RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2021-09-02 23:06:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1300, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՋՈՐՋ ԲՈՒՌՆՈՒԹՅԱՆ

Ա. Բ.

(1943-2021)

Օգոստոսի 22-ին, Նյու Ջերսիում (ԱՄՆ), 77 տարեկան հասակում վախճանվել է պատմաբան, պրոֆեսոր Ջորջ Բուռնությանը : Նա հայտնի էր Հայաստանի, Անդրկովկասի, Ռուսաստանի եւ Միջին Արեւելքի պատմության հարցերին նվիրված իր ուսումնասիրություններով, ուշ միջնադարի հայ պատմագիտական երկերի անգլերեն թարգմանություններով:

Ջորջ (Ժորա, Ժորժ) Բուռնությանը ծնվել էր 1943-ի սեպտեմբերի 25-ին, Սպահանում (Իրան), հայ հոր եւ լեհ մոր ընտանիքում: Ավարտել է Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանը: Թեկնածուական աստիճանը ստացել 1976-ին, նույն համալսարանումՙ որպես հայոց, իրանական եւ ռուսական պատմության մասնագետ: 1989 թվականից Ջորջ Բուռնությանը Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Արեւելքի պատմության ավագ դասախոս է եղել Նյու Յորքի Այոնա քոլեջում: Հայոց եւ իրանական պատմություն է դասավանդել Կալիֆոռնիա, Քոլումբիա, Թաֆթս համալսարաններում, Քոնեքթիքութի համալսարանի երեք կամպուսներում, Նյու Յորք համալսարանում, Կալիֆոռնիայի նահանգային համալսարանում, Ռաթջերս համալսարանում, Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի նահանգային համալսարանում, Ռամապո քոլեջում եւ Գլենդեյլի համայնքային քոլեջում: Դասախոսություններով հանդես է եկել ԱՄՆ-ի, Կանադայի, Իրանի եւ Ավստրալիայի քաղաքներում:

Ջորջ Բուռնությանի հեղինակությամբ եւ անգլերեն թարգմանությամբ լույս են տեսել հետեւյալ հատորներըՙ «Արեւելյան Հայաստանը պարսից տիրապետության վերջին տասնամյակներին. 1807-1828» (1982), «Երեւանի խանությունը Ղաջարական տիրապետության ներքո, 1795-1828 (1992), «Ղարաբաղի պատմությունը» (1994, նույնըՙ պարսկերեն, 2003), «Ռուսաստանը եւ Անդրկովկասի հայերը, 1797-1889. վավերական փաստաթղթեր» (1998), «Կաթողիկոս Աբրահամ Կրետացու Ժամանակագրությունը» (1999), «Աբրահամ Երեւանցի, Պատերազմների պատմություն, 1721-1738» (1999), «Հայ ժողովրդի պատմություն, I. նախապատմությունից մինչեւ 1500 թ.» (1993, երեք հրատարակություն մինչեւ 2000), «Հայ ժողովրդի պատմություն, II. 1500 թ. մինչեւ ներկան» (1994, երեք հրատարակություն մինչեւ 2000), «Հայ ժողովրդի համառոտ պատմություն» (հինգ հրատարակություն, 2002-2006, նույնը իսպաներենՙ 2003, Բուենոս Այրես, թուրքերենՙ 2011, Ստամբուլ, արաբերենՙ 2012, Կահիրե, հայերենՙ 2012, Երեւան, ռուսերենՙ 2014, Երեւան, ճապոներենՙ 2016, Տոկիո), «Զաքարիա Ագուլեցու Օրագրությունը» (2003), «Հայերը եւ ռուսները, 1626-1796. վավերական փաստաթղթեր» (2003), «Զաքարիա Քանաքեռցու Ժամանակագրությունը» (2004), «Առաքել Դավրիժեցու Պատմությունը, երկու հատոր» (2005-2006), «Սիմեոն Լեհացու Ուղեգրությունը» (2007), «Կաթողիկոս Սիմեոն Երեւանցի, Ջամբռ» (2009), «Կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյան, Համառոտ պատմություն Աղվանից աշխարհի (2009), «Ղարաբաղ նահանգի ռուսական հաշվետվությունը 1823 թ.» (երկու հրատարակություն, 2011-2012) եւ այլն:

Ջորջ Բուռնությանը վարժ տիրապետում էր հայերեն, ռուսերեն, պարսկերեն եւ լեհերեն լեզուներին: Նրա մյուս հետաքրքրությունները ներառում էին դասական դաշնամուրային երաժշտությունը եւ կինոն, որոնց վերաբերյալ հոդվածներով հանդես է եկել տարբեր հայկական եւ ոչ հայկական թերթերում ու ամսագրերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ