RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021



Տեղադրվել է` 2021-09-02 23:06:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2644, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀ-ՈՒՄ «ՖՈՐՄՈՒԼԱ 1»-Ի ԱՆՑԿԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հայաստանյան որոշակի շրջանակներում ընդունված մոտեցում կա, որ հայրենասերից հայրենապաշտ յուրաքանչյուր ոք անվարան պետք է քննարկի ու եթե հարմար է գտնում քննադատի իշխանությունների գործունեությունը, քանզի վերջիններս, անկախ իրենց ուզել-չուզելու ցանկությունից, յուրօրինակ զանցառուականությունից հանցառուականության գնալու միջավայրում են գտնվում, մասամբից առավել ուռճանալու հակում ունեն: Ասվածը հաստատվում է յուրաքանչյուր օր, երբ իրավապահ մարմինները հաղորդագություններ են տարածում պետական կառույցների պաշտոնյաների կողմից չարաշահումներից մինչեւ կազմակերպված հանցագործությունների բացահայտման ու հարուցված քրեական գործերի վերաբերյալ: Կարծես լավ է որ կարգն ու օրենքը խախտողները պատժվում են, բայցեւ միաժամանակ հարց է ծագում, թե մինչեւ երբ կարելի է նման գործընթացով առաջնորդվել: Այն մոտեցումը, թե մինչեւ այն պահը, երբ չեն խախտի ու գողանա, երեւակայության ոլորտից է. համայնավարության ավանդույթներ կրող հանրությունը դեռ երկար է նվազագույնը զանցառուական միջավայրում խարխափելու, դժվար է իր կոչումը գտնելու, հպարտ քաղաքացու կարգավիճակում հայտնվելու: Ինչո՞ւ պատասխանը վաղվա օրվա հանդեպ անորոշությունն է, որն օրվա իշխանություններին չի մտահոգում, կամՙ գրեթե չի մտահոգում: Նման մոտեցումը փորձենք հիմնավորել հենց գործադիր իշխանության գործողություններով:

ՀՀ կառավարության օրերս ներկայացրած ու ԱԺ-ի կողմից հաստատված 2021-2026 թվականների հնգամյա ծրագրով կանխատեսվում է երկրում նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից հասցնել 85 հազար դրամի: ՀՀ քաղաքացուս շրջապատում ոմանք այստեղ թվերի սխալներ փորձեցին փնտրել, քանզի իրոք դժվար է պատկերացնել, թե ինչ խնդիր է լուծելու միջին ամսական մոտ երեք հազար դրամ ավելացումը: Այն կուղղվի հիվանդությունների ու դեղերի աճող գնե՞րը փակելուն, թե՞ այլեւայլ հաստատությունների չմատուցվող վճարումներին կամ տուն հրավիրված գազի ու ջրի մասնագետներին գոհացնելուն: Եթե առաջնորդվենք սատանան մանրուքների մեջ է մոտեցմամբ եւ մի փոքր էլ մանրանանք, այդ 68 հազարն այսօր օրը 2300 դրամ է ստացվում , որը 2026-ին կազմելու է 2800 դրամ: Թե ինչ միջավայրում կապրենք հինգ տարի անց, ուղղակի անհնարին է գուշակել:

Իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչները, ասենք ՀՀ էկոնոմիկայի նախարարը, հանդիպելով բարձրաստիճան դիվանագետի հետ, ի լուր հանրության հայտարարում է, որ Հայաստանից օվկիանոսների հեռավորության վրա գտնվող երկրում հայկական ապրանքների նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Թե ինչու է նման վարք դրսեւորվում, երբ պարզ չէ ինչ ապրանքների պահանջարկ կա հեռավոր Արգենտինայում ու Բրազիլիայում կամ Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում, որեւէ մեկին հայտնի չէ: Պարզապես փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ միջազգային կապեր կան հաստատված, դրանց հնարավորություններն են բացահայտվում, մանրամասներին են անդրադառնում, ինչ-ինչ իրագործումներ են կանխատեսվում: Երբ լրագրողները նման պարագաներում առաջարկում են որոշակիորեն կոնկրետանալ ու... լրջանալ, պատասխանն անորոշ ժպիտն է լինում, ոչինչ չասող հայացքը:

Եվ սա ներկայացվում է պետության կառավարման, ոլորտային ղեկավարման դրսեւորում, որը տարօրինակորեն որեւէ ձեւով չի արտացոլվում ՀՀ քաղաքացու առօրյայում: Օրերս օրինակ, հեռուստաալիքներից մեկում հյուրընկալված փոխնախարարներից մեկը հայտարարեց, որ Հայաստանի հանրապետությունը գնում է էներգետիկ անկախության ճանապարհով: Հայտարարությունն այնպիսի ինքնավստահությամբ արվեց, կարծես մեր երկրում վառելիք է հայտնագործվել, որով կարելի է մարդատար ու բեռնատար ավտոմեքենաները լիցքավորել, տրելեյբուսներն ու մետրոպոլիտենը շահագործել, հարահոսներն ու հաստոցները պտտեցնել, խոհանոցային ու լոգարանային միջոցներն աշխատեցնել, արդուկներից ու հեռուստացույցերից օգտվել: Մեր մարդիկ արդեն համոզվել են, որ ասենք էլեկտրաէներգիայի անակնկալ անջատումները ոչ այնքան վթարների հետեւանք են, որքան պլանային անջատումներ են հիշեցնում, քանզի դրանք 60-ական րոպեների տեւողությամբ վերականգնվում են: Միայն էլեկտրաէներգետիկ նվազագույն անկախության նպատակով ՀՀ մեկ բնակչի հաշվով տարեկան հարկ է 4-5 հազար կվտժամ էլեկտրաարտադրություն ունենալ, որը երազանք է ոլորտի մասնագետների համար:

Մեզանում կան առավել տարօրինակ պաշտոնյաներ, ովքեր խոսում են էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորությունից, անգամ թիվ են նշում, 1 մլրդ կվտժամ: Երբ խնդրում ու առաջարկում ենք մանրամասնել, թե որ էլեկտրաարտադրող հզորություններում է հնարավոր այն իրականացնել, անվարան նշում են Մեծամորի աէկ-ը, առանց բացատրելու, թե ինչու է կայանը, ասենք 2019-ին թողարկել 2 մլրդ կվտժ էլհոսանք, մեր սպառածի մոտ 28 տոկոսը, երբ 2015-ին արտադրությունը 2,6 մլրդ կվտժամ էր, ամբողջ 600 մլն կվտժամով ավելի:

Տարօրինակորեն, իսկ գուցե ոմանք նաեւ ցավալիորեն ասեն, համանման շատ հարցերի պատասխաններ չկան կառավարության ծրագրում: Թե երբ երկիրը ռազմականին համարժեք պարենային ապահովություն ու անվտանգություն կունենա, կարծես հրահանգված է չհարցնել ու չխոսել: ԱԺ-ում ծրագրի քննարկմանն այս առումով անգամ ակնարկ չարվեց: Ընթերցողին հետաքրքրող մի թիվ նշեմ. հայկական առեւտրային ցանցում Չինաստանից ներմուծված բուսաբուծության արտադրանք է վաճառվում, ասենքՙ սխտոր: Սա այն պարագայում, երբ այդ երկիրը 1 բնակչի հաշվով հազիվ 800 քառակուսի մետր վարելահող ունի, ՀՀ-նՙ 1600 քմ: Չինաստանը 1 բնակչի հաշվով 40 կգ խոզի միս է արտադրում, մենք հազիվ 4 կգ:

Տարիներ առաջ Ֆրանսիայում անցկացվող «Տուր դը ֆրանս. նաեւ գյուղուսույց» վերնագրով մի նյութ էի տպագրել, որտեղ նշել էի մրցուղու երկայնքով ձգվող ֆերմաների ու ագարակների, այգիների ու ցորեն-եգիպտացորենի դաշտերի, դղյակներ հիշեցնող արտադրա-բնակելի շինությունների մասին: ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի նիստում Սեւանա լճի շուրջ համանման մի միջոցառման անցկացումից խոսվեց, թերեւս արված ասֆալտը ցուցադրելու առումով: Թե ի՞նչ կստացվի այսօրինակ կառավարումից, կապրենք-կտեսնենք: Օդում կախված լուրերի համաձայն էլ կառավարությունում մտորում են հանրապետությունում «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի կազմակերպման շուրջ. այ, երբ համոզվեն մերոնց ասֆալտապատման միջազգային որակից, հարցին հիմնավորապես կանդրադառնան:

30.08.2021թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ