ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆՆ ՈՒ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵԼՈՒ ՄԵՋ Հ. Հ. Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը համոզված էՙ մինչ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը գործարք է տեղի ունեցել ԱԻՄ առաջնորդի եւ իշխանության միջեւ: Սեդրակյանը հիշում է Հայրիկյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա «մարգարեացել է»ՙ հայտարարելով, որ եթե թեկնածուներից մեկի առջեւ անհաղթահարելի խոչընդոտներ են առաջանում, ուրեմն օրենքով պետք է ընտրությունները վերսկսվեն: «Դրանից մի քանի ժամ հետո նա հարձակման է ենթարկվում, իսկ մի քանի օր հետո չի օգտվում իրավունքից: Թեեւ ասում է, որ կան անհաղթահարելի խոչընդոտներ, բայց չի օգտվում, գոնե ասերՙ անհաղթահարելի չէ: Որեւէ միջին կետի վրա կանգ են առել իշխանությունն ու Պարույր Հայրիկյանը», ասաց Սեդրակյանըՙ հավելելով, որ կգա մի օր, երբ հանրապետականներից մեկը կգնա գործադիր մարմին, եւ Հայրիկյանին կտեսնենք պատգամավորի կարգավիճակում այնուհետեւ որեւէ պաշտոնում: Էպոսագետը վստահ է, որ իշխանությունների հետ պայմանավորվածություններ ունեն նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը: Սեդրակյանի խոսքերովՙ կատարվածը «ղսմաթի» պես մի բան է Հայրիկյանի համար, եւ նա փորձել է օգտվել մահափորձից: Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն էլ վստահ է, որ Հայրիկյանի բերանով իշխանություններն են խոսում: Հարությունյանը վստահ է, որ մահափորձից հետո, երբ Հայրիկյանը մեղադրեց Ռուսաստանին, այդ երկրի հետ մեր հարաբերությունները կասկածի տակ դրվեցին: Նա խորհուրդ է տալիս Հայրիկյանինՙ հապշտապ ենթադրություններ չանել, իսկ գործող նախագահինՙ հրապարակավ հայտարարել, որ չի ընդունում Հայրիկյանի տեսակետը: |