RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021



Տեղադրվել է` 2021-09-02 23:06:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2832, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, 30-ԱՄՅԱԿ

ՆԱԻՐ ՅԱՆ

Բա որ ադրբեջանցիները նեղանա՞ն...

30 տարի առաջՙ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Արցախը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից եւ հռչակվեց անկախ:

Հռչակագիրն ամրագրել էր Արցախում անցկացված հանրաքվեի արդյունքները:

Այդ տարվանից սկսածՙ Հայաստանբի իշխանություններըՙ բարձրագույն ղեկավարների մակարդակով, սեպտեմբերի 2-ին միշտ մասնակցել են Արցախի անկախության տոնին:

Սեպտեմբերի 1-ին Արցախում տեղի է ունեցել խորհրդարանի հատուկ նիստ, իսկ հաջորդ օրըՙ անկախության օրվան նվիրված միջոցառում, որին, սակայն, ներկա չեն եղել ո՛չ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ինչպես հայտնել էին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 3-ն արձակուրդում է: Նույն աղբյուրը նշել է, որ նա արձակուրդն անց է կացրել Հայաստանում, սակայն հայաստանյան լրատվամիջոցների ստացած տեղեկության համաձայնՙ Փաշինյանն արձակուրդի ընթացքում եղել է Սոչիում:

ՀՀ նախագահի աշխատակազմն Արմեն Սարգսյանի արձակուրդ մեկնելու մասին հայտարարել էր 2021 թվականի օգոստոսի 9-ին: Արձակուրդն արտասահմանում անցկացնող նախագահը չի վերադարձել Հայաստան, թեեւ այս ընթացքում նրա անունից հրապարակվել են հրամանագրեր եւ այլ փաստաթղթեր:

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ապա նրա մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահներից մեկը, պատվիրակության կազմում են հանձնաժողովների նախագահներ եւ պատգամավորներ:

Ալեն Սիմոնյանը եւս չի մեկնել Արցախ:

Անմեղության կանխավարկածի մասին այստեղ խոսք լինել չի կարող. վերոնշյալ որեւէ պաշտոնյա «ալիբի» չունի: Հայտնագործություն արած չենք լինի, եթե մտածենք, որ հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաները, տարբեր պատճառներով Արցախ չմեկնելով ու Արցախի անկախության օրվա միջոցառմանը չմասնակցելով, ուղղակի խուսափողական պահվածք են դրսեւորում:

Մեղմ ասածՙ չեն ուզում ադրբեջանցիներին նեղացնել:

Իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք...

Արցախի «Արդարություն» խմբակցությունը սեպտեմբերի 2-ին հայտարարություն է տարածել.

«Սիրելի հայրենակիցներ

Ցավով պետք է նշենք, որ վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ է, երբ Արցախը իր հանրապետության հռչակման օրը նշում է առանց hայաստանյան իշխանության բարձր ղեկավարության մասնակցության: Պետք է նշենք, որ առաջին անգամ է նաեւ, որ Արցախի իշխանությունները նույնպես չեն գտնվում իրենց բարձրության վրա: Առաջին անգամ է, որ պատգամավորներին հրավիրում են նիստիՙ առանց խոսքի իրավունքի:

1991 թվականի սեպտեմբերից 2-իցՙ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից ընդամենը մի քանի ամիս առաջ, 1991-ի գարնանը, Ադրբեջանը իրականացրել էր «Օղակ» գործողությունըՙ գրավելով եւ իրենց տներից արտաքսելով հայկական 24 գյուղերի հազարավոր բնակիչների: Արցախում եւ Հայաստանում տիրում էր հիասթափության, տագնապի եւ անորոշության մթնոլորտ: 1991թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը:

Ընդունվեց հռչակագիրՙ ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990 թվականի ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Ամիսներ անցՙ 1991-ի դեկտեմբերի 10-ին, Արցախում տեղի ունեցավ անկախության հանրաքվե: Հանրաքվե, որն Արցախի բնակիչներն իրականացրին արկերի պայթունների եւ հրետակոծության ներքո, սակայն լիահույս, որ կերտում են անկախ հայրենիք... եւ ստացվեց.... 2018 թվական, ապրիլ-մայիս ամիսներՙ Հայաստանը կրկին անհանգիստ էրՙ մերժում էին հինըՙ նորի ակնկալիքով:

Քանդեցին պետության ինստիտուտները, դատավորները դարձան վնգստացողներ, զինվորըՙ թերսնուցված: 2020 թվական, սեպտեմբերի 27. պայթեց պատերազմը: Պատերազմ, որի մասին շատերը խոսում էին երկու տարի շարունակ, պատերազմ, որի մասին ահազանգում էր մեր քաղաքական թիմը 2020 թվականի Արցախի համապետական ընտրությունների ընթացքում:Պատերազմ, երբ հենց այս դահլիճում, 2020 թվականի ամռանը մեր խմբակցությունը առաջարկում էր զորավարժություն անցկացնել, քանզի մոտալուտ պատերազմի սառը շունչ կար, սակայն մերժեցին:

Ունեցանք խայտառակ մի պատերազմ, որտեղ հայը կորցրեց, կորցրեց հազարավոր քաջորդիների, Հայրենիքի մեծ կտոր, հազարավոր ընտանիքների ճակատագրեր խեղվեցին: Կորցրեց, որովհետեւ երկու իշխանություններն էլ ողջ պատերազմի ընթացքում վարպետորեն շեղեցինՙ մեկը «գործնական» ու «մտահոգ» տեսք էր ընդունել, մյուսը «զինվորների հետ սուրճ էր խմում» ու իրենք հաղթում էին, իսկ հայը կոտորվում ու բնավեր էր լինում:

Մոտ մեկ տարի է, ինչ Մայր Հայաստանն են բզիկ-բզիկ անում: Աչքներիս առաջ շարունակում են թշնամուն տալ մեր Հայրենիքը, հետո իբր ինչ-որ մաս փրկելու համար (ինչպես Արցախի դեպքում արեցին) Փաշինյան Նիկոլը նաեւ կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ նոյեմբերի 9-ի նման մի օր, կպարզվի, որ այլեւս ոչ Արցախի հարց եւ ոչ էլ հայկական հարց գոյություն չունեն:

Եվ վերջում չափազանց կարեւոր հիշեցում. 1992 թվականին, երբ Արցախի տարածքի շուրջ 60%-ը բռնազավթված էր Ադրբեջանի կողմից, դժվար էր պատկերացնել, որ հնարավոր կլիներ բեկում մտցնել կենաց ու մահու այդ կռվում: Բայց հմուտ կառավարման, ռեսուրսների համախմբման արդյունքում հնարավոր եղավ ոչ միայն վերականգնել կորցրածը, այլեւ ազատագրել մեր բռնազավթված հայրենիքի մի մասը:

Հարգելի հայրենակիցներ, յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 2-ին Արցախում տոնական միջոցառումներ էին անցկացվում: Այս տարի նույնպես մի շարք միջոցառումներ են նախատեսված, սակայն այս իշխանությունները զրկեցին մեզ մեր հպարտության ու ապրեցնող տոնից, այն այսօր 30 տարեկան է, սակայն սգավոր ու գլխիկոր:

Շնորհավոր Հանրապետության օրդ, Հայի Արցախ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ