ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ՌԴ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման եւ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաեւ փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը: Դա Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում է, ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի եւ Սերգեյ Շոյգուի միջեւ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն:ՙ Թիմը համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով եւ նմուշառման համակարգով։ Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի եւ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները: Թիրախային խմբերում իրականացվող հետազոտությունները մեծապես կնպաստեն կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանն ու զգալիորեն կբարձրացնեն հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը: |