ԿՈՄԱՆԴՈՍ. «ԱՍԵԼ ԵՆՙ ՔԱՆԻ՞ ԳԼՈՒԽ ՈՒՆԵՔ, ՈՐ ԱԶԱՏԵԼ ԵՔ ՇՈՒՇԻՆ» Հ. Հ. Արդեն երրորդ օրն էՙ բանավեճ է ծավալվել Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի եւ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի միջեւ: «Ազգ»-ն այդ հեռակա, ասուլիսային բանավեճին անդրադարձել է նախորդ համարներում: Հիշեցնենք, որ Արցախյան ազատամարտի 25-ամյակին Կոմանդոսը հայտարարել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ է եղել տարածքներ ազատագրելուն, նա ընդամենը փորձում էր հասնել խարխուլ խաղաղությանՙ ձգտելով պահպանել Արցախն Ադրբեջանի կազմում: Աշոտ Մանուչարյանի գնահատմամբՙ Կոմանդոսին քայքայիչ ուժերն են օգտագործում, որպեսզի նա նման հայտարարություն անի: Թեպետ «Ազգ»-ի հետ զրույցում Կոմանդոսը հայտարարել էր, որ փաստաթղթեր կներկայացնի եւ կբացահայտի պատերազմի մութ կողմերը, սակայն երեկ կայացած ասուլիսի ժամանակ որեւէ նոր բացահայտում նա չարեց: «Նախորդ իշխանությունը դեմ էր խոշոր օպերացիաների իրականացմանը: Նրանք ամեն կերպ խանգարում էին մեզ: Նրանք պետք է խոստովանեն իրենց սխալները: Ես քաղաքական հարցեր չեմ բարձրացնում, ես քաղաքական գործիչ չեմ, ես զինվորական եմ, նրանց մոտ դա քաղաքականություն էր, ինչո՞ւ են հիմա հրաժարվում դրանից: Թերթը կա, տպագրված է, որտեղ նրանք ասել են, թե քանի՞ գլուխ ունեք, որ ազատել եք Շուշին», ասաց Կոմանդոսը: «Ես կրկին հաստատում եմ, որ 1992-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ներքին գործերի նախկին նախարար Աշոտ Մանուչարյանը դեմ են եղել Խոջալուի եւ Շուշիի ազատագրմանը: Եվ մինչեւ Խոջալուն եւ Խոջալուից հետո էլ են ցանկացել կասեցնել գործողությունները: Պատերազմական գործողություններ էին գնում, օպերացիան սկսվեց գիշերը ժամը 4-ին, ժամը 7-ին Տեր-Պետրոսյանը պահանջում էր, որ դադարեցվեն պատերազմական գործողությունները: Նախորդ իշխանությունները փորձում էին հարցը լուծել խաղաղ ճանապարհով, փորձում էին Ղարաբաղը թողնել Ադրբեջանի տարածքում», ասաց Կոմանդոսըՙ հավելելով, որ սրանք ընդամենը մի քանի փաստեր են, ու եթե նախորդ իշխանությունները շատ են ցանկանում, ապա ինքը այլ մանրամասնություններ էլ կարող է հաղորդել: «Это еще цветочки», եզրափակեց Կոմանդոսը: |