110 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու Երեւանի Գաբրիելյան եղբայրների հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 1908 թվականին Երեւանում իրենց պատկանող կաշվի գործարանի կարիքների համար: Գաբրիելյան եղբայրների կիսատնայնագործական եղանակով կաշվի մշակման գործարանը ստեղծվել է 1894 թվականին: Կայանում տեղադրվել է «Ֆրենսիս» տեսակի հիդրոտուրբին: Այն միացվել է 230 Վ լարման, 25 կՎտ հզորության հաստատուն հոսանքի գեներատորին: Ջուրը վերցվել է Զանգու (Հրազդան) գետից եւ բաց ջրանցքով տեղափոխվելով 350 մետր, տրվել է հիդրոտուրբինին: Կայանի օգտակար էջքը կազմում էր 3 մետր: Էլեկտրական էներգիայի տարեկան առավելագույն արտադրությունը կազմել է մոտ 30 հազար կՎտ.ժ: Ներկայումս այս հիդրոէլեկտրակայանը գոյություն չունի: Ան հրաժեշտ է նշել,որ Հայաստանում առաջին էլեկտրակայանը կառուցվել է 1903 թվականին Դիլիջան քաղաքում 10 ԿՎտ հզորությամբ,իսկ Արցախում մինչեւ 1920 թ. միակ հիդրոէլեկտրակայանը եղել է Շուշի քաղաքի մոտ 30 ԿՎտ հզորությամբ: |