RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018



Տեղադրվել է` 2018-03-01 23:20:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 4326, Տպվել է` 473, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այն ժամանակ, երբ մեր հրապարակումը հասանելի կլինի ընթերցողին, Ազգային ժողովը պատգամավորների քվեների 3/4-ով Արմեն Սարգսյանին ընտրած կլինի Հայաստանի չորրորդ նախագահին` մի վարկածով (ՀՀԿ-ի), եւ Հայաստանի չորրորդ (խորհրդարանական) հանրապետության առաջին նախագահին` մի ուրիշ (ՀՅԴ-ի) վարկածով: Առաջին հայացքից սա կարող է թվալ բառախաղ, բայց նայած, թե ինչ բովանդակություն կհաղորդի իր պաշտոնավարմանն Արմեն Սարգսյանը, որի ժամկետը յոթ տարով է ու նաեւ զուգահեռվելու է հաջորդ Ազգային ժողովի ու նրա ձեւավորած մի նոր կառավարության ժամանակին, ա՛յդ բովանդակությունից կախված կլինի իրական բնորոշումը: Գոնե Ազգային ժողովում իր ունեցած ելույթի եւ մինչ այդ հանրության տարբեր շերտերի հետ հանդիպումներում արտահայտած նրա մոտեցումների շրջանակում, գումարած գիտական, դիվանագիտական եւ գործարար հաջողված փորձառությունը, Արմեն Սարգսյանին, իրոք, կարելի է համարել Հայաստանի ամենաինտելեկտուալ ղեկավարն այս պահին, որի կերպարն առանձնանում է համարյա թե բոլորից: Հուսով եմ` նա հասկանում է, որ Հայաստանի ղեկավար կազմից շատերին կարող է սա դուր չգալ, որոնք իրենց ձեռքի տակ եղած լրատվամիջոցներով կարող են մի այնպիսի խաչակրաց պատերազմ հայտարարել նրան, որ անգամ նրա դիվանագիտական փորձառությունը կարճ ժամանակում տեղի կտա: Ու դրա դեմ խաղուպար կթվա խորհրդարանում «Ելք» խմբակցության ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի ` գեղարվեստական պատկերավորման միջոցներով եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինել-չլինելու մասին տեղեկանքի պահանջով Արմեն Սարգսյանի թեկնածությունը նսեմացնելու փորձերը:

Բոլոր դեպքերում անառարկելի է փաստը, որ, անկախ թաքնված շարժառիթներից, Հայաստանի իշխող մեծամասնությունը գոնե հրապարակային տեսանելիության հարթույթում մեջտեղ է բերել մի այնպիսի թեկնածուի, որի համար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի բնութագրմամբ, գլուխը բարձր եւ պարզերես կարող են լինել ոչ միայն նրան առաջադրող մեծամասնությունը (ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն), նրան իր քվեն տված «Ծառուկյան դաշինքը», այլեւ Հայաստանն առհասարակ, եթե, իհարկե, այդ մարդուն թողնեն իրականացնել բոլոր այն պատկերացումները, որոնց մասին երեկ ասում էր նա Ազգային ժողովում: Ու, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի բնորոշմամբ` կյանքի բոլորը բնագավառներում առաջամարտիկի, «անխոցելի ու ճիշտ» թեկնածուի գաղափարների իրականացումը չի խանգարելու հենց իշխող ՀՀԿ-ին` դիպչելով մեծամասնության շատ անդամների շահերին ու գործելակերպին: Կամ, ինչպես իրեն առաջադրող մյուս ուժի` ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էր ասում, որպես տարբեր բնագավառներում հաջողված անձ, նա կկարողանա ուժ հաղորդել խորհրդարանական հանրապետության սահմանափակ լիազորություններով նախագահի աթոռին, միս ու արյուն տալ Սահմանադրությանը` հրաժարվելու համար այն մղձավանջից, որն այսօր առկա է:

Ինչ էր ասում ինքը` Արմեն Սարգսյանը խորհրդարանում, որն, ի դեպ, նա տարբեր վարկածներով ասում էր նաեւ իր բոլոր հանդիպումների ընթացքում: Նրա շատ մտքեր պարզապես արդիական են այն աստիճանի, որ կզարդարեին ուզած ընդդիմադիրի ելույթը` զուտ խնդիրներին այլընտրանքային պատուհանից նայելու դիպվածով, բայց դա էլ նեղ բնորոշում կլիներ` նրա մոտեցումները մեր երկրի խնդիրներն ամբողջական ընկալող, դրանք համաշխարհային գործընթացներին համադրող լայնախոհ գործչի հայացքով արված բնութագրումներ էին, մյուս կողմից` կոչելով մերոնց հետ կանգնել անհանդուրժողականությունից, միմյանց ոչնչացնելուց, որպես հայերիս համար մեծ շռայլությունից. «Այն բոլորը, ինչ լսեցի պարզ մարդկանցից, անփոխարինելի են, քանի որ ոչ մի տեղեկատվություն չի կարող նրանցից լսածին փոխարինել», նշեց նա:

Դատելով նրա ելույթից` Հայաստան պետության գլուխ է դառնում մի մարդ, ով կապում է իրար հետ անցյալն ու ներկան, խորհրդային ժամանակի լավագույնը վերցնելու մոտեցումը համատեղում է տեխնոլոգիական դարաշրջանի մաս կազմելու իր պատկերացման հետ: Այսինքն` սերունդներին հաշտեցնելու, ու ներկա դարաշրջանի առաջընթացից հետ չմնալու խորհուրդը, որ դրված է հենց նրա կերպարի եւ կյանքի փորձառության մեջ, փաստորեն, ըստ նրան առաջադրողների, բխում է այս պահին Հայաստանի ներսում ու դրսում ստեղծված իրավիճակները փափուկ լուծումների տանելու անհրաժեշտությունից: Համենայնդեպս` այդպիսի տպավորություն էր նրա ելույթից:

Նա խոսում էր պատերազմում հաղթող ժողովրդի զավակ լինելու եւ սոցիալապես բեւեռացված հասարակությամբ ապրելու անհամատեղելիությունից. «Քրիստոնեական բարոյականության տեսակետից` մարդը չի կարող իրեն երջանիկ զգալ` աղքատության հարեւանությամբ», ասում էր նա` երեւի խորհրդարանի դոլարով միլիոնատերերին: Հաջողության բանալին եւ անհաջողությունների դասերը համատեղել առաջարկող Սարգսյանը արդյունավետ պետություն կառուցելու իր տեսլականն ամրապնդեց այն պահանջներով, որ տարիներով մենք բոլորս դնում ենք, ու դրանք անլուծելի են մնում` իրավապահ համակարգի պատասխանատվություն, օրենքի առաջ հավասարության, քաղաքական կամքի դրսեւորմամբ եւ հանրային աջակցությամբ` կոռուպցիայի վերացում, պետական կառույցների փոխհամաձայնեցված աշխատանք, Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ անջրպետների վերացում.«Քաղաքացի լինելը ռեսուրս է, որ մեզ կազատի ամեն ինչում մեղավոր փնտրելուց: Քաղաքացի լինելը բացարձակ անհրաժեշտություն է», ասում էր նա` ակնարկելով, որ առանց քաղաքացու ակտիվության այս բոլորը չեն իրականանա: Ժառանգությունն ու փորձը հսկայական նշանակություն ունեն, ըստ նրա, ու պիտի չտրվել ամեն ինչ ջնջելու եւ զրոյից սկսելու մղումին:

Օրենքի նկատմամբ հարգանք, դաստիարակություն, մայրենի լեզվի կարեւորում` սրա՛նք են հիմքը, որ պետք է դրվի դպրոցից, կրթությունն ընդհանրապես փոփոխությունների հիմքն է:

Անձնական ու ընտանեկան նրա փորձառությունը ձեւավորել են մոտեցումներ Սփյուռքի նկատմամբ, որոնք նա փոձելու է իրականացնել: Ա. Սարգսյանը առանձնահատուկ գնահատեց 12 միլիոնանոց Սփյուռքի դերը հայության ու հայրենիքի խնդիրների լուծման առումով: Նրա կարծիքով` Սփյուռքի ներուժի մի փոքր մասն է ի սպաս դրվում hայրենիքին, հստակ ծրագիր է պետք այս առումով, եւ Սփյուռքը հավասար պատասխանատվություն ունի հայրենիքի հանդեպ: Պատահական չէր երեւի, որ նա ասում էր, թե ոչ միայն իրեն ընտրող խորհրդրանական ուժերի, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքացիների նախագահն է լինելու, ընդունելի լինելով նաեւ Սփյուռքի եւ Արցախի համար:

Խորհրդարանական-կուսակցական Հայաստանում նա չի պատրաստվում որեւէ կուսակցության անդամ դառնալ` սա ի պատասխան վարչապետի թեկնածու եւ կուսակցական ցուցակ գլխավորելու հնարավորության հարցին, իսկ թե այդ մոտեցումն աշխատելիս նա կկիրառի՞` փորձելով գտնել ու երկրին ծառայեցնել նաեւ անկուսակցական պրոֆեսիոնալների ու անտեսված կադրերի ներուժը, դա միայն հետո կիմացվի:

Արտագաղթի դեմն առնելու համար շատ պարզ քայլեր պետք է անել, ըստ նրա, տնտեսական զանազան ծրագրերով, տուրիզմը զարգացնելով առանձահատուկ նկարագրով մեր փոքր քաղաքներում, գավառում հնարավորություններ ստեղծելով, ոլորտներում ներդրողին խրտնեցնող բացասական երեւույթները վերացնելով:

21-րդ դարի խաչմերուկում ենք` նոր տեխնոլոգիաների ու մտքի դար է լինելու, հայ ժողովուրդը հնարավորություններ ունի կրկին հաղթող լինելու, կրկի՛ն խոսքը կրթությանը պետք է վերաբերի, ասում էր նա: Նոր տեխնոլոգիաներ կարող ենք արտահանել, ինչպես «Թումոյի» դեպքում եղավ, պետք է վերագնահատենք մեր կրթական համակարգը` վերցնելով խորհրդային լավն ու ներառելով քսանմեկերորդ դարը: Հայաստանում առաջնահերթ պետք է դիտարկել բնապահպանության խնդիրը` ամեն օրենք ընդունվելուց առաջ պետք է բնապահպանական թեսթ անցնի, կոռուպցիոն օրենքներ պետք է չընդունվեն, բարձր տեխնոլոգիաներ ներդրողների համար բարենպաստ ու բարյացակամ միջավայր ստեղծվի, եւ այլն: Նրա բոլոր ասածներից ենթադրվում էր, որ այդ բոլորը հատկապես խոչընդոտվել է վերջին տարիներին, կոռուպցիոն օրենքներ են ընդունվել, իսկ վերջին տարիներին իշխանության է եղել հենց այն ուժը, որն առաջադրել էր նրան:

Ու «ՀՀ քաղաքացիների նախագահ, Արցախի բարոյական աջակցությունը կրող նախագահ, Սփյուռքի նախագահ, մեկ ժողովրդի, մեկ ապագա ունեցող, բայց «համաշխարհային ազգի» նախագահ լինել հավակնող Արմեն Սարգսյանին բնականաբար ուզում ես ուղղել ծագող դիմակա հարցերը, որոնք այն տխուր փորձառությունից են, որ որեւէ մեկը, որ Հայաստանում մտադիր է բան փոխել, ինքն է խրվում փոփոխության անհնարինության տիղմի մեջ: Մանավանդ` երբ Արմեն Սարգսյանին սկսեցին գովել այն մարդիկ, որոնք պիտի իրենց մեղավոր զգային այն բանի համար, որ երկրի ներսում անհանդուրժողականությունն ու անվստահությունն է մեծացել, բեռլինյան պատեր կան մարդկանց խմբերի միջեւ (ըստ Ա. Սարգսյանի), աղքատություն ու անվստահություն, քանի որ այդ մարդիկ երեսուն տարի իշխանության տարբեր պաշտոններում են եղել: Տանք այդ հարցերից մի քանիսը.

- Պարոն Սարգսյան, ո՞ւմ հետ եք անելու տեխնոլոգիական հեղափոխությունը Հայաստանում, արդյոք այն մարդկա՞նց, ում կարողությունը գոյանում է դրան դիմադրելով:

- Ո՞ւմ հետ եք բիզնեսի` աշխարհում առաջատար տեխնոլոգիական ճյուղերը ներմուծելու Հայաստան, արդյոք քվոտային բիզնեսով ու դեմպինգի միջոցով մենաշնորհային գին սահմանող գործարարների հե՞տ, ովքեր նաեւ հենց այդ հարցն էին տալիս Ձեզ խորհրդարանում:

- Ինչպե՞ս պիտի կրթական համակարգում Սահմանադրությամբ բոլորի համար հավասար մրցակցային հնարավորությունն ապահովեք, երբ դպրոցի տնօրենին իր ազգականներից ընտրում ու նշանակում է տեղական իշխանության` կասկածելի կրթությամբ ու բարոյականությամբ ներկայացուցիչը:

- Ինչպե՞ս պիտի Սփյուռքը չհակադրեք հայրենիքին, երբ մեր երկրի բարձր ղեկավարությունը Սփյուռքի գործիչներին գնահատում է ոչ թե ըստ արածի, այլ իշխանության հանդեպ վերաբերմունքի:

- Ինչպե՞ս եք Հայաստանի վերնախավին հասկացնելու, որ գավառո՛ւմ են ծնվում տաղանդները, ոնց որ Դուք եք ասում, մինչդեռ նրանց բացարձակ մեծամասնությունն իր ազգուտակին, ուստր-դուստրերին է գործուղում է իշխանական պաշտոնների:

- Տեսնես մինչեւ վերջ պատկերացնո՞ւմ եք, թե ո՞ւր եք եկել:

Հարցերը շարունակելի են:

Շնորհավորում ենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ