RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013



ԻՐԱՎԻՃԱԿ

Տեղադրվել է` 2013-02-23 00:17:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1532, Տպվել է` 69, Ուղարկվել է էլ.փոստով` 88

ՍԱՀՄԱՆՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իրականում մեր երկիրը, անկախ նրանից, որ «80 տոկոս» հավաքած նախագահի թեկնածուն էլի Ազատության հրապարակում է, ոչ թե Բաղրամյան 26-ում, փոխվել է: Օրինակՙ հինգ տարի առաջ անհնարին էր, որ «հաղթած թեկնածուն», թեկուզ «հարյուրհազարավոր» հանրահավաքավորների գլուխն անցած, կտրի անցնի Ազատության հրապարակ-Բաղրամյան 26 ճանապարհն ու հանդիպի գործող նախագահի հետ, տեղի ունենա ձեռքսեղմում, նախկին մրցակիցները ժպտան միմյանց... Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ ուրեմն մեր իշխանությո՞ւնն է փոխվել, թե ընդդիմությո՞ւնը, այդքան էլ էական չէ, թերեւս այս հարցադրումն էլ ճիշտ չէ, կարեւորը մեկ այլ բան է` պարզապես մեր երկիրն է փոխվել, ու սա պետք է ընդունել:

Սակայն այս փոփոխությունը ամենեւին էլ ակնառու չէ սահմանին: Այնտեղ, ինչպես հինգ-տասը տարի առաջ կրակում էին, այդպես էլ հիմա կրակում են: Մասնավորաբար, այն ժամանակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը, չընդունելով ընտրությունների արդյունքները, հանրահավաքների շարք սկսեց Ազատության հրապարակում, Տավուշի մարզում (ոչ թե ԼՂՀ-Ադրբեջան սահմանին, այլ հենց Հայաստան-Ադրբեջան սահմանին), ադրբեջանական կողմի դիպուկահարը երկու ժամը մեկ կրակ էր բացում, Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղի խաղաղ բնակիչը վիրավորվեց սեփական խաղողի այգում աշխատելիս: Հատկանշական է, որ սահմանում տիրող իրավիճակը մշտապես եղել է մեզ համար ներքին քաղաքական, քաղաքացիական անհնազանդությունը ճնշելու հրաշալի հիմնավորում: Մասնավորաբար, երբ ցանկություն է եղել ցրելու բողոքող, ընդդիմադիր, պատռելու-կոտրելու պատրաստ կրքոտ հանրահավաքավորներին, մշտապես ի ցույց է դրվել հենց սահմանը, ու երբ հանրահավաքի կազմակերպիչները փորձել են իրենց հետեւից ամենուր եկող հանրահավաքավորներին ցրել, համոզել, որ տուն գնան, կրկին խոսել են սահմանում տիրող իրավիճակից: Այսինքնՙ սահմանը մեր քաղաքական դաշտում զսպաշապիկի պես մի բան է` իշխանությունների ձեռքին ներքին լարվածություն թույլ չտալու համար, եւ ընդդիմության ձեռքին` սեփական նահանջն արդարացնելու համար:

Իրականում քաղաքական այս կամ այն բեւեռի նահանջը չի նշանակում նահանջ երկրի համար, սովորաբար, գոնե մեր պարագայում, հաճախ լինում է ճիշտ հակառակը... Ու սկսվում է ռեալպոլիտիկը: Օրինակՙ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ ինքը իշխանությունների հետ փոխհամաձայնության տարբերակներից մեկը տեսնում է այն, որ գործող նախագահը (նկատի ունի Սերժ Սարգսյանին` ի դեպ) կազմակերպի նոր խորհրդարանական ընտրություններ: Մարտիրոսյանն այդ մասին իհարկե ոչինչ չի ասել, բայց մենք հասկանում ենք, որ նոր խորհրդարանական ընտրություն կնշանակի նոր խորհրդարան, ինչն էլ կնշանակի կոնկրետ «Ժառանգության» ավելի մեծ թվով պատգամավորներ: Մյուս կողմից, Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Րաֆֆին ոչ ցանկանում է վարչապետ դառնալ, ոչ էլ ցանկանում է ժողովրդին ոտքի հանել... Հետեւաբար, եթե Հովիկ Աբրահամյանը գիտի, որ Րաֆֆին վարչապետ դառնալ չի ցանկանում, ուրեմն Հովիկ Աբրահամյանը գիտի նաեւ, որ Րաֆֆիին նման առաջարկ արվել է, որից «Ժառանգության» առաջնորդը փաստորեն, հրաժարվել է... Ինչեւէ, սա քաղաքականություն է, իսկ այն, ինչ այսօր հայտարարել է սահմանամերձ Մովսես գյուղի գյուղապետը, ամենեւին էլ քաղաքականություն չէ: Գյուղապետն ասել է. «Մենք այստեղ միտինգ չենք անում, մենք այստեղ սահման ենք պահում»... Լավ է, լավ է, որ մեր երկիրը մի փոքր փոխվել է, եւ որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր քաղաքականություն չեն անում, այլ ուղղակի սահման են պահում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ