RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-02-23 00:17:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 2226, Տպվել է` 94, Ուղարկվել է էլ.փոստով` 92

ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆ. «ԿՈՄԵՐՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՉԵՄ ՄՏԱԾԵԼ, ՉԵՄ ԷԼ ՄՏԱԾԵԼՈՒ: ԿՈՄԵՐՑԻԱՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՌԱԲԻՍՆ Է»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Երգիչ Արթուր Իսպիրյանը թողարկել է նոր խտասալիկ, որը կոչվում է «Ժամանակին Երեւանում»: Այն բաղկացած է 11 երգերից, եւ Մարտին Վարդազարյանի ու Երվանդ Երզնկյանի համատեղ համագործակցության արդյունքն է:

Արթուր Իսպիրյանը թողարկել է մի շարք ձայնասկավառակներ, որոնցում ներառված են տարբեր ժամանակաշրջանների էստրադային գործեր:

«Ձայնասկավառակներ եմ թողարկել, որոնցում ներառված են 1980-ականների, իսկ մյուսում` 60-ականների հայկական էստրադայի լավագույն ստեղծագործությունները:

Էլ ավելի հետ գնալով ձայնագրեցի նաեւ 50-ականների էստրադային երգերը: Դրանից հետո էլ Մարտին Վարդազարյանի եւ Երվանդ Երզնկյանի հետ զրուցեցի` իմանալու, թե դրանից առաջ ինչ է հնչել հայկական էստրադայում: Ժողովրդական երաժշտությանը ծանոթ ենք, սակայն հայկական էստրադայի սկզբին, առաջին գոհարներին ծանոթ չենք: Հրաշալի եւ բանիմաց կոմպոզիտոր, անցյալը շատ լավ իմացող Մարտին Վարդազարյանն ավելի շատ բան գիտի այդ երաժշտության մասին, քան մեր արխիվներում կա, ու մենք գտանք ամենահին երգերը` գրամաֆոնային ձայնագրությունները: Արդյունքում հավաքեցինք լավագույները եւ ստեղծվեց «Ժամանակին Երեւանում» ձայնասկավառակը»:

Մի առիթով Արթուր Իսպիրյանն ասել էր, որ «Inspiration» ձայնասկավառակից հետո նոր ձայնասկավառակ չի ձայնագրելու: Թե ո՞րը եղավ պատճառը եւս մեկը ձայնագրելու հարցին ի պատասխան, նա ասաց. «Inspiration» ձայնասկավառակի վրա շատ աշխատեցի: Սակայն ձայնասկավառակը թողարկելուց հետո ինձ մոտ դատարկություն էր, այդ իսկ պատճառով որոշեցի եւս մի ձայնասկավառակ թողարկել»:

Ա. Իսպիրյանն ստեղծագործելիս երբեք կոմերցիայի մասին չի մտածում. «Ջազային երաժշտությունը, տրիոները երբեք կոմերցիոն չեն եղել: Իմ արվեստը եւս եկամտաբեր երբեք չի եղել եւ չեմ էլ սպասել եկամուտի: Ես իմ պարտքն եմ կատարում: Այժմ շատ բան է փոխվում, ձայնասկավառակային դարն արդեն անցնում է, մարդիկ էլ չեն գնում այն, տարբեր կայքերում տեղադրելով են երգերը վաճառվում: Իմ բոլոր ձայնասկավառակները ամերիկյան կայքերում են վաճառվում եւ այդ տարբերակով են երաժիշտների մի մասը գումար վաստակում: Կոմերցիայի մասին չեմ մտածել, չեմ էլ մտածելու: Կոմերցիան ինձ համար ռաբիսն է»:

Արթուր Իսպիրյանի հաջորդ ձայնասկավառակը կազմված կլինի դուետներից, որի վրա շատ դանդաղ է աշխատում. «Դուետներ կլինեն շատ տաղանդավոր երգիչ-երգչուհիների հետ` անգլերեն լեզվով: Կհնչեն ամենահայտնի երգերը, անհայտ կատարողների հետ, որոնք կլինեն նոր ձեւաչափով` ռիթմը փոխված»:

Ինչպես «Ազգին» հաղորդեց երգիչը, ձայնասկավառակի միջոցով նա իր բողոքն է արտահայտելու, որ տաղանդաշատ երիտասարդները մնում են էկրանից այն կողմ: «Արդեն երեք երգ ձայնագրել եմ` Անուշ Բադալյանի, Ալիսա Դարբինյանի հետ: Հաջորդ երգի համար կատարող եմ փնտրում եւ երբեմն երգի բառերը թույլ չեն տալիս, որպեսզի 18 տարեկանի հետ երգես»: Թե ինչպես կկոչվի հաջորդ ձայնասկավառակը, երգիչը դեռ չի որոշել. «Անվանումը որոշում եմ այն ժամանակ, երբ ձայնասկավառակը պատրաստ է լինում»:

Ա. Իսպիրյանն իր ժողովրդին համարում է շատ տաղանդավոր եւ երաժշտական, ուղղակի, ըստ նրա, հարկավոր է ճիշտ ուղղություն ցույց տալ երիտասարդությանը. «Մի շարք երկրներում եմ եղել եւ այնպիսի ազգ չեմ ճանաչում, որ այսքան քիչ լինելով հանդերձ նման տաղանդավոր արվեստագետներ ունենա»:

Երգիչն իրեն մելոման է համարում, ինչպես նաեւ, ինչպես ինքն է ասում, հստակորեն տարբերում է երաժշտական ժանրերը, սակայն այսօրվա «հայկական էստրադա» կոչվածը, ըստ նրա, ոչ մի ժանրի չի պատկանում. «Այսօրվա հայկական էստրադան նոր «մշակույթ» էՙ անհայտ ծագումով եւ անգրագետ ձեւով մատուցվող: Երկար տարիներ ապրել եմ ԱՄՆ-ում եւ կարող եմ ասել, որ այնտեղի անվանի աստղերը միշտ գլուխ են խոնարհում այն երաժիշտների առջեւ, որոնցից սովորել են: Չկա այնպիսի լավ երաժիշտ, որը որեւէ մեկից սովորած չլինի: Ցավոք, այսօր մեր երաժիշտները մեկը մյուսից են սովորում, չեն ցանկանում անցյալը հիշել եւ լսել»,- եւ ավելացրեց. «Այն ինչ ցուցադրվում է հեռուստատեսությամբ, ոչ մի կապ չունի մեր արվեստի հետ: Մեր ակումբներում հնչում է հրաշալի եւ պրոֆեսիոնալ երաժշտություն, Հայաստանում հրաշալի դասական, ջազային համերգներ են տեղի ունենում, ունենք նաեւ հիանալի երաժիշտներ, որոնց չենք տեսնում հեռուստատեսությամբ»:

Արթուր Իսպիրյանը հույս հայտնեց, որ դեռ կլինի մեկը, որ կվերականգնի մեր հեռուստատեսությունը եւ կցուցադրի իսկական մշակույթ:

Երգիչը հայտնեց եւս մի նորությունՙ դա «Հիշում ես դու» ֆիլմն է. «12 րոպեանոց ֆիլմ ենք նկարահանել` նվիրված Արտեմի Այվազյանին: Գլխավոր դերակատարը ես եմ եւ ֆիլմում երգում եմ 3 երգ նրա ստեղծագործություններից` «Հիշում ես դու», «Ուր ես դու», «Զարո», վերջինս նվիրված է Ա. Այվազյանի կնոջը»:

Իսպիրյանը նշեց, որ դիմել է մշակույթի նախարարությանը, որն աջակցել է Արտեմի Այվազյանի 110-ամյակին նվիրված տեսաֆիլմի արտադրմանը: Ֆիլմը նկարահանեց Հրանտ Մովսիսյանը: Իսկ Արտեմի Այվազյանի թոռնիկը մանրամասն պատմեց պապի մասին, թե ի՞նչ էր հագնում, ուտում, սիրում, ովքեր էին նրա հյուրերը, ի՞նչ էր սիրում անել օրվա ընթացքում: Այդ ամենը ուսումնասիրելուց հետո ընտրեցին փոքրիկ սենյակ, որը շատ նման էր Արտեմի Այվազյանի սենյակին»:

Ընդգծենք, որ տեսաֆիլմը նկարահանվել է 4 օրում: Ֆիլմը եթերով ցուցադրելու համար Ա. Իսպիրյանը չգիտի, թե ում դիմի. «Այդ ֆիլմը չի սազում այսօրվա հեռուստաալիքներին: Չեմ պատկերացնում, թե այդ անմակարդակ սերիալներից հետո ինչպես պետք է այդ ֆիլմը ցուցադրվի: Միակ հեռուստաալիքը, որ ողջունեց այդ քայլը, դա ԱՐ-ն էր: Հ2-ն էլ մի անգամ ցուցադրեց: Այսօրվա հեռուստաընկերությունների ղեկավարներին չեն հետաքրքրում անցյալի գոհարները»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ