RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-02-2013



Տեղադրվել է` 2013-02-07 00:21:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3070, Տպվել է` 128, Ուղարկվել է էլ.փոստով` 97

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ, ՉԻԿԱԳՈՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Կամ` ձեզ եմ դիմում, պարոնայք համանախագահներ

«Ադրբեջանը մտադիր չէ քաղաքացիական օդանավ կործանել», այս վերտառությամբ տեղեկատվություն տարածեցին ադրբեջանական, հայկական եւ միջազգային գրեթե բոլոր լրատվամիջոցները: Տոնայնության առումով դրանք տարբեր էին, հաճախ` հակոտնյա: Իսկ դրան հետեւեց այլ տեղեկություն` որ ԵՄ հատուկ բանագնաց Լեֆորը Բաքվում Իլհամ Ալիեւի հետ քննարկել է նաեւ «Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի շահագործման հետ կապված հարցը»:

Ի՞նչ հայտարարի են եկել բանակցող կողմերը կամ ի՞նչ տրամադրվածությամբ հրաժեշտ տվել միմյանց` չփորձենք գուշակել: Մեզ այլ հանգամանք է հետաքրքրում. առհասարակ ի՞նչ իրավական հիմքով է պաշտոնական Բաքուն սպառնում «թույլ չտալ» Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը: Ադրբեջանցի պաշտոնյաներն իրենց երկրի «արդարացիությունը հիմնավորում են» Չիկագոյի կոնվենցիայի սկզբունքներով եւ նորմերով: Մենք կփորձենք «կարդալ» կոնվենցիան: Եվ այսպես.

ա. Կոնվենցիան կարգավորում է փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչած երկրների միջեւ քաղաքացիական օդագնացության հետ կապված հարաբերություններ եւ ոչ մի հղում չունի, թե Ադրբեջանի եւ ԼՂՀ ներկա չկարգավորված հարաբերություններին համանման պայմաններում ինչպես են կարգավորվում օդագնացության հետ կապված հարցերը:

բ. Փաստաթղթի պրեամբուլայում ասված է, որ «քաղաքացիական ավիացիայի ապագա զարգացումը կարող է էական չափով նպաստել պետությունների եւ ժողովուրդների միջեւ բարեկամության եւ փոխըմբռնման հաստատմանը եւ պահպանմանը»: Այսինքն, կոնվենցիան ապրիորի ունի պոզիտիվ կանխադրույթ:

գ. Կոնվենցիայի 1-ին հոդվածը սահմանում է սուվերենությունը. «Պայմանավորվող պետությունները ճանաչում են, որ յուրաքանչյուր պետություն իր տարածքից վեր օդային տարածության նկատմամբ ունի լիակատար եւ բացառիկ սուվերենություն»:

դ. 2-րդ հոդվածը մեկնաբանում է, թե որն է լիակատար եւ բացառիկ սուվերենության իրավունքի տարածքը. «Սույն կոնվենցիայի նպատակով պետությունների տարածք ճանաչվում են ցամաքային տարածքները եւ դրանց հարող տարածքային ջրերը, որոնք գտնվում են տվյալ պետության սուվերենության, սյուզերենության, պրոտեկտորատի կամ մանդատի ենթակայության տակ»:

Այսինքն, կոնվենցիայի իմաստով «տարածքի եւ դրանից վեր օդային տարածության նկատմամբ բացառիկ սուվերենության» իրավունքի աղբյուր ճանաչված է ստատուս քվոն կամ դե ֆակտո դրությունը: Հակառակ դեպքում խոսք չէր լինի սյուզերենության, պրոտեկտորատի կամ ենթամանդատության` այն տարածքների մասին, որոնց միջազգային կարգավիճակը հետագայում կարող է փոխվել:

Կոնվենցիային միանալու պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը եւ դրանից վեր օդային տարածությունը դե ֆակտո չի գտնվել եւ չի գտնվում Ադրբեջանի սուվերենության, սյուզերենության, պրոտեկտորատի կամ մանդատի ենթակայության տակ:

«Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» Միավորված ազգերի կազմակերպության հռչակագրի իմաստով, որը միջազգային իրավունքի` բոլոր պետությունների կողմից ճանաչված, միակ օրինական մեկնաբանությունն է, «պետությունները պարտավոր են հարգել միջազգային դեմարկացիոն եւ զինադադարի գծերը, որոնց հաստատմանը նրանք ... մասնակից են»: (տես` http://sevkrimrus.narod.ru/ZAKON/deklmegd.htm)

Ըստ այդմ, ԼՂՀ տարածքի եւ դրանից վեր օդային տարածության նկատմամբ Ադրբեջանի սուվերենությունը սահմանափակված է ոչ միայն կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով, այլեւ, որ չափազանց կարեւոր է, հակամարտության գոտում 1994 թ. հաստատված հրադադարի ռեժիմի մասին Ադրբեջանի լիակատար մասնակցությամբ ձեռք բերված համաձայնություններով, որոնց օրինապատշաճ ձեւով ճանաչված կողմ է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Կոնվենցիայի իմաստով տարածքի նկատմամբ պետության սուվերենությունը, սյուզերենությունը, պրոտեկտորատը կամ մանդատն են նույն տարածքից վեր օդային տարածության հանդեպ իրավունքի աղբյուրը: Այսինքն, եթե ցամաքային տարածքը պետության սուվերեն կամ նշված որեւէ ձեւի ենթակայության տակ չէ, իսկ մեր դեպքում դա այդպես է ոչ միայն փաստացի, այլեւ հրադադարի համաձայնությունների իրավական ուժով, ապա ապրիորի նույնը վերաբերում է նաեւ տարածքից վեր օդային տարածությանը:

Եթե Ադրբեջանը հրադադարի համաձայնություններով մինչեւ խնդրի վերջնական կարգավորումը պարտավոր է հարգել դե ֆակտո` իր կողմից դե յուրե ճանաչված իրավիճակը, չի վերահսկում եւ իրավասու չէ միակողմանի քայլեր ձեռնարկելու,- հակառակ դեպքում խախտվում են հրադադարի համաձայնությունները,- եւ վերահսկելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ այլ պետությունների միջեւ ցամաքային հաղորդակցությունը «իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում», ապա նույն կերպ սահմանափակված է նաեւ այդ պետության` «իր տարածքի մի մասից վեր օդային տարածության» նկատմամբ սուվերենությունից բխող գործողությունների դիմելու իրավունքը:

Այսու` այսպես կոչված «հակամարտության գոտի» հասկացությամբ ընդգրկվող ցամաքային տարածքի եւ դրանից վեր օդային տարածության նկատմամբ Ադրբեջանի «իրավազորություն» նույնական է, եւ քաղաքացիական օդագնացության սահմանափակման Ադրբեջանի փորձերը հակասում են հրադադարի համաձայնություններով իր ստանձնած պարտավորություններին, Չիկագոյի կոնվենցիային, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին առհասարակ:

Այս նկատառումներում մենք գիտակցաբար բաց ենք թողնում կարգավորման բանակցություններում ԼՂ կարգավիճակի չկանխորոշվածության հանգամանքը: Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման քննարկումներում դա կարող է լինել հավելյալ քաղաքական կռվան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ