ԱՐԴԻ ՀԱՅ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄՏՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄԱՐՈՒՄ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ «Կամարի» հերթական 17-րդ համարը փակում է 2012 թվականը, արձանագրում մեր գրատպության շնորհիվ մարդկային քաղաքակրթության պատմության մեջ հայկականի հետքը թողնելու նշանակությունը եւ ձեւակերպում տարվա հոբելյանական ձեռնարկների ընդհանուր պատգամըՙ «Հայ գիրքը դարձնել ամէնօրեայ մշտնջենական ներկայութիւն մեր անհատական եւ հասարակական կեանքին մէջ»: Համարի բովանդակության ցանկը ընթերցողական որոշակի հետաքրքրություն է խոստանում, ընդգրկելով անուններ, որոնց գրչի որակն այսպես ասած արդեն փորձված է, իսկ նոր անուններն ինքնին բացահայտման հետաքրքրությունն ունեն: «Կամարին» պարբերական աշխատակցություն ապահովում են մի շարք գրողներ, հրապարակագիրներ, լեզվաբաններՙ ինչպես Հայաստանից, նաեւ սփյուռքից (Ն. Ադալյան, Խ. Խաչեր, Խ. Տետեյան, Պ. Սիմոնյան, Հ. Նագուլյան, Ա. Արծրունի, Ա. Եղիայան, Պ. Աղբաշյան): Այս թողարկման գեղարվեստական բաժնի չափածո մասը ներկայացնում են բանաստեղծներ Հենրիկ Էդոյանը, Հակոբ Պալյանը, Հարություն Նագուլյանը, Վաչե Պետրոսյանը: Հ. Էդոյանի վերջին շրջանի անտիպ այս գործերը կյանքի ճամփաբաժաններին ու սահմաններին գտնվողի պատկերային խոհեր են, կարճ, սեղմ տողերի մեջ ապրածն իմաստավորելու կամ «իմաստազրկելու» ներքին «թափառումների»ՙ պրոեկցիայի արտահայտությունՙ հաճախ վերացարկման, երբեմն էլՙ շատ որոշակի խոսքի միջոցով: Խաչիկ Տետեյանը ապրումի ու զգացումի (անցնող սերեր, բաժանված ճամփաներ, մենակություն) վրա կառուցված քնարական ներհուն վիճակներ է ներկայացնում: Արձակի բաժնում հանդիպում ենք Նորայր Ադալյանին («Որոշեց սպաննել»), Էդուարդ Ա. Գրիգորյանին («Ծաղկադաշտը»), Հակոբ Ադամյանին («Չախմոխ կ՚ ունէ՞ս»), Խաչիկ Խաչերին («Շահ-Մաթ»), Պերճուհի Ադամյանին («Անակնկալը») եւ ուրիշների: Ն. Ադալյանի վերոնշյալ պատմվածքը, ինչպես նախորդ համարներում տպագրվածները, դարձյալ «պեղումնաբանություն» է մարդկային հոգու բարդ կառույցում. գրողն աշխատում է մարդու ենթագիտակցական շերտերի հետ եւ հատկապես հիվանդագին, պաթոլոգիկ երեւույթներ է ի հայտ բերում (ուշադիր հետեւելիս դրանք կարծես օրինաչափ են): Թվում էՙ սեւեռված է կին-տղամարդ հարաբերությունների սեռային-սիրային, այս պատմվածքումՙ խանդի դրսեւորումների նկարագրություններում. իրականում գրողը բացահայտում է մարդու ներքին կյանքի, նրա մտքի, երեւակայության այն ուժը, որը կարող է ինչպես արարող, այնպես էլ կործանող լինել, ուղղվելով ինքն իր դեմ, սպանել ինքն իրեն: «Լիբանանյան գրականություն» բաժնում Սարգիս Կիրակոսյանի թարգմանությամբ տպագրվել են Լիբանանի ժամանակակից բանաստեղծ Ապտո Լապաքի գործերից. անցյալ տարի նա Ստեփանակերտում եւ Շուշիում տեղի ունեցած պոեզիայի միջազգային առաջին փառատոնի մասնակիցներից էր: Համարի «Քերականագիտական բաժինը» վարում է Արմենակ Եղիայանը, որն անդրադառնում է հայերենի հոգնակի գոյականակերտՙ եր, ներ մասնիկների բավականին տարածված սխալ գործածության դեպքերին եւ հանգամանորեն ներկայացնում է ընդհանուր կանոններից շեղված բառերի գրության ճիշտ ձեւերը: «Գրախոսական» խորագրի ներքո տպագրված է Պարույր Աղբաշյանի հոդվածըՙ Վաչե Սեմերճյանի «Յիշատակելի դիմաքանդակներ» մեծադիր գրքի առիթով, որտեղ հեղինակը բնութագրվում է որպես «զօրաւոր անհատականութեան տէր, անտեղիտալիօրէն վճռական եւ անշեղ գաղափարախօս», հայ դպրոցին, մամուլին ու մշակույթին նվիրումով ծառայած անձնավորություն: Իր գրքում Սեմերճյանը հանրագումարի է բերում սփյուռքի ազգային-հասարակական գործիչների, խմբագիր-հրապարակագիրների պատկառելի մի խումբ, որոնց մեջՙ ինչպես իր ուսուցիչներն ենՙ Գերսամ Ահարոնյան, Օննիկ Սարգիսյան, Արա Թոփչյան, նաեւ գաղափարակիցներըՙ Անդրանիկ Անդրեասյան, Երվանդ Ազատյան, Հայկաշեն Ուզունյան, Ալեք Գլճյան, Նուբար Ակիշյան, Երվանդ Պապայան եւ մտերիմներըՙ Օշին Քեշիշյան, Հարութ Երեցյան, Սարգիս Վահագն, Զավեն Մսըրլյան, Արամ Սեփեթճյան եւ ուրիշներ: «Նկարչական» խորագրի տակ Հրազդան Թոքմաջյանը ներկայացնում է Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում պահվող «Խաչելություն» սրբապատկերի վերականգնողական աշխատանքների ժամանակ ծխի, մոմի հաստ շերտի տակից իր հայտնաբերած անհայտ հեղինակի անունը: Հետագայում «Այնթապի ասեղնագործություն» գրքի նյութերը հավաքելիս նա հանդիպում է Տիգրան Չաքմաճյանի գրությանը, որը տեղեկություններ էր պարունակում անհայտ նկարչիՙ Գրիգոր Գաբրիելի մասին: «Նամականին» շարունակում է Բախտիար Հովակիմյանի ներկայացրած «Գրիգոր Զօհրապը եւ Վարդգէսը Հռիփսիմէ Սերենգուլեանի նամակներում» հրապարակումը, եւս մի շատ տպավորիչ ու ազդեցիկ նամակ ֆրանսիացի բանաստեղծ Շառլ Բոդլերիցՙ ուղղված գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագներին (Պարգեւ Շահբազյանի թարգմանությամբ եւ ծանոթագրությամբ): Նամակը, որ գրվել է Փարիզում Վագների տված երեք համերգների ունկնդրությունից հետո, ոչ միայն մտավորականի անկեղծ հիացմունքի խոստովանությունն է արտահայտում, նաեւ ժամանակի հասարակության, մամուլի ու մտավորականության վերաբերմունքը: «Ես այն տարիքին եմ, երբ հռչակաւոր մարդկանց նամակ գրելն այլեւս դադարում է զուարճանք լինելուց եւ ես երկար ժամանակ կը վարանէի նամակով իմ հիացմունքն արտայայտել ձեզ, եթէ ամէն օր իմ աչքերը չընկնէին ծիծաղելի եւ անարժան այնպիսի յօդուածների վրայ, ուր հնարաւոր բոլոր ջանքերն ի գործ են դրւում անարգելու, անուանարկելու համար ձեր հանճարը»: «Այս բոլոր տխմարներից տարբերւելու համար» նա այսպիսի տողեր է ուղղում կոմպոզիտորին. «Ձեր գործերի մէջ ես ամէնուրեք զգացել եմ մեծ ձայների, մեծ աղմուկների հանդիսաւորութիւնը, բնութեան մեծ երեւոյթների շքեղութիւնը, մարդու մեծ կրքերի հանդիսաւորութիւնը...»: Հետաքրքրական է բոդլերյան նամակի հետգրության ակնարկը. «Ես չեմ աւելացնում իմ հասցէն, որովհետեւ մի գուցէ կարծէք, թէ ինչ-որ բան ունեմ ձեզնից խնդրելու»: «Կամարի» եզրափակող էջերը տրամադրված են գրական-մշակութային վերջին իրադարձությունների (հոբելյաններ, մահազդեր, գրքի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ) համառոտ արձագանքներին եւ սփյուռքյան հրատարակություններին: Հանդեսի այս համարի գեղանկարչական ձեւավորումն ապահովել են Պետրոս Կոնտրաճյանի, Հարություն Նագուլյանի, Գրիգոր Նորիկյանի, Գրիգոր Գաբրիելյանի գործերի վերատպությունները: Հրատարակության եւ բարձրորակ տպագրության հովանավորՙ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկություն: |