La Repubblica. «ՊԱՊԸ ՀԵՌԱՑԱՎ ԱՐՎԱՄՈԼՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ» Եվրոպական լրատվամիջոցները Վատիկանից մեկնաբանություններ են ակնկալում La Repubblica թերթի այն հրապարակման կապակցությամբ, ըստ որի Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը գահից հրաժարվել է արվամոլական սկանդալի պատճառով: Թերթի հաղորդումների համաձայն, Վատիկանում բացահայտվել է արվամոլ բարձրաստիճան հոգեւորականների ցանց: Ոմանք նաեւ մեղադրվում են Վատիկանի ունեցվածքի հափշտակման մեջ: Առայժմ պաշտոնավարող Բենեդիկտոս 16-րդի ներկայացուցիչը հրաժարվել է հաստատել կամ հերքել իտալական թերթի հրապարակած տեղեկությունները: Ի դեպ, թերթը նշում է, որ պապը պաշտոնաթողության որոշումն ընդունել է 2012 թ. դեկտեմբերի 17-ին: Այդ օրը նա հաշվետվություն էր ստացել երեք կարդինալներից, որոնք զբաղվում էին այսպես կոչված «Վատիլիքսի» գործով: Ամեն ինչ սկսվել էր անցյալ տարվա մայիսին, երբ պապի սենեկապան Պաոլո Գաբրիելեն գողացել էր Վատիկանի գաղտնի փաստաթղթեր եւ դրանք հանձնել էր լրագրողներին: Երեք կարդինալների հանձնաժողովի կազմում էին Իսպանիայի ներկայացուցիչ Խուլիան Խեռանսը (ղեկավար), Պալերմոյի նախկին արքեպիսկոպոս Սալվատորե դի Ջորջին եւ Սլովակիայի կարդինալ Յոզեֆ Տոմկոն: Պապին ներկայացված գործը երկհատոր էր եւ ընդհանուր առմամբ 300 էջ ունի: Թերթը պնդում է, որ այն փոխանցվելու է պապի իրավահաջորդին: Գործը տեղեկություններ է պարունակում Վատիկանում հոգեւորականների ինչ-որ ոչ պաշտոնական խմբավորումների ձեւավորման մասին: Դրանց որոշ անդամներ միավորվել են ըստ ոչ ավանդական սեռական կողմնորոշման: Սպասվում է, որ պապը Վատիկանից հեռանալու վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կանի փետրվարի 28-ին: Նոր պապի ընտրությունը տեղի կունենա մարտին նախատեսված կարդինալների ժողովում: |