ՍԱՀՄԱՆ ԱՆՑՆԵԼ ՉԿԱ, ԻՍԿ ՀԵԾԱՆԻՎ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՔ ՔՇԵԼ ՄԻԱՅՆ ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԻ Արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ փոփոխություն է կատարվելՙ անկախ ժամանման վայրից արգելվում է սահմանային անցակետերով օտարերկրացիների մուտքը Հայաստան, քանի որ համաճարակաբանական լարված իրավիճակ է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Բացառություն են կազմում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչները, հյուպատոսական հիմնարկների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ պարետի որոշումներով մուտքի իրավունք ունեցող կամ նրա կողմից առանձնահատուկ դեպքերում թույլտվություն ստացած անձինքՙ այն եւս տարածք մուտք գործելուց հետո բժշկական զննություն եւ հաջորդող բոլոր գործընթացներն անցնելու պայմանով: Այս մասին տեղեկացնող Հայաստանի ԱԳ նախարարության կայքից նաեւ իմանում ենք, որ պարետի N 34 որոշմամբ ՀՀ-ում քաղաքացիների սպորտով զբաղվելու կամ հեծանիվ վարելու կարգում եւս փոփոխություններ են կատարվել, այժմ դրա համար կարելի է փողոց դուրս գալ առավոտյան ժամը 6:00-ից մինչեւ 10:00-ը, բնակության վայրից ոչ ավելի, քանի 500 մետր հեռավորության վրա, տեղաշարժի թղթային կամ առցանց թերթիկի եւ անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ: |