RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-02-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-02-07 00:21:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1178, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 50

«ԷՎՈԼՅՈՒՑԻԱ՞, ԹԵ՞ ՌԵՎՈԼՅՈՒՑԻԱ»`

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Վրաստանում առանց ռուսական «թաթի» չեն պատկերացնում

Ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի` համաներմամբ ազատ արձակվելն, ամենայն հավանականությամբ, դեռ երկար քննարկումների տեղիք է տալու, քանի որ վրացական իրողություններից դուրս այդ համատեքստում տարբեր հարցեր դիտարկելու իրենց հերթին են հասել նաեւ հակառուսական կամ ռուսամետ լրատվամիջոցները` առանց առանձնակի տարանջատման:

Հասկանալի է, որ ռուսական հետքն ամենուրեք տեսնելու Սաակաշվիլիական մոտեցման արդյունքում ռուսական մամուլն էլ ամեն առիթ բաց չի թողնի այս կամ այն կերպ անդրադառնալու Վրաստանին ու հակառուսական համատեքստում անընդհատ քննարկվող հայկական իրականությանը, սակայն ակնհայտ է, որ առաջին հերթին արդարության վերականգնման փորձ դիտարկվող համաներմամբ ազատումը գոնե պետք է չշահարկվեր:

«Կավկազսկայա պոլիտիկա» պարբերականն, օրինակ, կիսատ-պռատ, որոշ դեպքերում էլ ուղղակի սխալ մեկնաբանություններում ու «փաստերով» է ներկայացրել Չախալյանի ազատումն ու դրա հետ կապված դեպքերը, թե իբր Չախալյանն ազատվել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլուՙ Երեւան այցելության ժամանակ կայացված որոշմամբ, դրա համար խնդրանքով դիմել է Ամենայն հայոց կաթողիկոսը այն դեպքում, երբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ու իր թիմակիցներն էլ այդ ամենում տեսել են «Ռուսաստանի ձեռքը» կամ «թաթը», եթե կուզեք:

Այս առնչությամբ պարբերականը ներկայացրել է, որ խուլիգանության ու անօրինական զենք պահելու մեղադրանքներով դատապարտված Չախալյանին Սաակաշվիլին «Վրաստանի թշնամի» ներկայացրեց, մինչդեռ Իվանիշվիլու կողմնակիցները քաղբանտարկյալի ազատ արձակումը դիտարկում են որպես արդարադատության վերականգնում: Ասել է թե վրաց հասարակությունը Չախալյանի հարցում կիսվել ու միմյանց դեմ է հանդես գալիս:

Այդ հանգամանքը նաեւ արտահայտվեց, երբ Ռուսաստանի ջավախքյան սփյուռք կազմակերպությունը առաջարկով դիմեց վրացական կառավարությանը` Ջավախքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին: Սաակաշվիլին, որ ժամանակին ամեն ինչից խոսում էր ու խոստանում, միայն թե Ջավախքում իրեն վերագրվող գրեթե 100 տոկոս ձայները այդուհետեւ արդարացնելու անհրաժեշտություն չառաջանա, Ջավախքում ազատ տնտեսական գոտու գաղափարը գրեթե «անջատողական» է համարել:

Որ Սաակաշվիլին վերջին շրջանում առիթ-անառիթ անդրադառնում է Ջավախքին ու այդ համատեքստում նաեւ Չախալյանին, վկայում է հենց Վրաստանի նախագահի` իրականությունից ու տեղի ունեցող ոչ հաճելի իրադարձություններից հանրության ուշադրությունը նախ շեղելու ցանկության մասին: Միեւնույն ժամանակ, Սաակաշվիլին, ինչ հարց էլ բարձրացվի Վրաստանում հայության խնդիրների առումով, սովորություն է դարձրել դրանք Ջավախքն անկախացնելու սոուսով մատուցել, այն էլ` «Մոսկվայի դավադրությամբ»:

«Սեգոդնյա.ռու» պարբերականն էլ հիշեցրել է Ռուսաստանի ջավախքյան սփյուռքի` Ջավախքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու առնչությամբ Սաակաշվիլու հիստերիկ արձագանքը, եւ դա այն դեպքում, երբ նույն կազմակերպությունը բազմիցս ու տարբեր առաջարկներով, դիտարկումներում ու քննադատությամբ է հանդես եկել, սակայն երբեք չի արժանացել Սաակաշվիլու այնպիսի մեծ ուշադրության, ինչպես վերջին երկու շաբաթում:

Ամեն դեպքում, վրացական իրականության գործոնները կարծես փոխվում են եւ արմատապես, այնպես որ ամեն ինչում նախկինում ռուսներին, հիմա էլ Չախալյանին մեղադրող Սաակաշվիլին իսկապես հանրության ուշադրությունը շեղելու խնդիր ունի. ներկայիս իրավապահները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նախկին իրավապահների` Սաակաշվիլու թիմակիցների ու մտերիմների նկատմամբ, ընդհուպ նրանց նախկին գործերի, այդ թվում` Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան առնչությամբ հարցաքննության, ներառելով նաեւ իրեն` Սաակաշվիլուն:

Ի դեպ, Սաակաշվիլուն, նախկին պաշտպանության նախարար Մերաբիշվիլուն սպասվող ոչ հաճելի իրավիճակների մասին նշել էր նաեւ ներկայիս վարչապետ Իվանիշվիլին` իր կառավարման 100-րդ օրը: Իվանիշվիլին «վախի մեջ» ապրող Սաակաշվիլու, Մերաբիշվիլու եւ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի առնչությամբ հայտարարել էր, թե «տեղին են վախենում», քանի որ վախենալու բան ունեն:

Ու թեեւ Իվանիշվիլին նույն այդ համատեքստում նշել էր «էվոլյուցիա, ոչ թե ռեւոլյուցիա» տարբերակով այսուհետեւ առաջնորդվելու մասին, ակնհայտ է, որ Վրաստանը կրկին բռնել է ռեւոլյուցիոն ճանապարհ` թեկուզ Չախալյանի հարցում տարբեր շահերի ներքո ներկայացնելով Ջավախքն ու հայերի խնդիրները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ