RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #500, 07-04-2020



Տեղադրվել է` 2020-04-08 12:00:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1309, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՈՒՅՆԻՍԿ ԽԱՆՈՒԹՆԵՐ ՉԳՆԱԼ

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Գլենդել

Ընդամենը մի ամիս առաջ աշխույժ եռուզեռով, մշտապես լուսառատ արեւով հայաշատ Գլենդելն այսօր վերածվել է լուռ ու ամայի ուրվական քաղաքի։ Նույնիսկ եղանակը, որ տարվա այս ժամանակ մշտապես բավականին տաք է, կարծես ձայնակցում է աշխարհին պատուհասած թագավարակին։ Օրերը չեն էլ պատրաստվում տաքանալ, համարյա աընդմեջ անձրեւում է, իսկ շատ-շատերը հենց եղանակի տաքանալու հետ կապված լավատեսական հույսեր են փայփայում։

Երեկ իրավիճակն ավելի տագնապալի դարձավ ԱՄՆ նախագահի, Կալիֆոռնիայի նահանգապետի, Լոս-Անջելեսի քաղաքապետի հանրությանն ուղղված ուղերձներից հետո։ Դժոխքի երկու շաբաթներ ընդառաջելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի ուրբաթ օրվա հայտարարությունը չմարսածՙ երեկ Կալիֆոռնիայի բարձրաստիճան պաշտոնյաները բնակիչներին նոր հրատապ հորդոր հղեցինՙ լիովին սահմանափակել դրսի հետ կապը, ընդհանրապես դուրս չգալ տներից, եթե հնարավոր է նույնիսկ դեղատուն ու խանութներ չգնալ։ Իհարկե, ցանկալի կլինի այս ընթացքում գոնե մեկ շաբաթվա սննդի ու խիստ անհրաժեշտ իրերի պաշար ունենալ տանը։ Այս հորդոր պահանջն ու խնդրանքը պայմանավորված են անցած շաբաթավերջին վարակակիրների ու մահերի թվի կտրուկ թռիչքներով։ Մինչ երեկ նահանգում մահերը կազմում էին վարակակիրների թվի 1.8 տոկոսը, երեկ արդեն այդ թիվը դարձել էր 2.3 տոկոս։

Ողջ Կալիֆոռնիայում 16342 մարդ արդեն հայտնվել է վարակի թիրախում, մահացել է 343 մարդ։ Երեկվա դրությամբ Լոս-Անջելեսում վարակակիրների թիվն արդեն հասել էր 6377-ի, ընդ որումՙ 420 նոր դեպքերը հաստատվել էին միայն երկուշաբթի օրը։ Նույն օրը 15 նոր մահեր են արձանագրվելՙ ընդհանուր թիվը հասցնելով 147-ի։900 մարդ բուժվում է հիվանդանոցներում։

Գլենդելում երկուշաբթի կեսօրվա տվյալներով վարակակիրները 142-ն էին։ Վարակակիրների մեծ քանակով Գլենդելը Լոս-Անջելես համայնքի երրորդ քաղաքն է։ Ասենք, որ շաբաթվա ընթացքում տնից դուրս չգալու նույնօրինակ ուղերձ հանձնարարականով երեկ հանդես եկավ նաեւ երկրի նախագահը։Քաղաքացիների կողմից հորդոր պահանջն անտեսելու դեպքում գործողության մեջ կդրվեն նաեւ ոստիկանական ուժերը։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #500, 07-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ