ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ՊԱՀՈՒՄ ԵՆ ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ ՌԴ Լենինգրադի մարզի Պրիօզերյան շրջանում մի ավան (Ստեպանյանսկոյե), մի լիճ եւ մի դպրոց կրում են Արցախի Շուշիի ծնունդ փառապանծ օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի անունը: Այս մասին վերջերս տեղեկացրել է Սանկտ Պետերբուրգի «Հայկական ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կայքէջը: Դրանք գտնվում են նշված շրջանի Սեւաստյանովո գյուղական վարչատարածքում, որի կենտրոն նույնանուն ավանում նաեւ կանգնեցված է հուշաքար ԽՍՀՄ երեք հերոսների, այդ թվումՙ մեր մեծ հայրենակցի անուններով: Իսկ օգոստոսի 21-ին, ըստ նույն կայքի հաղորդման, մարզի Լոմոնոսովյան շրջանի Լեբյաժյե ավանումՙ Լենինգրադի երկնքի պաշտպանների հուշահամալիրում, հանդիսավոր բացվել են ԽՍՀՄ մեր լեգենդար հերոսի եւ Ռուսաստանի հերոս Անատոլի Լեբեդի կիսանդրիները: Բացման հանդիսությանը ներկաների թվում են եղել եւ խոսք ասել տվյալ վարչատարածքի ու շրջանի ղեկավարները, Լենինգրադի Ա. Պուշկինի անվան պետական համալսարանի ռեկտորը, հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ, այլ պատվավոր հյուրեր: Ելույթ ունեցողներից ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր, պահեստի գնդապետ Վրեժ Հարությունյանը , ներկայացնելով մասնավորապես Նելսոն Ստեփանյանի սխրանքները, նաեւ դատապարտող խոսքով հիշել է ինչպես ժամանակին Արցախի իր ծննդավայրում Խորհրդային Միության մյուս կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանի, այնպես էլ Շուշիում այս հերոսի հուշարձանի ոչնչացումը ադրբեջանցիների ձեռքով: Նույնի մասին հիշատակում կա նաեւ Լեբյաժյե ավանի ղեկավարությանը Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Կարախանյանի հղած նամակում: Հանդիսության ժամանակ այն հասցեատերերին է հանձնել Սանկտ Պետերբուրգի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Կարեն Մկրտչյանը : «Նելսոն Ստեփանյանը,- նախարարի շնորհակալական խոսքից հետո ասված է նամակում,- ծնվել է Արցախի սրտումՙ աներեւակայելի գեղեցիկ Շուշի քաղաքում: Ու չնայած նա ապրել է ընդամենը 31 գարուն, սակայն արդեն կենդանության օրոք դարձել է լեգենդ, հայրենիքի պաշտպանի անկրկնելի օրինակ եւ թշնամիների սարսափ... Լենինգրադի մարզում հերոսին հուշարձանի կանգնեցումը Արցախի հայերիս համար նաեւ յուրատեսակ մխիթարանք է հայրենի Շուշիում բոլորովին վերջերս նրա հուշարձանի բարբարոս ոչնչացումից հետո»: «Մենք համոզված ենք, որ աշխարհն ըստ արժանվույն կգնահատի մեծ հերոսի վաստակն ու նրա ավանդը ֆաշիզմի դեմ պայքարում: Եվ հերոսների հիշատակը կրկին կվերադառնա Շուշի որպես հուշարձան, որպես հրաշալի հիմն Հայրենիքին անմնացորդ նվիրվածության ու անձնազոհության»,- խոսքը եզրափակել է արցախցի նախարարը: ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի |