843 ՀԱԶԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ԵՎ 170 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐ Ա. Մ. Էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրեց Հայաստանում զբոսաշրջության ցուցանիշները 2012-ին 2012-ին Հայաստան է այցելել 843 հազար զբոսաշրջիկ, ինչը 11,3 տոկոսով ավելի է, քան 2011-ին: Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը : Նա նշեց այն հիմնական երկրները, որտեղից առավել ակտիվ են Հայաստան այցելում` ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, Ճապոնիա, իսկ Եվրոպայից` Գերմանիա, Ֆրանսիա, վերջերս նաեւ Իսպանիա: Փոխնախարարի հավաստմամբ, նվազագույն 1, իսկ առավելագույնը 2 տարում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 1 մլն-ը: Ինչ վերաբերում է համաշխարհային տուրիզմին, ապա աճել է ընդամենը 4 տոկոսովՙ հասնելով 1 մլրդ զբոսաշրջիկի: Արա Պետրոսյանն անդրադարձավ նաեւ պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2012-ին Հայաստան ներկրված 2 զուգարանների հարցին, որոնց համար հատկացվել էր 124 մլն դրամ (340 հազար դոլար, յուրաքանչյուրըՙ 170 հազար դոլար), ասելով, որ դրանք զբոսաշրջության զարգացման համար մեծ նշանակություն ունեն: Զուգարաններից մեկը տեղակայվել է Տաթեւի ճոպանուղու, մյուսըՙ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ: Էկոնոմիկայի փոխնախարարի տեղեկացմամբՙ այդ զուգարաններում մաքրությունը պահպանելու ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվում: Դրանք կշահագործվեն ինքնաֆինանսավորմամբ` 200 դրամ վճարով: |