաճառասեղաններին գրեթե ոչինչ չկար, իսկ տներում սառնարանները համեմատաբար լցված էին, թող որ ում օգնությամբ եւ որտեղից ձեռք բերված ձվերով ու հավերով, պանրով ու երշիկեղենով, այլ առաջին անհրաժեշտության պարենով ու հումքով: Առեւտրական թե վաճառական խավն իր գործն անում էր, միջոցների մեջ խտրականություն դնելով, կամ ոչ, պլանային քաոսի պայմաններում քաոսային պլանավորում էր իրականացնում ու հաստատում: Հանրության մի մասի կողմից հարգված լինելու պարագայում մեզանում կազմավորված այս յուրօրինակ միջնորդ պապան անարգված էր հանրության մյուս մասի կողմից, որի գնահատականներն առավել քան կոշտ էին, եթե այլ կարծիք չհնչեցնենք:

Անցած 20-25 ամյակում ՀՀ տնտեսության այս ճյուղը լավ-վատ շարժ արձանագրել է: ՀՀ նախագահներից յուրաքանչյուրն է մասնակցել այս ու այն մարզում հերթական թռչնաֆաբրիկայի բացմանը, որի ընթացքում դրանց հիմնադիր սեփականատերերը զեկուցել են, որ ճտից մինչեւ 1 կգ հավի ստացումը 35-38 օրվա խնդիր է, այնպես որ շաբաթներ անց կբավարարեն հանրապետության բնակչության այս մսատեսակի հանդեպ պահանջարկը, մրցակցային միջավայրի շնորհիվ էլ կկարգավորեն եւ կնվազեցնեն գները: Եթե գործընթացը դիտարկենք 20-ամյա ժամանակահատվածի առումով, զարգացում անշուշտ կա, քանզի երբեմնի տարեկան 4 հազար տոննա հավի մսի արտադրությունը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վերջին հաղորդումների համաձայն, հիմա 8 հազար տոննա է: Բայց երբ գործընթացը դիտարկում ենք առաջարկ-պահանջարկի առումով, առավել եւս համաշխարհային զարգացումների տեսակետից, պատկերն առավել քան տխուր է ստացվում: Նշված ժամանակահատվածում տարիներ են եղել, երբ երկիր ներկրվել է մինչեւ 35 հազար տոննա հավի միս, տարօրինակորեն վաճառվել տեղական արտադրանքի համեմատ կես գնով, 700-750 դրամով, որը հիմա բարձրացել է 900 դրամի: Արդեն հիշատակված 8 հազար տոննա արտադրությունը ՀՀ միջին 1 բնակչի հաշվով տարեկան կազմում է հազիվ 3 կգ, դրա կողքին հեռավոր Բրազիլիայից լինի, թե եվրոպական երկրներից ներմուծվողըՙ 10 կգ: Եվ հարցըՙ ի՞նչը եւ ո՞վ է խոչընդոտում հայ գործարար միջավայրին պահանջարկ վայելող այս սննդահումքը տեղում արտադրել, հնչում է ինքնաբերաբար: Եվրոպական երկրներ լինի թե ԱՄՆ, մերձավորարեւելյան պետություններ թե հեռավոր Ավստրալիա այցելած մեր հայրենակիցները կվկայեն, որ հյուրնկալվելիս դրանցից եւ ոչ մեկում իրենք չեն հանդիպել խոր սառեցված հավի մսի, որն անշուշտ իրականացվում է ինչ-ինչ միջոցներով, գուցեեւ քիմիականով: Ամենուր հավի միսը վաճառվում է ընդամենը պաղեցված վիճակում, քանզի դա է պահանջում սպառողը, եւ այն անտեսելն անհարգալից վերաբերմունք է երկրի քաղաքացիների հանդեպ:

Ուր է թե հայրենակցի շահերի անտեսումը միայն այս ձեւով ավարտվեր: Արդեն նշեցինք, որ վերջին մի քանի տարիներին ներկրվող հավի ու դրա առանձին մասերի վաճառքի գինը թանկացել է 20-25 տոկոսով, եւ որեւէ մեկը, կարագի գնի օրինակով, անհասցե միջազգային շուկայի փաստարկների մասին հայտարարություն չի արել: Թերեւս հնարավոր էլ չէ նման արդարացում փնտրել, քանզի հենց միայն արդեն հիշատակված Բրազիլիայում հավի մսի արտադրությունը 2000 թվականի 6 մլն տոննայից 2014-ին կազմել է 13 մլն տոննա: Կրկնակիից ավելի աճին կարելի էր լուրջ ուշադրություն չդարձնել, եթե համաշխարհային շուկայում այս մսատեսակի հանդեպ պահանջարկի հետաքրքրության պակաս նկատվեր: Ինչքան էլ արտադրությունն ավելանում է, սպառում կա ու կա, բոլոր կրոնների ու մաշկի գույնի մարդիկ աշխարհի 4 կողմերում հաճույքով են վայելում այս մսատեսակը, եւ հայաստանցիներս բացառություն չենք: Առավել եւս մեր հայրենակիցների այն մասը, որի ընտանեկան բյուջեն կաշկանդում է տեղական արտադրության հավի մսի դիմաց 1300-1500 դրամ վճարել եւ պարտադրված է կրկնակի մատչելի գնով վաճառվող խոր սառեցված ներկրված մթերքից օգտվել:

Փորձենք պարզել, թե ինչպիսի գներ եւ սպառում կա մեզ մերձակա երկրներից մի քանիսում: Ռուսաստանի դաշնությունում օրինակ, 2000 թվականին հավի մսի արտադրությունը 775 հազար տոննա էր, 1 բնակչի հաշվով 5 կգ: 2014-ին արտադրությունը 3,8 մլն տոննա է կազմել, 1 բնակչի հաշվով 28 կգ: Երկրի նախագահի հետ նախորդ տարվա դեկտեմբերին կայացած մեծ ասուլիսի ընթացքում նշվեց, որ ՌԴ-ում հավի մսի կիլոգրամի գինը 100 ռուբլի է, մեր 800 դրամը: Այս մասին տեղեկանալուց օրեր անց զանգահարեցի Ուկրաինայի Զապորոժյե քաղաքում բնակվող բարեկամուհուս, ով նշեց, որ այդ օրը հավի մսի կիլոգրամի դիմաց վճարել է 50 գրիվնա, որը մոտ 700 դրամ է:

Չգիտեմ ով ինչպես, ՀՀ շարքային քաղաքացուս ու իր մի քանի տասնյակ հարեւան-հարազատների ընտանիքներում ՀՀ-ում արձանագրվող գինը այնպիսի խիստ որակումներով գնահատեցին, որ վերնագրում նշվածը մեղմ կարելի է որակել: Ստացվում է կրկնակիին մոտ գին, որն անհասանելի է հարյուր հազարավոր հայաստանյան ընտանիքների համար եւ որը երբեւէ չի անհանգստացնում մեր երկրի տնտեսության պատասխանատուներին, նախարարությունների մի ամբողջ խմբի, որոնց թվում են ՀՀ գյուղատնտեսության, տնտեսական զարգացման, տարածքային կառավարման, միջազգային ինտեգրման բարձրագույն կառույցները իրենց մասնագետներով ու ֆինանսիստներով, տնտեսագետներով ու տնտեսվարներով, որքանով որ դրանք կան: Իսկ ահա գյուղնախարարություն չունեցող Սինգապուրում, որի գոյության մասին մեր պաշտոնյաները հաճախ են պատեհ ու անպատեհ առիթներով հիշում, այս քաղաք-պետությունում, հավի մսի տարեկան արտադրությունը կազմում է 100 հազար տոննա, 1 բնակչի հաշվով 15 կգ: Մի այլ, ոչ մեծ երկրի թվերը նշենք, հայաշատ Լիբանանի: Այստեղ հիշատակվող մսատեսակի արտադրությունը վերջին տարիներին մոտենում է 150 հազար տոննայի, 1 բնակչի հաշվով 25 կգ. Վերջին 15 տարիներին երկրի բնակչությունը 3,6 մլն-ից հասել է 6,4 մլն-ի: Տեսնես այս երկրի նախագահի հայաստանյան այցի օրերին մերոնցից որեւէ մեկը հետաքրքրվեց արդյոք մեզ անհրաժեշտ այս ճյուղի հարցերով, թե՞ կրկին հույսը թողնվեց ներմուծողների խղճինՙ աշխարհի 4 կողմերից անհայտ ծագման ներկրումներ իրականացնել եւ գերշահույթներ ստանալով նորօրյա ազգային բարերարների հավակնությունների տրվել: Մարդիկ այսկերպ երկիր են պահում, մի ամբողջ պետության պարենային ապահովության ու անվտանգության խնդիր լուծում: Իսկ ահա լիբանանաբնակ բարեկամներիս շատ դժվարությամբ հաջողվեց բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում խոր սառեցված հավի միսը: Նման բան այստեղ լսած ու տեսած չկանք, պնդում էին նրանք եւ վստահեցնում, որ սպանդի ենթարկված հավը գնում են միայն թարմ վիճակում, որը նույնն է թեՙ ակնածանք ու հարգանք կա սպառողի, սեփական քաղաքացիների հանդեպ:

Ներկայացնենք մեր հարավային հարեւանների կողմից այս ոլորտի զարգացման պատկերը: Հիմնական մսատեսակներից խոզի միս չսպառող Թուրքիայում եւ Իրանում հավի մսի արտադրության հանդեպ ուշադրության պատկերը գնահատեք ինքներդ. առաջինում 2000 թվականին թռչնամսի տարեկան արտադրությունը 660 հազար տոննա էր, երկրորդումՙ 800 հազար տոննա:15 տարի անց Թուրքիայում արտադրությունը եռապատկվել է, հասել 2 մլն տոննայի, Իրանումՙ 2,2 մլն տոննայի, 1 բնակչի հաշվով կազմել 15-ական կգ: Արտառոց է Իսրայելի ցուցանիշը. 2017-ին հավի մսի տարեկան արտադրությունը գերազանցել է 630 հազար տոննան, 1 բնակչի հաշվով մոտ 80 կգ սպառման ցուցանիշով երկիրն աշխարհում 1-ին տեղում է: Ըստ ականատեսների, իսրայելցիներն այս օգտակար ու համեղ մսատեսակից օգտվում են թե՛ առավոտյան նախաճաշին, թե՛ կեսօրին, թե՛ երեկոյան իրենց հրաշք խոհարարների ու ընտանեկան խոհանոցներում պատրաստվող ճաշատեսակների շնորհիվ:

Ավելորդ չենք համարում նաեւ ընթերցողներին ներկայացնել հավի մսի արտադրության համաշխարհային ցուցանիշները. 2000 թվականինՙ 68 մլն տոննա, 2014-ինՙ 113 մլն տոննա, միջին երկրաբնակի հաշվով տարեկան 15 կգ:

Թե երբ ՀՀ-ում կարձանագրվի այս ցուցանիշը, դժվար է անգամ մոտավոր թիվ նշել, քանզի նախորդ 20-ամյակում այն 1,5 կգ-ից հազիվ 3 կգ-ի է հասել: Երբ տողերիս հեղինակը Ավստրիայում հյուրընկալվելու շրջանում տեղացի արտադրողներին դիմում է այն հարցով, թե ինչպես է նրանց հաջողվում պարբերաբար 200 հազար տոննա արտադրություն իրականացնել, պարզապես հարցը տարօրինակ են համարում. արտադրում են ինչքան երկրին պետք է, վաճառում բացառապես պաղեցված տեսքով, գնորդների համար էլ հասանելի գնով: Ավելորդ չենք համարում նաեւ նկատել, որ այստեղ 3-5 եվրոյի միջակայքում տատանվող գնի 45 տոկոսը հարկերն են, դրանք Ավստրիայի բյուջե են գնում, այլ ոչՙ տնտեսվարողների հաշվեհամարներին հայտնվում: Եթե Ավստրիայում, ինչպես եւ եվրոպական շատ երկրներում, 1 բնակչի հաշվով երկրի բյուջեից տարեկան ծախսը 25 հազար դոլար եւ ավելին է, ՀՀ-ում այն անգամ 1000 դոլար չի կազմում:

Անկեղծ գտնվեմ եւ նշեմ, որ դժվարությամբ, չցանկանալով եմ նման փաստեր նշում, քանզի այսկերպ նմանվում եմ գործընկերներիցս ոմանց, ովքեր այս ու այն երկրներում հայկական նորաստեղծ համայնքների մասին պատմող իրենց նյութերում հիացմունքի խոսքեր են հնչեցնում ստեղծված մանկական հաստատությունների ու դպրոցների, մշակույթի ու հոգեւոր օջախների մասին, յուրօրինակ էստի համեցեք-ի առիթ ու պատճառ դառնում: Որ Երկիր մոլորակի մի զգալի մասում երշիկը մսից է պատրաստվում, կաթնամթերքն անարատ կաթից, զուգարանաթղթից սկսած ներկերն ու սոսինձները, ցեմենտն ու լամինաթը շատ ավելի որակյալ ու մատչելի են, հագուստն ընտիր կարված, օծանելիքը գրավիչ ու բուրումնավետ, դրանք հատուկ մարդկային առանձնաշնորհների դրսեւորումներ չեն, այլ անգամ շատ պարզ ու հասարակ գործընթացների արդյունքներ, որոնք, վստահ եմ, դյուրությամբ հասու են նաեւ հայաստանցիներիս, եթե ուզենքՙ մի բան ավելիով: Թե ինչ է պակասում հիշատակված երկրների կողքին ասենք Շվեյցարիայի ու Ֆինլանդիայի օրինակով մեր նորանկախ պետությունը յուրօրինակ Հայցարիա կամ Հայլանդիա դարձնելուն, կարծում եմ մեր կառավարիչները գիտեն: Ավաղՙ ընդամենն այսքանը.թե ե՞րբ կգա գիտեցածն իրականություն դարձնելու պահը, անհայտ է, որպիսի վիճակում է գաղջ միջավայր որակումն ստացած մեր առօրյան:

26.02.2018 թ. Երեւան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ