ԲԱՐԻ ՔԱՂԱՔԻ ԽԱՉՔԱՐԻՑ ՀԵՏՈՙ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԱՐԱ ԶԱՐՅԱՆ, Միրանո-Վենետիկ Հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող եւ Բարիում այս տարվա հունվարի 11-ին խաչքար-կոթողի բացման առիթով «Ազգ» օրաթերթի հունվարի 30-ի համարում լույս տեսած հոդվածից հետո Իտալիայի Պուլիա նահանգում անհանգիստ ու տագնապալի իրավիճակ է ստեղծվել: Խաչքարի բացման ու օծման պաշտոնական արարողության ավարտին, քաղաքապետարանի դահլիճում, Հռոմում ՀՀ դեսպանության խորհրդական Բորիս Սահակյանին է հանձնվել Բարի քաղաքի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծը, որն արդեն հաստատվել է քաղաքապետարանի ավագանու կողմից եւ մոտ ապագայում պետք է վավերացվի նախագահական խորհրդի կողմից: Այս առիթով, Բարի քաղաքում Թուրքիայի հյուպատոսությունը քաղաքապետին բողոքի նոտա է ներկայացրել, որից հետո համացանցում տեղ են գտել այս որոշման քննարկմանն ու մեկնաբանությանը վերագրվող բազմաթիվ նյութեր, որոնցում քիչ չեն բազմաբնույթ բանավեճերը: Բարիի քաղաքապետ Միքելե Էմիլիանոյին ուղղված այն հարցին, թե արդյոք տեղական կառավարման մարմինները չունե՞ն իրենց քաղաքացիներին մտահոգող ավելի կարեւոր խնդիրներ, քաղաքապետը պատասխանել է, որ ավելի կարեւոր հարց չկա, քան մեկուկես միլիոն մարդկանց սպանդը միայն այն բանի համար, որ նրանք ազգությամբ հայ էին: Ինչպես հաղորդում է իտալական «Լա Ռեպուբլիկա» թերթի փետրվարի 2-ի համարում զետեղված «Բարիի քաղաքապետարան. Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել, Թուրքիան հիմա փոխվրեժով սպառնում է» վերնագիրը կրող հոդվածը (հեղինակներ` Սերենա Ռուսսո եւ Վինչենցո Քիումառոլո) Հայոց ցեղասպանության ճանաչման լուրն առնելուն պես, Իտալիայում Թուրքիայի դեսպան Հակկի Ակիլը Բարիի քաղաքապետին նամակ է հղել` խորհուրդ տալով հետաձգել որոշման ընդունումը, որպեսզի թուրք-իտալական հիասքանչ հարաբերությունները չխաթարվեն: Դիվանագիտական բախումը հասունացել է այն աստիճանի, որ Թուրքիայի դեսպանը խորհուրդ է տալիս Բարիի քաղաքապետին` «չգործել այնպես, ինչպես դա անում են հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք փոխանակ իրենց ուժերը կենտրոնացնեն հնարավոր դեպքերի իրականության գիտական ուսումնասիրությունների պարզաբանմանը, նախընտրում են որդեգրել որոշ քաղաքական ատյանների նախասիրությունը, որոնք հույս ունեն ընտրապայքարի շրջանում ձայներ շահել»: Մինչ այս դիվանագիտական երկխոսության վերջնական պարզաբանումը Բարիի քաղաքապետարանը հստակ դիրքորոշում է դրսեւորել` ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման: Այս դիրքորոշումը պատմական ամուր հիմքեր ունի Իտալիայում: Բավական է մեկ անգամ եւս շեշտել, որ աշխարհի 17 երկրների խորհրդարաններից ու Միացյալ Նահանգների 38 նահանգներից բացի, ցեղասպանության ճանաչման պաշտոնական որոշում են ընդունել Իտալիայի շուրջ 40 քաղաքների, այդ թվումՙ Հռոմի, Միլանի, Ջենովայի, Ֆլորենցիայի, Պադուայի, Վենետիկի, Պարմայի, Ռավեննայի, Բելլունոյի, Ուդինեի, Բանյակավալլոյի, Քամպոնոգարայի, Ֆաենցայի, Ֆելտրեի, Իմոլայի, Միրայի, Ասիագոյի քաղաքապետարանները, ինչպես նաեւ Իտալիայի քաղաքապետարանների ազգային ընկերակցությունը եւ Լոմբարդիա նահանգի խորհուրդը: 1998 թվականին Իտալիայի քաղաքական տարբեր հոսանքներ ներկայացնող 170 խորհրդարանականների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկ է ներկայացվել Իտալիայի խորհրդարանին: 2000 թվականի նոյեմբերի 17-ին պատգամավորների խորհուրդը ակնառու մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Հայաստանը երախտապարտ է Իտալիայի խիզախ զավակ Ջիակոմո Գոռինիին, որը Հայոց մեծ եղեռնի տարիներին Տրապիզոնում Իտալիայի հյուպատոս էր եւ երիտթուրքերի կազմակերպած զանգվածային տեղահանման ու սպանդի ականատեսը: Առաջին համաշխարհայինի սկզբներին, երբ բախվում էին Իտալիայի եւ Թուրքիայի շահերը, Ջիակոմո Գոռինին ստիպված վերադառնում է հայրենիք եւ տեղի «Իլ Մեսսաջերո» թերթին հանձնում ցեղասպանության մասին իր տեսած մանրամասն տեղեկություններն ու նկարագրությունները: Այնուհետեւ, 1918 թվականին, լույս է տեսնում նրա վկայությունների «Մեմորիալե» վերնագրով հատորը, որը հիմք դարձավ Սեւրի, Ժնեւի ու Լոզանի պայմանագրերի խմբագրման ժամանակ: Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումից անմիջապես հետո Գոռինին հրավիրվում է Երեւան որպես Իտալիայի դեսպան, սակայն 1920 թվականին Հայաստանի խորհրդայնացումից հետո նա ստիպված վերադառնում է Իտալիա` գնահատելով ստեղծված իրավիճակը որպես «պետական վաղանցիկ իրողություն»: 91 տարեկան հասակում դադարում է բաբախել նրա սիրտը, իսկ 2001 թվականին Գոռինիի աճյունի մասունքները տեղափոխվում են Երեւան եւ ամփոփվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կողքին` «Հիշողության պատ» կոչվող տեղում: Հայկական հարցի ու ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման անգնահատելի վաստակի համար նրան շնորհվել է «Ճշմարիտ` հայերի համար» կոչումը: 1995 թվականին Ծիծեռնակաբերդի տարածքում ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանի եւ Իտալիայում «Հայերի համար ճշմարիտների կոմիտեի» նախագահ, ՀՀ պատվո հյուպատոս Պիետրո Քուչուքյանի անմիջական ջանքերով ստեղծվեց «Ճշմարիտների այգին»: 2008 թվականի հոկտեմբերի 5-ին Պադուայում հանդիսավոր արարողությամբ բացվեց «Աշխարհի ճշմարիտների այգին», որտեղ հիշատակվում են նաեւ Հայոց ցեղասպանության զոհերը: Ի դեպ, Իտալիայում մեծ համբավ է վայելում հայազգի ականավոր գրող, Պադուա քաղաքի բնակիչ Անտոնիա Արսլանը, որը հրատարակել է Հայոց ցեղասպանությանը նվիրված եւ մեծ ճանաչում ստացած մի քանի պատմավեպ, որոնցից ամենահայտնին` «Արտույտների ագարակը», թարգմանվել է շուրջ 20 լեզուներով: 2007 թվականին իտալացի ռեժիսորներ Տավիանի եղբայրները գեղարվեստական ֆիլմ են նկարահանել Արսլանի հիշյալ գրքի հիման վրա: Ավելորդ չէ նշել, որ Իտալիայում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման դժվարին գործին միշտ սատար է եղել հայ-իտալական բարեկամության «Զատիկ» ընկերակցությունը, որն իր ստեղծման օրից` 1998 թվականի մարտի 17-ից, կազմակերպված մշակութային միջոցառումների, ցուցահանդեսների, ինչպես նաեւ միջպետական, քաղաքական ատյանների, դիվանագիտական ներկայացուցչությունների հետ կատարած համատեղ հսկայածավալ աշխատանքի շնորհիվ նպաստել է պատմական Հայաստանի տարածքում հուշարձանների պահպանման ազգանվեր գործին: Դեռեւս 2001 թվականին Բարի քաղաքի հայ համայնքի առաջնորդ Ռուբեն Թիմուրյանի, ՀՀ նախկին դեսպան Գագիկ Բաղդասարյանի, ՀՀ նախկին հյուպատոս Սավինո Ջիաննելլայի եւ «Զատիկ» ընկերության ներկայիս պատասխանատու Վահե Վարդանյանի նախաձեռնությամբ ծնունդ առավ Բարի քաղաքում խաչքար կանգնեցնելու հրաշալի գաղափարը, որը իրականացրեց ճարտարապետ Աշոտ Գրիգորյանը: Խաչքարի բացման արարողությունը տեղի ունեցավ վերջերս: Նկար 1. Վահե Վարդանյան, Ռուբեն Թիմուրյան, Միքելե Էմիլիանո եւ հայր Լորենցո: |