ՆԱՄԱԿՙ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ Մեծարգո խմբագիր «Ազգ» կարդում եմ տպագրության առաջին իսկ օրվանից եւ թերթը համարում եմ մեր երկրի մամուլի լավագույն օրգաններից մեկը, իսկ մշակույթը ներկայացնելըՙ հիրավի թիվ մեկը: 26 օգոստոսի համարում երկարաշունչ հոդվածներից զատ, մշակույթ ներդիրում վաստակաշատ Աելիտա Դոլուխանյանը ներկայացրել էր «Ձնհալը արվեստում» արժեքավոր հոդվածը: Տողերիս հեղինակը լինելով «երեք նախկին», չի տիրապետում այսօրվա կապի հրաշք միջոցներին, ուստի «Ձնհալը ...» ֆիլմը դիտեց միայն նյութը կարդալուց հետո: Ի՜նչ բարձրաճաշակ թեմա, այն ներկայացնելու ի՜նչ մասնագիտական հմտություն, ի՜նչ անթերի լեզու, որակի նշան ունեցող մտավորականներ: Ձնհալը, որպես երեւույթ ես էլ եմ տեսել ու գնահատել չիմանալով, որ տարիներ անց զգացողություններումս գերակայելու է կարոտախտը: Չգիտեմ ինչ ժամանակահատված է անհրաժեշտ, որ կրկին կարոտախտ զգամ այսօրվա «Սիրուն Սոնա», «Սարի աղջիկ», ֆեյք մամա ու պապաներով, ինչպես նաեւ «Երգիր, թե կարող ես»-ի ժամանակ երգչուհու ոտքերի տակ մկներ բաց թողնելու գլուխգործոցներով: Ինձ համար այդքան բավականությունը «շռայլություն» կլինի, դա թող մնա այս տարվա ընդունելության քննաշրջանինՙ հայոց լեզվի քննությունը հաղթահարողներին... Արդ, խորին շնորհակալություն ֆիլմը ստեղծող բոլոր մասնակիցներին, հատկապես Ռուբեն Միրզախանյանին, որի շնորհիվ դիտեցի «Ձնհալը արվեստում»-ը, նրա քաղաքակիրթ ու նրբաճաշակ կերպարը մեր օրերում փնտրված է: |