ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ, ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ ՆԱԻՐ ՅԱՆ Նոր ուսումնական տարվա մեկնարկից ուղիղ մեկ շաբաթ առաջ է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 1-ից դասերը կազմակերպվելու են առկա ձեւաչափով եւ անկախ դասարաններում աշակերտների թվիցՙ ամենօրյա ռեժիմով: Ինչպես հայտնի է, նախորդ տարի եթե դասարաններում աշակերտների թիվը գերազանցում էր 20-ը, ապա ըստ կարգիՙ աշակերտները բաժանվում էին երկու խմբի եւ դպրոց հաճախում օրումեջ: Նոր ուսումնական տարում, ըստ Առողջապահության եւ ԿԳՄՍ նախարարությունների հայտարարությանՙ այդ սահմանափակումը վերանում է: Սակայն նախորդ շաբաթ աշակերտների մեծ թիվ ունեցող դպրոցները պատրաստվում էին սեպտեմբերի 1-ից դասապրոցեսն անց կացնել նախկին ռեժիմովՙ օրումեջ եւ դասարանները բաժանելով երկու խմբերի: ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը օգոստոսի 30-ին նորից անդրադարձավ նույն թեմայինՙ երկրորդ անգամ հայտարարելով, որ դասարաններում աշակերտների թվից անկախՙ դասերն անց են կացվելու ամենօրյա ռեժիմով ու աշակերտների ամբողջական թվով: Փոխնախարարի հրահանգը դպրոցների ղեկավարներին ու մանկավարժներին ստիպել է կարճ ժամանակում վերափոխել ուսումնական գործընթացի նախապատրաստումը եւ շուտափույթ կանոնակարգել դասապրոցեսի ամենօրյա ռեժիմը: Հակահամաճարակային կանոններըՙ ախտահանում, դիմակ կրել, պահպանվելու եւ վերահսկվելու են: Նախարարության հրահանգովՙ այս տարվա առաջին դասարանցիների սեպտեմբերի 1-ը տեղի ունեցավ օգոստոսի 31-ին: Նման որոշումը կայացվել է կորոնավիրուսի պատճառով, որպեսզի 37.000 առաջին դասարանցիներն ու նրանց ծնողները դպրոցների բակերում կուտակումներ չառաջացնեն ու չմեծացնեն համավարակի տարածման վտանգը: Բացի այդ, այդկերպ տնօրեններն ու ուսուցիչներն ուշադրությունը կկենտրոնացնեն առաջին դասարանցիներին հավուր պատշաճի դիմավորելու, նրանց հետ ծանոթանալու վրա: |