ԴԵՄԿՈՒՍԸ ԿԱՋԱԿՑԻ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) հանրապետական խորհրդի ընդլայնված նիստից հետո կուսակցությունը տարածել է հայտարարություն, որի մեջ ասվում է. «Գնահատելով նախընտրական ժամանակահատվածում երկրում առկա քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական իրավիճակը, փաստելով, որ վերջին 5 տարում հանրապետությունում իրականացվող բարեփոխումները վճռական ազդեցություն չեն ունեցել բնակչության կենսամակարդակը բարելավելու, սոցիալական բեւեռացումը կանխելու գործում` ՀԴԿ-ն վերահաստատում է, որ գործող համակարգի պայմաններում երկրում արմատական փոփոխությունների իրականացումն անհնար է»: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ քաղաքական այլակարծության ասպարեզում Դեմկուսը կողմ է հանդուրժողականությանը ու գտնում է, որ վաղուց ժամանակն է համալիր քայլերով մաքրելու հասարակական աղտոտված մթնոլորտը: ՀԴԿ-ն հայտարարում է, որ կաջակցի ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին այնքան ժամանակ, որքան որ նա կշարունակի իրականացնել գործողություններ երկիրն իրական զարգացման ուղի դուրս բերելու եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար: |