RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #500, 07-04-2020



Տեղադրվել է` 2020-04-08 12:00:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 680, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԻ ԿԱՅՈՒՆԱՑՈՒՄ ԱՄՆ-ՈՒՄ

Հ.Ա.

Դոկտոր Ֆաուչի. «Աշխարհը չի կարող բնականոն կյանքի վերադառնալ, մինչեւ չգտնվի պատվաստանյութը»

Տագնապալի այս օրերին բնականաբար շատերի աչքն ուղղված է դեպի Միացյալ Նահանգներՙ կորոնավիրուսի հետեւանքով այնտեղ ստեղծված դժնդակ կացության (ներկա պահին ԱՄՆ-ում հաշվարկված վարակակիրների թիվը անցնում է 368.500-ը, իսկ մահացածներինըՙ 10995-ը) ու նաեւՙ բժշկագիտության ամենազարգացած երկիրը համարվելու պատճառով։

Ամերիկացի փորձագետների դիտարկումներն այսօր որոշակի չափով լավատեսական էին. մահացությունների թիվը, հատկապես Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի շրջաններում, սկսել է կայունության նշաններ ցույց տալ, վարակակիրների թվային կորը բարձրակետից (պիկ) դեպի ներքեւ թեքվելու միտումներ է ի հայտ բերում։ Շատերի կարծիքով ինքնամեկուսացման եւ, այսպես կոչված, սոցիալական հեռավորություն պահպանելու ինքնապարտադրանքը սկսել են դրական արդյունքներ տալ համաճարակի զսպման գործում։

Այդուհանդերձ, ներկա օրերին աշխարհի ամենահայտնի մասնագետիՙ դոկտոր Ֆաուչիի տեսակետը մնում է տիրական. «Աշխարհը չի կարող բնականոն կյանքի վերադառնալ, մինչեւ չգտնվի համապատասխան պատվաստանյութը. մինչ այդՙ չի կարելի հանգստանալ»։ Իսկ պատվաստանյութը, որի փնտրտուքները շարունակվում են ողջ աշխարհում եւ բնականաբար ամերիկյան լաբորատորիաներում, համատարած գործածության տրվելու համար պետք ունի 8-10 ամսվա փորձարկության։

Մյուս կողմից, դարձյալ բնականաբար, քննադատությունների շեշտակի սլաքների թիրախ է մնում նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա չպատճառաբանված լավատեսությունը, երկրում արտակարգ վիճակ չհայտարարելու համառությունը անխնա քննադատվում է ոչ միայն նրա քաղաքական հակառակորդների, այլեւ առողջապահության մասնագետների կողմից։ Բոլորը մատնացույց են անում այն փաստը, որ առ այսօր խստացված ռեժիմի չեն անցել երկրի այն 7 նահանգները, որտեղից նա կարեւոր ձայներ էր հավաքել նախագահական ընտրություններում, եւ այժմ էլ, ի նախապատրաստություն առաջիկա նոյեմբերին կայանալիք ընտրություններին, աշխատում է ամբողջ երկիրը պահել աշխատանքային աշխույժ եւ չհիմնավորված հանգիստ մթնոլորտում, նույնիսկ մերժելով փոխնախագահի եւ օգնականների հետ շփվել ազատ եւ անմիջական ռեժիմով, առանց տարածություն պահելու եւ դիմակների։

Նախագահ Թրամփին ուղղված ամենաազդեցիկ քննադատությունը, սակայն, հնչեց երեկ, երբ «Նյու Յորք Թայմս» թերթը հրապարակեց տեղեկատվության մի արտահոսք, ըստ որի դեռեւս հունվար ամսվա սկզբում Սպիտակ տան խորհրդականներից նախագահն ստացել է հուշագիր Չինաստանում շրջան անող վարակի մասին, թե այն կարող է «միլիոնավոր ամերիկացիների կյանքը վտանգի ենթարկել»։ Հատկանշական է, որ դեռեւս փետրվարի սկզբում Թրամփը նույն աղբյուրից ստացել է երկրորդ, շատ ավելի վախազդեցիկ հուշագիր նույնի մասին։

Ահա այդ եւ այլ բացթողումների պատճառով ԱՄՆ նախագահը այժմ քննադատվում է անխնա։

Թողնենք նախագահ Թրամփին իր ճակատագրին դեմ-հանդիման եւ հետեւենք դոկտոր Ֆաուչիի խորհուրդներին։ Նաեւ աղոթենք, որպեսզի պատվաստանյութը հնարավորինս շուտ ի հայտ գա։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #500, 07-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ