ՄԱՏՉԵԼԻ ՎԱՐԿԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՀ կառավարությունը եւ Հայաստանի բանկերը համատեղ նախաձեռնել են աննախադեպ վարկային ծրագիր, որի հիմնական շահառուները պետական, ինչպես նաեւ ոչ պետական բուհերի հավատարմագրված մասնագիտությունների բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներն են: «Ուսումնական վարկը կտրամադրվի ՀՀ դրամով, ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ, մինչեւ 10 տարի ժամկետով, որից ուսումնառության ընթացքում կմարվեն միայն տոկոսները (առավելագույնըՙ 4 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կկատարվեն վարկի մայր գումարի եւ տոկոսագումարների հավասարաչափ մարումներ», ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը երեկ ԿԳ նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ եւ ավելացրեց. «Վարկի առավելագույն ծավալը յուրաքանչյուր վարկառուի համար կկազմի 1 800 000 ՀՀ դրամ` կախված ուսման վարձի չափից: Վարկը կտրամադրվի 12 տոկոսով, որից պետությունը բոլոր շահառուների համար կսուբսիդավորի 2 տոկոսը, իսկ գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար` 3 տոկոսը: Վարկը կտրամադրվի անկանխիկ եղանակով. վարկի գումարը կփոխանցվի անմիջապես ուսումնական հաստատություններին»: Ա. Օսիպյանը նշեց, որ բանկերի համար շատ կարեւոր է կրթության ոլորտը, որը միշտ ուշադրության կենտրոնում են պահում: Իսկ ներկա ծրագիրն իրականացվելու է 14 առեւտրային բանկերի միջոցով: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ կարեւորեց բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունները ընդլայնելու այս քայլը եւ ընդգծեց, որ մի շարք մասնավոր բանկերում ուսանողական վարկերի մատչելիության հետ կապված կային խնդիրներ, իսկ այս ծրագիրը առավել մատչելի է դարձնում ուսանողական վարկերի մեխանիզմը եւ հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ բարձրագույն կրթություն. «Այս ծրագիրն առավել արդյունավետ է դարձնում բարձրագույն կրթության ծառայությունների մատուցումը բուհերի կողմից, ինչպես նաեւ զգալիորեն մեղմելու է սոցիալական խնդիրների պատճառով բարձրագույն կրթություն ստանալու խոչընդոտները: Կառավարությունը տարբեր մեխանիզմներ է կիրառում, որպեսզի լուծի բարձրագույն կրթության մատչելիության հարցը` որպես օրախնդիր եւ կարեւոր հարց»: ԿԳ նախարարն ընդգծեց, որ այս համալիր գործողությունների արդյունքում լավ սովորող ուսանողները խնդիր չեն ունենա բարձրագույն կրթություն ստանալու: |