ԹՈՒՐՔԻԱՆ, ԲԵՔՉՅԱՆԻՆ ՄԵՐԺԵԼՈՎ, ՁԵՌՆՈՑ Է ՆԵՏՈՒՄ ՆԱԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Գերմանական «Ցայթ»-ը փետրվարի 23- ին անդրադարձել անցյալ ամիս Պոլսից Գերմանիա վերադարձած Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի դեմ թուրքական պետական մեքենայի ճնշող գործելակերպին, երբ վերջինս հայ համայնքի ընտրությամբ տեղապահի պաշտոնն էր ստանձնելՙ մի առաքելությամբՙ կազմակերպելու Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը: Թուրքական պետությունը ճնշում է ոչ միայն ռեժիմին ենթադրաբար ընդդիմադիր անձանց, այլեւՙ կրոնական փոքրամասնություններին, գրում է պարբերականըՙ Բեքչյանի պարագան վկայակոչելով, իսկ դրա պատճառ նկատում նրաՙ ցեղասպանության մասին հստակ արտահայտվելը: Դիվանագիտության տեսակետից առանձնահատուկ զգայուն մի հանգամանք եւսՙ նա Գերմանիայի քաղաքացիություն ունի, գրում է Սյուզաննե Գյուսթենն իր հեղինակած ծավալուն հոդվածում: Պոլսի պատրիարքի տեղապահի պաշտոնում 10 ամիս գործունեություն ծավալած Բեքչյանի հանդեպ թուրքական իշխանությունների ոչ սիրալիր վերաբերմունքը հեղինակը բխեցնում է նրաՙ 1915- ի իրադարձությունները բացահայտ ցեղասպանություն որակելուն, որ «Թուրքիայում դեռ տաբու է»: Սա հստակ նշան է, որ 1915-ի իրադարձությունների վերաբերյալ հրապարակային քննարկումը կշարունակի խոչընդոտվել, իսկ Պոլսում 60 000-անոց հայկական համայնքի ներքին գործերը դարձյալ վերահսկելու է պետությունը: Համայնքն իհարկե 1915- ի ողբերգությունից մազապուրծ վերապրողների ժառանգներն է ներկայացնում, նրանցից է նաեւ 1942- ին լույս աշխարհ եկած Բեքչյանը, որի մոր կողմի ազգականները զոհ են գնացել կոտորածին, իսկ կոշկակար հայրը, անկարող լինելով վճարել ոչ մահմեդականներին պարտադրված հատուկ տուրքը, բռնաճնշումների հետեւանքով հայտնվել է Ասքալեի աշխատանքային ճամբարում: 1955- ին ականատես լինելով Ստամբուլում հույների եւ հայերի դեմ գործադրված բռնություններին, պատմության դասին հակահայկական կոչերին, հոգեւորականի ուղին ընտրած Բեքչյանը 1965- ին տարագրվեց Գերմանիաՙ ուսումը շարունակելու: Նա ակտիվ մասնակցություն ունեցավ Գերմանիայում եւ Ֆրանսիայում հայ համայնքի կազմակերպման գործում, ստացավ ԳԴՀ քաղաքացիություն, իսկ 1991- ից ստանձնեց Գերմանահայոց հոգեւոր առաջնորդի պաշտոնը: Բայց, ինչպես խոստովանել է գրող Քեմալ Յալչինին, Բոսֆորի ափին գտնվող իր եզերքի հանդեպ հայրենաբաղձություն միշտ է ունեցել, գրում է «Ցայթ»- ի մեկնաբանը, այնուհետ նկարագրելով Պոլսի հայ համայնքի կյանքում դրամատիկ իրադարձությունները: 2007- ին հրապարակավ սպանվեց լրագրող Հրանտ Դինքը, մեկ տարի անց 52 ամյա պատրիարք Մութաֆյանը անկողին ընկավՙ անբուժելի դեմենց հիվանդության գերին մնալով մինչ օրս: Գերմանական պարբերականը մանրամասն նկարագրում է 2 տարի առանց առաջնորդի մնացած հայ համայնքի, այնուհետ 2010- ին եկեղեցական խորհրդի որոշմամբ Արամ Աթեշյանիՙ որպես փոխանորդ ընտրության պատմությունը, եւ նշում, որ Աթեշյանի ընտրությունը հաստատել էր նաեւ թուրքակական կառավարությունը: Պառակտված հայ համայնքիՙ Աթեշյանին համակարծիք թեւը կողմ է իշխանությունների հետ լավ հարաբերություններ պահպանելուն եւ դեմՙ պաշտոնյաների հետ որեւէ առճակատման, իսկ համայնքի մյուս թեւը, որ Դինքի խմբագրած «Ակօս»-ի խումբն է ներկայացնում, հակառակըՙ պահանջում է համայնքի ավելի մեծ ինքնավարություն, ինչպես նաեւՙ պետական «խնամատարության» դադարեցում: Երկու թեւերի միջեւ առճակատումը 2016- ին հասավ իր բարձրակետին, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, մեկնաբանում է «Ցայթ»-ի հեղինակը: Աթեշյանն այդժամ հայ համայնքի անունից նախագահ Էրդողանին բանաձեւը դատապարտող նամակ հղեցՙ որակելով այն հակաթուրքական, ինչն անշուշտ արժանացավ «Ակօս»- ի սուր քննադատությանը, որ Աթեշյանին որակեցՙ «նախագահական պալատի պատրիարքական փոխանորդ» տիտղոսով: «Ցայթն» այնուհետ մանրամասն նկարագրում է տեղապահի ընտրության, թուրքական իշխանությունների կողմից Բեքչյանին չճանաչելու, Աթեշյանին ընդառաջելու այն պատմությունը, որին ծանոթ է հայ ընթերցողը: «Պետության միջամտությունն այնքան էլ անակնկալ չէր», գրում է հեղինակըՙ ամիսներ ի վեր միջնորդի բերանով պաշտոնատարները փոխանցել էին, որ Բեքչյանին չեն ընդունելուՙ հիշատակելով ցեղասպանության մասին նրա հրապարակային արտահայտությունները: 40 տարի Եվրոպայում պաշտոնավարելով Բեքչյանը, բնականաբար, ցեղասպանության ոգեկոչման բազմաթիվ միջոցառումների է մասնակցել, արտահայտվել: Դինքի մահվանից հետո, թուրք մտավորականներիՙ ցեղասպանության ճանաչման ստորագրահավաքին ի հակակշիռ, ազգայնականների թիվն աճ գրանցեց: Asim-Der անվանյալ «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միությունը», որի նստավայրն Իգդիրում է, ամիսներ ի վեր պայքարեց Բեքչյանի դեմՙ նրան մեղադրելով թուրքական շահերի դեմ Գերմանիայի հետ համագործակցության համար: Ներքին գործերի նախարարությունը պետք է միջամտի, վճռական միջոցներ ձեռարկի Բեքչյանի պատրիարք ընտրվելու դեմ, պահանջել էր Միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը , ինչն արդեն իրողություն է: Եկեղեցական խորհրդի մերժումից հետո Բեքչյանն անմիջապես Գերմանիա վերադարձավ, ըստ պատրիարքարանի, թոշակի անցնելու մտադրությամբ: Նա իր դառնությունը պոլսահայությանն ուղղված նամակի մեջ պարպեց, որում մասնավորապես ցավ էր հայտնել, թե « պոլսահայերը վերջին տասնամյակների ընթացքում կորցրել են պատմության հանդեպ իրենց գիտակցությունը եւ պայքարող ոգին»: Նոր պատրիարքն, ամենայն հավանականությամբ միայն այն ժամանակ կլինի, երբ թուրքական կառավարությունն ի՛ր թեկնածուի ճանապարհը հարթել կարողանա, ցավոք, հայ համայնքի մի մասը պետության տեսակետին է ծառայում, «Ակօս»- ի մեկնաբանությունն է ընդգծում «Ցայթը»: |